211652_close_icon
views-count2756 դիտում article-date 22:45 02-12-2019

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը հայտնել է իր կարծիքը օրենքի նախագծի վերաբերյալ

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Քննարկման արդյունքում ձևավորված կարծիքն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն: Կարծիքի ամփոփ տարբերակը ներկայացնում ենք ստորև. ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է՝ հիմք ընդունելով իրապես անկախ, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանության ձևավորման առաջնահերթությունը և նպատակ հետապնդելով ձևավորելու ՀՀ-ում դատավորների բարեվարքության գնահատման համար անհրաժեշտ օրենսդրական գործիքակազմ: Առաջադրված նպատակի իրագործման համար Նախագծով առաջարկվում են որոշ լուծումներ, որոնք հիմնականում վերաբերում են՝ 1. դատավորների գույքային հաշվետվողականությանը. 2. դատավորների Ընդհանուր Ժողովի հանձնաժողովների կազմին, կազմավորմանը և լիազորություններին. 3. դատավորի վարքագծի կանոններին, կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերին և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգին. 4. դատավորների գործունեության գնահատման չափանիշներին, ընթացակարգին և հետևանքներին. 5. դատավորների թափուր տեղերի համալրմանը, նրանց առաջխաղացմանը: Նախագծով առաջարկվող փոփոխությունները և լրացումները ընդհանուր առմամբ ընդունելի են, սակայն դրանց կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել մի շարք դիտարկումներ, որոնք, մեր խորին համոզմամբ, ունեն էական նշանակություն, քանի որ անմիջականորեն աղերսվում են մի կողմից դատավորների բարեվարքության գնահատման համար առաջարկվող օրենսդրական գործիքակազմի արդյունավետության, մյուս կողմից դատավորների և դատարանների անկախության ապահովման անառարկելի անհրաժեշտության հետ: Հարկ ենք համարում ընդգծել, որ սույն կարծիքը պատրաստելիս, փորձել ենք հնարավորինս դուրս չգալ Նախագծով առաջարկվող փոփոխությունների և լրացումների շրջանակից՝ ակնկալելով, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք թերություններ և բացթողումներ, որոնք էապես ազդում են դատարանների և դատավորների անկախության, արդարադատության արդյունավետության և որակի վրա, առաջիկայում ևս կդառնան հանրային և մասնագիտական քննարկման առարկա: Նախագծի վերաբերյալ առկա դիտարկումները հիմնականում հանգում են հետևյալին: I. Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների գործունեության արդյունավետության ու թափանցիկության ապահովմանն ուղղված առաջարկվող լուծումներն ընդհանուր առմամբ գնահատելով դրական՝ հարկ ենք համարում ներկայացնել որոշ դիտարկումներ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ձևավորման առաջարկվող կարգի վերաբերյալ: 1) Թեև Նախագծով փորձ է կատարվել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների առաջադրումների հիման վրա ընտրված հեղինակավոր իրավաբաններ հանդիսացող երկու անդամների միջոցով որոշակի հանրային վերահսկողություն հաստատել Հանձնաժողովի գործունեության նկատմամբ՝ միաժամանակ բարձրացնելով վերջինիս հանրային հաշվետվողականությունը, կարծում ենք, որ նպատակահարմար կլինի նախատեսել Հանձնաժողովի այնպիսի կազմ, որն առավելագույնս կբացառի կարգապահական վարույթների հարուցման հարցում կորպորատիվիզմի հնարավոր դրսևորումները և կվերացնի արդարադատության նախարարի՝ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությամբ Հանձնաժողովին հակակշռելու անհրաժեշտությունը՝ պահպանելով Հանձնաժողովն առնվազն կիսով չափ դատական իշխանության ներկայացուցիչներից կազմված լինելու պահանջը (օրինակ՝ Ընդհանուր ժողովի կողմից ընտրվող 5 դատավոր անդամ և 3 իրավաբան գիտնական, ինչպես նաև ԲԴԽ կողմից ընտրվող 2 ՀԿ-րի ներկայացուցիչ կազմով): Միաժամանակ ճիշտ կլինի սահմանել նաև Հանձնաժողովի կողմից վարույթ չհարուցելու մասին որոշումները ձայների 2/3-ով ընդունելու պահանջ, որը ևս որոշ չափով կերաշխավորի կորպորատիվիստական մոտեցումների բացառումը: Մնում ենք այն համոզման, որ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ լրջորեն հավասարակշռված կազմ ձևավորելու և որոշումների ընդունման հաշվենկատ կարգ ամրագրելու պարագայում անհրաժեշտ է կրկին դիտարկել կարգապահական վարույթների հարուցման կապակցությամբ (հատկապես դատական սխալի հիմքով) գործադիր իշխանության լիազորության վերացման հարցը: Առկա կարգավորումը լրջորեն վտանգում է դատարանի ինստիտուցիոնալ անկախությունը, խարխլում է դատական իշխանության ատյանային աստիճանակարգությունը: 2) Անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված Հանձնաժողովի դատավոր և ոչ դատավոր անդամների ընտրության քվեակարգի տարբերությունը: Կարծում ենք՝ նպատակահարմար է միասնական քվեակարգի կիրառումը: Առավել հակված ենք գաղտնի քվեարկության մոդելին: Հաշվի առնելով քվեարկողների քանակը, ՀԿ-րի կողմից առաջադրված հնարավոր մի շարք թեկնածուներից երկուսին ընտրելու և յուրաքանչյուր դատավորի կողմից քվեարկությամբ ընդամենը երկու ձայն տնօրինելու անհրաժեշտությունը, ստացված ձայները հաշվելու հնարավոր դժվարությունները (հարկ է լինելու բացառել երկու ձայնից ավելի ձայն տալու հնարավորությունը)՝ շատ ավելի նպատակահարմար կլինի քվեարկությունն Ընդհանուր ժողովում իրականացնել գաղտնի կամ, եթե այդունադերձ ՀԿ-րի մասով առկա է հաշվետվողականության և թափանցիկության ապահովման անհրաժեշտություն, բաց՝ անվանական քվեաթերթիկներով: 3) Օրենսգրքի 77-րդ հոդվածի 7.1-րդ մասում առաջարկվող փոփոխության համաձայն՝ ոչ դատավոր անդամների թեկնածուներ ներգրավելու նպատակով Դատական դեպարտամենտը դատավոր անդամների ընտրությունից առնվազն երեսուն օր առաջ հայտարարում է մրցույթ, որի շրջանակներում մեկական թեկնածու կարող են առաջադրվել հասարակական կազմակերպությունների կողմից: Ընդ որում, նախատեսվում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է հաստատի մրցույթի անցկացման կարգը: Անհասկանալի է մնում նշված մրցույթի նպատակը, եթե Ընդհանուր ժողովի քննարկմանը ներկայացվող թեկնածուների թիվը որևէ կերպ չի սահմանափակվում: Եթե այդ «մրցույթի» նպատակը թեկնածուի վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի լիարժեքության և սահմանված պահանջներին համապատասխանության ստուգումն է, ճիշտ կլիներ նախ՝ հրաժարվել «մրցույթ» բառից, որի կիրառումը տվյալ իմաստով անհարկի է, երկրորդ՝ անհրաժեշտ է գործող Օրենսգրքի 99-րդ հոդվածի օրինակով սահմանել ներկայացվող պահանջներին թեկնածուի համապատասխանությունն ու փաստաթղթերի իսկությունը ստուգելու՝ Դատական դեպարտամենտի լիազորություն՝ հնարավոր մերժումները Բարձրագույն դատական խորհրդին բողոքարկելու հնարավորությամբ (կարծում ենք դատական կարգով վիճարկումն անարդյունավետ կլինի՝ հանգեցնելով գործընթացների անհարկի ձգձգմանը): 4) Նույն հոդվածում առաջարկվում է սահմանել, որ «թեկնածուների ընտրությունն իրականացվում է Ընդհանուր ժողովի կողմից՝ հաշվի առնելով թեկնածուի կրթությունը, նրա և նրան ներկայացրած կազմակերպության՝ սույն հոդվածով սահմանված պահանջներին համապատասխանությունը, քննարկման առարկա բնագավառում գործունեության փորձը, արդյունքները, ձեռքբերումները, և ուշադրության արժանի այլ հանգամանքներ»։ Նման նորմը ֆունկցիոնալ առումով անիմաստ է թվում, քանի որ ոչ ոք չի կարող քվեարկող դատավորից բացատրություն պահանջել այս կամ այն կերպ քվեարկելու կապակցությամբ: Ավելին, նման նորմի առկայությունը կարող է հիմք հանդիսանալ չընտրված, սակայն ավելի լավ կրթություն, գիտական աստիճան, քննարկման առարկա բնագավառում գործունեության ավելի տևական փորձ և շոշափելի ձեռքբերումներ ունեցող թեկնածուի կողմից Ժողովի որոշումը վիճարկելու համար՝ այն պատճառաբանությամբ, որ քվեարկելիս դատավորները չեն կատարել օրենքի նշված պահանջը: Կարծում ենք՝ նշված ձևակերպումը ճիշտ կլինի Նախագծից հանել: 5) Նույն հոդվածի նույն կետով առաջարկվում է դրույթ, համաձայն որի «Ընդհանուր Ժողովի կողմից թեկնածուներ չընտրելու դեպքում քվեարկությունից հետո տասնօրյա ժամկետում թեկնածուներին ընտրում է Բարձրագույն դատական խորհուրդը»: Հանձնաժողովի անխափան աշխատանքների երաշխավորման տեսանկյունից ներկայացված գաղափարը լիովին ընդունելի է թվում. բացառելով լիարժեք կազմով հանձնաժողովի ձևավորումը խափանելու հնարավոր փորձերը՝ այն էապես հակակշռում է Ընդհանուր ժողովի համապատասխան լիազորությունը: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ՝ ա) «թեկնածուներ» բառի փոխարեն պետք է օգտագործվի «հանձնաժողովի անդամ» եզրույթը. բ) նախագծի քննարկվող մասի բովանդակությունից պարզ չէ՝ ում է վերաբերում տվյալ կանոնը՝ բացառապես ոչ դատավոր անդամներին, թե նաև դատավոր անդամներին. գ) ակնհայտորեն հարկ է կանոնակարգել ԲԴԽ-ի կողմից ընտրություն կատարելու կարգը՝ ապահովելով ընտրության անհրաժեշտ թափանցիկությունը և նախատեսելով այն թեկնածուների շրջանակը, որից այդ ընտրությունը պետք է կատարվի: 5) Նույն հոդվածի 10-րդ մասով առաջարկվում է նախատեսել հանձնաժողովի անդամի լիազորությունը դադարելու հիմքեր: Առաջարկը լիովին ընդունելի է, սակայն կարծում ենք, որ առաջին՝ տարվա ընթացքում նիստերին երեք և ավելի անգամ անհարգելի չներկայանալը պետք է դիտարկել որպես հանձնաժողովի անդամի լիազորությունը դադարեցնելու, այլ ոչ դադարելու հիմք. երկրորդ՝ «երեք» բառը ճիշտ կլինի փոխարինել «երկու»-ով (համեմատության համար. ըստ Օրենսգրքի 86-րդ հոդվածի ԲԴԽ անդամի լիազորությունները ևս դադարեցվում են տարվա ընթացքում նիստերին երկու և ավելի անգամ անհարգելի չներկայանալու դեպքում). երրորդ՝ գործող Օրենսգրքի 86-87-րդ հոդվածների օրինակով նպատակահարմար կլինի որպես հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու հիմք նախատեսել նաև առնվազն մեկ անգամ քվեարկությունից հրաժարվելը կամ ձեռնպահ մնալը, ինչպես նաև օրենքով և Հանձնաժողովի աշխատակարգով նախատեսված իր պարտականությունները չկատարելը. չորրորդ՝ գործող Օրենսգրքի 86-87-րդ հոդվածների օրինակով ճիշտ կլինի նախատեսել լիազորությունների դադարեցման հարցը բարձրացնելու և լուծելու ընթացակարգ (խելամիտ է թվում դադարեցման լիազորությունը հանձնաժողովին վերապահելը՝ նախատեսելով հանձնաժողովի նախագահի կամ X քանակությամբ անդամների կողմից հարցը բարձրացնելու հնարավորություն). հինգերորդ՝ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցությունը և այդ կապակցությամբ իր պարտականությունների պատշաճ կատարումը կա՛մ պետք է ներառել աշխատանքային ներքին կարգապահության կանոնների կազմում (այս դեպքում դա հարկ է ուղղակի ընդգծել օրենքում), կա՛մ վերականգնել այն որպես վարքագծի կանոն: Հակառակ պարագայում հանձնաժողովի անդամների վարքագիծը կանխատեսելի չի լինելու, թույլ է տալու ներկայացնել հրաժարական կամ այլ եղանակներով խուսափել իր պարտականությունների կատարումից, ինչը խիստ բացասաբար է անդրադառնալու հանձնաժողովների աշխատանքի արդյունավետության վրա: II. Նախագծով փորձ է կատարվել հստակեցնել, հնարավորինս որոշակիացնել դատավորի վարքագծի կանոնները, կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը և կատարելագործել կարգապահական ընթացակարգը: Վարքագծի կանոնների փոփոխության կապակցությամբ էական նշանակություն ունեցող դիտարկումներ առկա չեն, բացառությամբ հետևյալի. 1) Ինչպես նշվել է վերը, հարկ ենք համարում անփոփոխ թողնել հանձնաժողովների անդամ դատավորների պարտականությունը` մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին: 2) Կարծում ենք, որ հարկ է գործող օրենսգրքից հանել նաև «դատական ծառայողների նշանակման գործընթացին մասնակցելիս խուսափել հովանավորչություն դրսևորելուց» կանոնը (70 հոդվ., մաս 2, կետ 11)՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ դատավորի օգնականը և գործավարը նշանակվում են պաշտոնի հենց դատավորի առաջարկությամբ, ներկայացմամբ (61 հոդվ., մաս 3), որպիսի պայմաններում կանոնի իմաստը և որոշակիությունը կասկածելի է թվում: 3) Աշխատանքային ներքին կարգապահության կանոնները պահպանելու կանոն նախատեսելը համարում ենք ողջունելի, այդուհանդերձ կարծում ենք, որ Օրենսգրքով հարկ է նախանշել այն հարցերի շրջանակը, որոնք պետք է կարգավորվեն Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան որոշման շրջանակներում: Կարգապահական պատասխանատվության հիմքերին և կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգին վերաբերող փոփոխությունների մեծ մասը ողջունելի է: Այդուհանդերձ առկա են որոշ խնդրահարույց հարցեր և մտահոգիչ լուծումներ: 1) Իրավագիտության մեջ աքսիոմա է այն, որ դատավորը չի կարող պատասխանատվություն կրել օրենքի մեկնաբանման, փաստերի և ապացույցների գնահատման համար: «Դատավորները պետք է ունենան անխոչընդոտ անկախություն անաչառ կերպով կայացնելու որոշումներ՝ հիմնվելով իրենց խղճի վրա և օրենքի ու փաստերի իրենց մեկնաբանմամբ` իրավունքի գերակայության սկզբունքին համապատասխան»,- նշվում է Վենետիկի հանձնաժողովի 2010 թ. մարտի 16-ի՝ դատական համակարգի անկախության վերաբերյալ զեկույցում, որն ամփոփում է դատավորի անկախության եվրոպական չափորոշիչները: Ինչ վերաբերում է դատական հնարավոր սխալներին, դրանց ուղղումը պետք է երաշխավորված լինի օրենքով նախատեսված բողոքարկման և վերանայման գործուն և արդյունավետ ընթացակարգերով: Վերջիններիս ստեղծումը պետության պոզիտիվ պարտականությունն է. եթե այդպիսի ընթացակարգ չկա, դա պետության թերացումն ու խնդիրն է: Ուստի մնում ենք այն համոզման, որ դատավորին չի կարելի պատասխանատվության ենթարկել իրավունքի իր ընկալմամբ կատարված մեկնաբանության, փաստերի և ապացույցների գնահատման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատավորի կողմից դիտավորությամբ՝ շահադիտական կամ անձնական այլ դրդումներով կայացվել է ակնհայտ անարդար դատավճիռ (նման արարքը, ըստ Քրեական օրենսգրքի 352 հոդվածի քրեորեն հետապնդելի է և հանդիսանում է ոչ թե կարգապահական, այլ քրեական պատասխանատվության հիմք): Գործող օրենսգրքի, ինչպես նաև Նախագծով առաջարկվող լուծումները լրջագույն վտանգներ են ստեղծում դատավորի անկախության համար, ուստի նպատակահարմար ենք համարում հրաժարվել առնվազն նյութական իրավունքի նորմերի ոչ դիտավորյալ խախտումը կարգապահական պատասխանատվության հիմքերի կազմում ներառելու մոտեցումից, իսկ դատավարական իրավունքի նորմերի խախտումներից կարգապահական պատասխանատվության հիմք ճանաչել բացառապես այնպիսիք, որոնք իրենց էությամբ, ըստ դատավարական օրենսգրքերի, հանդիսանում են դատական ակտը բեկանելու անվերապահ հիմքեր (կոպտագույն խախտումներ): 2) Լրջագույն մտահոգությունների տեղիք է տալիս բարձրագույն դատական ատյանի՝ օրենքի միատեսակ կիրառություն ապահովող Վճռաբեկ դատարանի պալատների կազմերի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հնարավորությունը, որն, ըստ էության, պահպանվելու է նաև Նախագծի ընդունման պարագայում: Մեր խորին համոզմամբ, դատական իշխանությունը հեղինակազրկելու, օրենքի միատեսակ կիրառության ապահովման համար պատասխանատու միակ սահմանադրական մարմնի անկախությունը սահմանափակելու և նրա սահմանադրական առաքելությունը խափանելու ավելի կարճ ճանապարհ գոյություն չունի: Բարձրագույն դատական ատյանի՝ Վճռաբեկ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած և բողոքարկման ոչ ենթակա դատական ակտը չի կարող սխալ ճանաչվել: Եթե իշխանության մյուս ճյուղերն ակնկալում են որակապես այլ բովանդակությամբ դատական ակտեր և իրավական խնդիրների այլ լուծումներ, իրավական քաղաքականությունը մշակող և կենսագործող մարմիններին ոչինչ չի խանգարում գործող օրենսդրության մեջ կատարելու անհրաժեշտ խելամիտ փոփոխություններ: Միևնույն ժամանակ, ներքին անվտանգության վրա հսկայական ռեսուրսներ ծախսող պետության համար դժվար չէ նաև վեր հանել «ակնհայտորեն ոչ իրավաչափ» դատական ակտ կայացնելու «իրական պատճառները»՝ մեղավորներին անխուսափելիորեն ենթարկելով քրեական պատասխանատվության: 3) Նախագիծը հրաժարվել է կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող խախտումը բնորոշող այնպիսի հասկացություններից, ինչպիսիք են խախտման ակնհայտ և կոպիտ լինելը՝ պատճառաբանելով, որ դրանք շփոթության տեղիք են տալիս: Արդյունքում գործող օրենքով նախատեսված կոպիտ խախտումներն ընդգրկվել են էական կարգապահական խախտումների կազմում, իսկ նյութական կամ դատավարական նորմերի խախտումների անհայտությունը, այն է՝ որևէ ողջամիտ իրավական փաստարկով հերքման ոչ ենթակա լինելն ընդհանրապես չի արժեքավորվել: Նման մոտեցումը որոշ մտահոգությունների տեղիք է տալիս, այն առումով, որ ենթադրյալ խախտման ակնհայտության չափանիշը ներկայումս հարցը քննող ԲԴԽ-ին թույլ է տալիս բացառել դատավորին այնպիսի խախտումների վերագրումը, որոնց խախտում լինելու կամ չլինելու հարցը խիստ բանավեճային է թե՛ պրակտիկայում, թե՛ տեսության մեջ: Քննարկվող չափանիշով է օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումը (որը կատարելիս դատարանն ազատ է) սահմանազատվում դրանց ոչ ողջամիտ, կամայական և անթույլատրելի մեկնաբանությունից կամ գնահատումից: Կարծում ենք, որ de minimis շեմի մասին Նախագծով նախատեսված կանոնը կարևոր է, սակայն չի կարող փոխարինել խախտման ակնհայտության չափանիշին, քանզի եթե վերջինս կիրառելի է խախտման առկայության կամ բացակայության հարցը լուծելու (արարքը խախտում որակելու) համար, ապա de minimis շեմի մասին կանոնի միջոցով գնահատվելու է արդեն իսկ արձանագրված խախտման բնույթը, նշանակությունը և հետևանքները: Ուստի կարծում ենք, որ խախտման ակնհայտ լինելու մասին ձևակերպումը հարկ է վերականգնել: Ինչ վերաբերում է կոպիտ խախտումներ հասկացության վերացմանը, կարծում ենք, որ շփոթի տեղիք տալու պատճառաբանությամբ եզրույթից հրաժարվելու պարագայում խախտման օբյեկտիվ կողմը բնութագրող ձևակերպումը («հեղինակազրկում է դատական իշխանությունը») էական կարգապահական խախտումը բնորոշելու համար կիրառելը հաջողված մոտեցում չէ: 4) Նախագծով էական կարգապահական խախտումների թվին են դասվել՝ ա) նյութական և դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված խախտումը, որը հանգեցրել է Սահմանադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու հիմնարար իրավունքների խախտման, բ) նյութական և դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված խախտումը, որը հեղինակազրկում է դատական իշխանությունը: «Դատական իշխանությունը հեղինակազրկող» խախտումներ թույլ տալը էական խախտում դիտարկելու մոտեցումն առնվազն վիճահարույց է: Բացի այն, որ նման մոտեցումը հակասում է Սահմանադրությամբ նախատեսված համաչափության սկզբունքին, պետք է նկատի ունենալ, որ ցանկացած դատական սխալ բացասական իմաստով պերմանենտ ազդում է դատական իշխանության հեղինակության վրա: Նախագծի ձևակերպումներից ստացվում է, որ նյութական կամ դատավարական իրավունքի գրեթե ցանկացած խախտում կարող է որակվել էական և հանգեցնել դատավորի լիազորությունների դադարեցման: Նման մոտեցումը, մեր խորին համոզմամբ, անթույլատրելի է, առավել ևս, որ de minimis շեմի մասին առաջարկվող կանոնը էական խախտումների նման ձևակերպման պարագայում դրանց նկատմամբ կիրառելի չէ. ըստ այդ կանոնի՝ արարքը չի համարվում կարգապահական խախտում, եթե այն, թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը: Կարծում ենք՝ դատական իշխանությունը հեղինակազրկող խախտումներ թույլ տալը էական խախտում դիտարկելու մոտեցումը հարկ է վերանայել: «Իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը» ձևակերպումը ճիշտ կլինի հանել նաև այն խախտումների բնորոշումից (142 հոդվ., մաս 2), որոնք թեև ձևականորեն պարունակում են սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն ունեն նվազ կարևորություն, կասկածի տակ չեն դնում դատավորի արհեստավարժությունը, ձեռնահասությունը, անկախությունը և անաչառությունը (ի դեպ, de minimis շեմը սահմանելիս լավ կլիներ օգտագործել նման ձևակերպում. առկա ձևակերպումը անգլերենից կատարված անհաջող թարգմանություն է, այն խրթին է և վիճահարույց): Կարգապահական պատասխանատվության հիմքերի որոշակիացման նպատակ հետապնդող Նախագիծը, որոշակի առումով դրսևորելով անհետևողականություն, կրկին օգտագործում է խիստ գնահատողական այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են՝ «հեղինակազրկում է դատական իշխանությունը», «համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ», «կասկածի տակ չի դնում դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին»: Մինչդեռ բոլորովին վերջերս՝ 2019 թ. նոյեմբերի 15-ին ՍԴՈ-1488 որոշմամբ ՍԴ-ը հակասահմանադրական է ճանաչել Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը՝ այն պատճառաբանությամբ, որ այն որոշակի չէ և պարունակում է համաչափության սկզբունքի խախտման լրջագույն վտանգներ: Հիշեցնենք, ըստ այդ նորմի՝ էական խախտում է այնպիսի արարք կատարելը, որը «անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ»: Կարծում ենք՝ Նախագծի՝ կարգապահական պատասխանատվության հիմքերին վերաբերող նորմերը պետք է վերանայվեն ՍԴ-ի նշված որոշման լույսի ներքո՝ հնարավորինս ձերբազատվելով չարդարացված և խիստ գնահատողական ձևակերպումներից: 5) Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգի կատարելագործմանն ուղղված լուծումներն ընդհանուր առմամբ ընդունելի են: • Լրջագույն մտահոգությունների տեղիք է տալիս Օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկվող փոփոխությունը, որը հնարավորություն է տալիս կարգապահական վարույթ հարուցել նախքան դատական վարույթի ավարտը, եթե դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցնում են դատական պաշտպանության իրավունքի խախտման և արդարադատության խաթարման: Նման կարգավորումը, ըստ իս, ուղղակի վտանգ է պարունակում դատավորի անկախության, դատական իշխանության և դատավորի հեղինակության համար, տվյալ գործի շրջանակներում լրջագույն խնդիրներ կարող է առաջացնել գործը քննող դատավորի և դատավարության մասնակիցների հարաբերություններում, ստեղծել ինքնաբացարկի հիմքեր և այլն: Նման դատական սխալների ուղղումը պետք է կատարվի բացառապես դատական վերանայման ընթացակարգերի շրջանակներում, և դատավորի կարգապահական հետապնդումը որևէ օգուտ կոնկրետ գործով ապահովել ի զորու չէ: • Օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասի առաջարկվող ձևակերպումների համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը կողմերին լսելուց հետո «որոշում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը», ինչից հետո միայն անցնում է վարույթի նյութերի հետազոտմանը: Որոշակի դատավարական գործողություններ կատարելու հնարավորությունը ևս նախատեսված է «հարցի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշելուց հետո» (մաս 4): Կարծում ենք, որ նորամուծությունն անխուսափելիորեն ընթացակարգային լուրջ խնդիրներ է առաջացնելու Բարձրագույն դատական խորհրդի և վարույթի կողմերի համար: Գործի հարցի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշելը, առավել ևս կոլեգիալ կարգով, բարդագույն մտավոր գործունեություն է, այն Խորհրդի անդամների լրջագույն քննարկման առարկա է դառնում յուրաքանչյուր գործով: Նման վերլուծությունը, քննարկումը ենթադրում է վարույթի նյութերի (այդ թվում՝ ընթացքում ստացված) խորքային ուսումնասիրություն Խորհրդի յուրաքանչյուր անդամի կողմից, ընդ որում՝ նիստից դուրս: Նիստի ընթացքում, հրապարակայնության պայմաններում, նման քննարկումն արդյունավետ լինել չի կարող: Արդյունավետ չի լինի նաև գործի հարցի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշելու նպատակով նիստի ընդհատումը, քանի որ, հաշվի առնելով նման հարցի քննարկման տևողությունը, կարիք է առաջանալու հետաձգել նիստը: Անհարկի բարդություններ չստեղծելու նկատառումներից ելնելով՝ մեր խորին համոզմամբ, նպատակահարմար է պահպանել առկա կարգը և հրաժարվել առաջարկվող փոփոխությունից: 6) Նախագծով նախատեսվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ (միջնորդությունը մերժելու) որոշումը բողոքարկելու որոշակի կառուցակարգ, որը, հաշվի առնելով որոշակի սահմանադրական խոչընդոտները, ընդհանուր առմամբ ընդունելի է, սակայն առկա են որոշ վերապահումներ: Մտահոգությունների տեղիք է տալիս կարգապահական վարույթ հարուցող մարմնին միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոք բերելու հնարավորություն տալը: Նման կարգավորումը ենթադրում է մերժված միջնորդությամբ վարույթը նորոգելու հնարավորություն, ինչը լրջագույն չարաշահումների տեղիք կարող է տալ և վտանգել դատավորի անկախությունը, իրավական որոշակիության սկզբունքը և իրավունքի գերակայությունը: III. Դատավորների գնահատմանը, թափուր տեղերի համալրմանը, նրանց առաջխաղացմանը նվիրված փոփոխությունները ևս ընդհանուր առմամբ ընդունելի են և անհրաժեշտ: Առկա նկատառումները վերաբերում են հետևյալին: 1) Հաշվի առնելով դատավորի գնահատման որոշ հետևանքների լրջությունը՝ անհրաժեշտ է նախատեսել դատավորի գնահատման արդյունքները բողոքարկելու հնարավորություն: Նման պահանջ է սահմանված ԵԴԽԽ-ի՝ «Դատավորների աշխատանքի, արդարադատության որակի գնահատումը և դատական իշխանության անկախության նկատմամբ հարգանքը» վերտառությամբ 2014 թ. թիվ 17 կարծիքի շրջանակներում (առաջարկությունների կետ 11): Կարծում ենք՝ բողոքարկման արդյունավետ ընթացակարգ ներդնելու տարբերակներից մեկը գնահատման արդյունքները Բարձրագույն դատական խորհրդում բողոքարկելու հնարավորություն նախատեսելն է: Ընդ որում, ճիշտ կլինի սահմանել, որ նման բողոքները Խորհուրդը քննում է որպես դատարան և կայացնում է վերջնական ու բողոքարկման ոչ ենթակա որոշումներ: Հարկ ենք համարում նշել, որ դատական կարգով բողոքարկումը պարունակում է կորպորատիվիզմի դրսևորման վտանգ, որը մեր իրողության պայմաններում խիստ իրական է: 2) Հաշվի առնելով այն չափանիշները և ընթացակարգը, որոնց պահպանմամբ ընտրվում են Վճռաբեկ դատարանի դատավորները, ինչպես նաև այն, որ Օրենսգրքով նախատեսված չափանիշների ճնշող մեծամասնությամբ Վճռաբեկ դատավորի գործունեության գնահատումը հնարավոր չէ՝ կարծում ենք, որ Վճռաբեկ դատարանի դատավորների անհատական գործունեության գնահատում նախատեսելը հիմնավորված չէ: 3) Լիովին ընդունելի ենք համարում դատարանների նախագահներին և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին ներկայացվող պահանջների վերանայումը: Միևնույն ժամանակ կարծում ենք, որ նպատակահարմար կլիներ Բարձրագույն դատական խորհրդին վերապահել լիազորություն՝ վաղաժամկետ դադարեցնելու ոչ արդյունավետ աշխատող դատարանի նախագահի լիազորությունները և կազմակերպելու նոր ընտրություն: 4) Նախագծով դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգման կարգավորումներում նախատեսվել է, որ գրավոր առաջադրանքի բարդությունը պետք է համաչափ լինի դրա լուծման համար տրամադրվող ժամանակին (103 հոդվ., մաս 3): Նորամուծությունը վիճահարույց է առնվազն այն պատճառով, որ շոշափելի չէ նման պահանջից շեղվելու հնարավոր հետևանքը: Կարծում ենք, այն քննության արդյունքների անհարկի բողոքարկման (այդ թվում՝ դատական) ազդակներ է տալու հավակնորդներին՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: 5) Հարցազրույցի արդյունքներով թեկնածուների ընտրության համար սահմանվել է բաց քվեարկություն, ինչը կբարձրացնի գործընթացի թափանցիկությունը: Հաշվի առնելով քվեարկողների քանակը, հնարավոր մի շարք հավակնորդներից սահմանափակ թվով թեկնածուների ընտրելու և յուրաքանչյուր դատավորի կողմից քվեարկությամբ թափուր տեղերի քանակին համապատասխան ձայներ տնօրինելու անհրաժեշտությունը՝ կարծում ենք, որ ճիշտ կլինի նախատեսել, որ քվեարկությունը Խորհրդում իրականացվում է բաց՝ անվանական քվեաթերթիկներով: 6) Նախագծով նախատեսվել է, որ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու համար քվեարկությունն իրականացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամները հաշվի են առնում որակավորման գրավոր քննության և հարցազրույցի արդյունքները, հոգեբանական թեստի արդյունքները և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ հավակնորդի բարեվարքության և կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացությունը: Նման նորմն ունի ուղղորդող, ուղեցույցային բնույթ, և լավագույն դեպքում կարող է տեղ գտնել ԲԴԽ-ի կողմից հաստատված կարգում (որը հաստատելու լիազորությունը, ի դեպ, ճիշտ կլինի նախատեսել օրենքով. նման կարգ ներկայումս հաստատված է, այն կարգավորում է բազմաթիվ հարցեր, սակայն դրա կարգավորումների իրավաչափությունը վիճարկվում է): Սակայն օրենսգրքում քննարկվող նորմի ամրագրումն ինքնանպատակ է թվում, դեռ ավելին քվեարկության արդյունքները դատական կարգով հավակնորդի կողմից վիճարկելու իրավական հիմք կարող է հանդիսանալ, օրինակ՝ այն փաստական պատճառաբանությամբ, որ Խորհուրդը հաշվի չի առել հավակնորդի գիտական աստիճան ունենալու, քննությունը շատ ավելի բարձր միավորով հանձնելու հանգամանքները և/կամ հոգեբանական թեստի արդյունքները: Հարց է ծագում՝ արդյո՞ք նման դեպքերում Խորհրդի որոշումը պետք է ճանաչվի անվավեր: Պատճառաբանված որոշում կայացնելու պահանջի բացակայության պարագայում նման նորմի առկայությունը ոչնչով հիմնավորված չէ: Բազմաթիվ հատկանիշներ ԲԴԽ անդամների կողմից ներքին համոզմամբ գնահատելու հիման վրա ընդունված որոշումն էլ պատճառաբանելու պահանջ ներկայացվել չի կարող, քանի որ այն գործնականում իրացնելն անհնար է: Հետևաբար, նման պահանջ Օրենսգրքում նախատեսելը հիմնավորված չի թվում՝ դրա անիրացվելիության պատճառով: 7) Կարծում ենք, որ գրավոր քննության արդյունքների բողոքարկմանը նվիրված 105.1-րդ հոդվածի 5-րդ մասում անհրաժեշտ է հատուկ ընդգծել, որ դատական կարգով քննության արդյունքների բողոքարկումը թույլատրելի է բացառապես ընթացակարգային խախտումների հիմքով: Ի լրումն վերը շարադրվածի, առաջարկում ենք ևս մեկ անգամ անդրադառնալ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի՝ որպես դատավորի լիազորությունները կասեցնելու հարցին, քանի որ այն լրջորեն աղերսվում է Խորհրդի անդամի գործառույթները պատշաճորեն և անհրաժեշտ ծավալով իրականացնելու, Խորհրդի գործունեության արդյունավետությունը (ոչ ի վնաս Խորհրդի դատավոր անդամների արդարադատական գործառույթների) բարձրացնելու, Խորհրդի դատավոր և ոչ դատավոր անդամների իրավական վիճակը հավասարեցնելու, ինչպես նաև նրանց ծանրաբեռնվածությունն արդարացիորեն հավասարակշռելու անհրաժեշտության հետ»: [b]ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ [/b]

Նմանատիպ նյութեր