211652_close_icon
views-count1850 դիտում article-date 10:49 28-11-2019

Օմբուդսմենը «բարի ուչաստկովիի» նման մի մարդ է, որը պետք է պատժի «չարերին» և կանգնի «լավ մարդկանց» կողքին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է/ «Վերջերս նշվում էր Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմենի) ինստիտուտի ներդրման 15-ամյակը: Չնայած այս ընթացքում հնչած բազմաթիվ դժգոհություններին (որոնց մի մասն, իհարկե, արդար է), կարելի է, հավանաբար, արձանագրել, որ օմբուդսմենի պաշտոնը զբաղեցրած չորս իրավապաշտպաններն, ընդհանուր առմամբ, բարեխիղճ են կատարել իրենց պարտականությունները: Այլ հարց է, որ հասարակության մեջ առայժմ չի ձևավորվել այդ պաշտոնյայի և նրա գրասենյակի գործառույթների ճիշտ ընկալումը: Մեր քաղաքացիների մեծամասնության պատկերացմամբ, օմբուդսմենը «բարի ուչաստկովիի» նման մի մարդ է, որը պետք է պատժի բոլոր «չարերին» և կանգնի բոլոր «լավ մարդկանց» կողքին: Այսինքն՝ եթե խախտվում են հանրային բացասական ընկալում ունեցող մարդու իրավունքները, դա շատ նորմալ է, որովհետև «նրան հասնում է»: Բա որ նա այսինչ կամ այնինչ վատ արարքն էր կատարում: Մոտավորապես այդպիսի՝ «քաղաքականացված» (այդ բառի հայկական իմաստով ) պատկերացումներ ունեն նաև ներկայիս իրավապաշտպաններից շատերը: «Ժողովրդական» այս ընկալումը չի կիսում ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա, իրավապաշտպանն իրավունք չունի լինելու «թրենդի» մեջ, և այդ առումով նա Մանվել Գրիգորյանի հանդեպ վերաբերմունքը որակել է որպես խոշտանգում: Կարծում եմ, ցանկացած իրավապաշտպանի և ավելի լայն իմաստով՝ ցանկացած մտավորականի առաքելությունը հենց դա է՝ կարողանալ գնալ հոսանքին դեմ, եթե դա՛ են պահանջում համոզմունքները: Պարզ է, որ ավելի հեշտ է ամբոխի մեջ տարրալուծվելը և այսօր ընդունված մտածողության ստանդարտներով մտածելն ու գործելը: Կարծում եմ, տիկին Ալավերդյանի դեպքում կիրառելի չէ այդ ստանդարտների մեջ տեղավորվող կշտամբանքը՝ «ba inchu du Serzhi vakht dzen cheir hanum?»: Եթե մարդիկ իսկապես հետևել են լրահոսին, ապա կարող են վկայել, որ այդ իրավապաշտպանը երբեք չի լռել: Մանվել Գրիգորյանի գործունեությունը 1994 թվականի զինադադարից հետո ես խիստ բացասաբար եմ գնահատում, և դրա մասին բազմիցս գրել եմ, երբ գեներալը դեռ, այսպես ասած, «ձիու վրա էր»: (Ի դեպ, չեմ կարծում, որ նա արժանի է գեներալի կոչմանը, որովհետև այդ կոչումը տալիս են ոչ թե խիզախ կռվելու, այլ զորամիավորումներ ղեկավարելու ունակությունների և գիտելիքների համար): Բայց երբ այդ մարդուն բերում են դատարան ինչ-որ սրսկումներից հետո, շնչառական դիմակ են հագցնում, և նա միևնույն է՝ չի կարողանում դատաքննությանը մասնակցել, ես նրան անկեղծորեն կարեկցում եմ: Իհարկե, կարեկցում եմ նաև նրա զոհերին՝ այն մարդկանց, որոնց նա նվաստացրել է, վիրավորել, սպառնալիքով ստիպել անել ստորացուցիչ բաներ: Մի կարեկցանքը մյուսին չի խանգարում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր