211652_close_icon
views-count2171 դիտում article-date 11:48 06-12-2019

Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը նշեց «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում իր եզրափակիչ ելույթում: «Քանի որ վաղը դեկտեմբերի 7-ն է` 1988թ. աղետալի երկրաշարժի տարելիցը, ուզում եմ ասել, որ աղետի գոտու առումով էլ 2020թ. բյուջեն հեղափոխական է, որովհետև հաջորդ տարվա բյուջեով աննախադեպ մեծ թիվ է տրամադրվել աղետի գոտու խնդիրներին՝ 3 մլրդ դրամ: Տեսանելի ժամանակաշրջանում երբեք այսպիսի ծավալների գումար չի տրամադրվել, և մենք սրանով 2020թ. լուծում ենք բոլոր այն քաղաքացիների հարցերը, ում նկատմամբ ՀՀ ունեցած պարտավորությունը դե յուրե արձանագրված է: Սա նշանակում է, որ աղետի գոտու վերականգնման գործընթացում նոր փուլ է սկսվում, որը պետք է իրագործվի բոլորովին ուրիշ տրամաբանությամբ, և այդ փուլի իմաստն, այսպես ասած, սոցիալական արտակարգ իրավիճակի տրամաբանությունը վերափոխելն է զարգացման տրամաբանությամբ: Մենք պետք է աղետի գոտում արդեն խոսենք ոչ թե ուղղակի սոցիալական հրատապ խնդիրներ լուծելու, այլև զարգացման երկարատև տեսլականներ և ռազմավարություններ իրագործելու համար, և որպես այս խնդրի ամենատեսանելի ցուցիչ, ես ուզում եմ ձևակերպել հրամայականը՝ Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ սա չի նշանակում, թե տնակներում ապրող բոլոր քաղաքացիների նկատմամբ պետությունն ունի պարտավորություն, բայց չի էլ նշանակում, որ ոչ մեկի նկատմամբ չի կարող չունենալ պարտավորություն: «Մենք ամեն տնակի պատմությունն արդեն իսկ ձևավորել ենք, և ամեն տնակի նկատմամբ կլինի անհատական մոտեցում, բայց դա այսօր Գյումրիի՝ որպես տնտեսապես և քաղաքաշինական առումով զարգացած քաղաքի, պոտենցիալը խոչընդոտող թիվ մեկ գործոնն է»,- նշեց նա: ՀՀ վարչապետը հավելեց նաև, որ 2020թ. բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումների արդյունքում շարունակում է մնալ այն տեսակետին, որ հաջորդ տարվա բյուջեն հեղափոխական է: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ դեմ կքվեարկեն «ՀՀ 2020թ. բյուջեի մասին» օրենքի նախագծին:

Նմանատիպ նյութեր