211652_close_icon
views-count1478 դիտում article-date 16:46 25-11-2019

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարը ողջունել է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, նախարարի տեղակալներ Արմեն Աբրոյանը և Գեղամ Վարդանյանը մասնակցել են Գյումրիում անցկացվող «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով համաժողովին։ 2019թ համաժողովի առանցքային թեման մարզային բարձր տեխնոլոգիական կրթական մոդելների մշակումն է՝ միջազգային գործընկերների և բուհերի հետ համագործակցությամբ։ Նախարար Հակոբ Արշակյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին և բարձրաստիճան հյուրերին, կարևորել է նման միջոցառման անցկացումը Գյումրիում՝ ընդգծելով, որ այն տեխնոլոգիական առաջատար քաղաքներից է դառնում: «Մենք առաջնահերթ ենք համարում մարզերի զարգացումը՝ ստեղծելով նոր կրթական կենտրոններ Երևանից դուրս, որոնց հիման վրա միջազգային և տեղական տեխնոլոգիական ընկերությունները իրենց գիտահետազոտական կենտրոններն են հիմնում։ Հայաստանում մարդկային տաղանդն է, որ ամենամեծ առավելությունն է տալիս, և տաղանդավոր մարդիկ են, որոնք կարողանում են արագ ընկալել, սովորել, ստեղծագործ մտքով է´լ ավելի զարգացնել աշխարհում եղած տեխնոլոգիաները։ Սա է տալիս մեզ այն վստահությունը, որ Հայաստանը պետք է դառնա բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր՝ իր ետևից տանելով նաև թվայնացման, ռազմարդյունաբերության ճյուղերը պետության և տնտեսության բոլոր բնագավառներում»,-նշել է նախարարը: Դիմելով համաժողովին մասնակից ուսանողներին և աշակերտներին՝ հաջողության հասնելու գործում նախարարն ընդգծել է անհատական ջանք գործադրելու կարևորությունը: Նա կոչ է արել երիտասարդներին՝ բուհում ստացած հիմնարար կրթությունից բացի, գիտելիք ստանան ամենօրյա և ամենժամյա անհատական ջանքի շնորհիվ, հնարավորին չափ շատ մասնակցեն կրթական ծրագրերի, առնվազն երեք լեզու սովորեն՝ ավելի արագ տիրապետելու նոր տեխնոլոգիաներին: «Մեզանից յուրաքանչյուրն իր շուրջը կարող է ստեղծել այնպիսի նորարարական տեխնոլոգիա, որը Հայաստանի ամբողջ տնտեսությունը կկարողանա տանել իր ետևից: Այդպիսի օրինակներ մեր շուրջը շատ կան»,-նշել է նախարարը: Հակոբ Արշակյանը, որպես օրինակ, թվարկել է հայկական ծագում ունեցող և արդեն համաշխարհային մեծ ճանաչում ունեցող այն ընկերություններին, որոնք իրենց գործունեությունը սկսել են առավելագույնը երեք նորարար մարդկանց անհատական ջանքի շնորհիվ: Նախարարը հորդորել է երիտասարդներին ուսումնասիրել նախարարության հաջորդ տարվա այն բազմաթիվ ծրագրերը, որտեղ կցանկանան ակտիվ լինել: «Մարզերում հաջորդ տարի պլանավորում ենք ունենալ նոր տեխնոլոգիաներով կրթված երեք հազար նոր քաղաքացիներ, բուհերում տեխնոլոգիական ընկերությունների մասնակցությամբ՝ նոր լսարաններ, որտեղ կկարողանաք ձեռք բերել գիտելիքներ: Գյումրու, Վանաձորի տեխնոպարկերում դասավանդում են լավագույն մասնագետները, անպայման մասնակցեք այդ դասընթացներին, դա է միակ ուղղությունը։ Մեզ անհրաժեշտ է որոշ տեխնոլոգիական զարգացումների վրայով թռիչքային զարգացում ունենալ»,-ընդգծել է նախարարը: Հակոբ Արշակյանն իր ելույթն ամփոփել է՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանն առաջիկայում կդառնա հզոր ռազմարդյունաբերական զարգացած երկիր: Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագրերի թիմի ղեկավար Էվա Մարիա Նահերը: ՀՀ բոլոր մարզերից համաժողովը հյուրընկալել է ոլորտով հետաքրքրված ավելի քան 200 երիտասարդի: Օրակարգում ներառված են պանելային 3 քննարկումներ՝ «Միջազգային աջակցություն մարզային զարգացմանը», «Մարզային բացառիկ կրթական մոդելները», «Բարձր տեխնոլոգիաների կենսական նշանակությունները» թեմաներով: Համաժողովն իրականացվում է ՁԻՀ հիմնադրամի կողմից՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության, Գերմանական զարգացման համագործակցության (GIZ)-ի կողմից, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի միջոցով։ [b]ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր