11174 դիտում
18:57 20-07-2017
Գյումրիի տնակներից մեկում ապրող Սիրուշ Տոնոյանը և իր 5 երեխաները նոր բնակարան են ստացել
Գյումրիի տնակներից մեկում ապրող Սիրուշ Տոնոյանը և իր հետ ապրող 5 երեխաները տեղափոխվեցին հիմնովին վերանորոգված և կահավորված բնակարան։ Բազմանդամ ընտանիքը տունը ստացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Գյումրի քաղաքի տնակներում ապրող ընտանիքներին վերաբնակեցնելու ծրագրի շրջանակում. հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:
Սիրուշ Տոնոյանը 6 երեխա ունի, ավագ դուստրը՝ Լուսինե Բոթոյանը, ամուսնացած է, ապրում է առանձին։ Տնակում Սիրուշն ապրում է 5 երեխաների հետ՝ 20-ամյա Արմենի, 19-ամյա Անիի, 16-ամյա Վարդանի, 15-ամյա Սամվելի և 13-ամյա Էդգարի։ Սիրուշի ամուսինը 2005-ից մեկնել է Ռուսաստան արտագնա աշխատանքի և չի վերադարձել՝ խզելով կապերը ընտանիքի հետ։ Երեխաներից Վարդանը հաշմանդամություն ունի՝ մանկական կաթված, ինչի հետևանքով ձեռքերը և ոտքերը չեն աշխատում։ Տղան անցնում է վերականգնողական կուրսեր։
Տնակը, որտեղ ապրում էր ընտանիքը, խոնավ էր, ժամանակ առ ժամանակ տնակ էին լցվում միջատներ և առնետներ։ Գտնվում էր քաղաքի ծայրամասում, ամայի անկյունում։
Ընտանիքի եկամուտը սոցիալական նպաստն է, Վարդանի հաշմանդամության թոշակը և Սիրուշի աշխատավարձը. Սիրուշն աշխատում է Caritas-ի Արեգակ-Էմիլի հաշմանդամություն ունեցողների համար նախատեսված կենտրոնում որպես հավաքարար, ստանում է 55.000 դրամ։
Սիրուշ Տոնոյանի ընտանիքը 29-րդ ընտանիքն է, որ տնակից տուն է տեղափոխվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի շրջանակում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիի տնակներում ապրող ընտանիքներին բնակարաններով է ապահովում 2014-ից։ 2014-ին Լոս Անջելեսում կայացած Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքագրված ամբողջ գումարը, հետագայում կատարված դրամահավաքները, անհատ բարերարների հանգանակությունները հնարավոր են դարձրել 28 ընտանիքի վերաբնակեցումը։ 4 ընտանիք իրենց բնակարանները ստացել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի տեղական հանձնախմբի ֆինանսավորմամբ։
Նմանատիպ նյութեր
1168 դիտում
14:13 07-12-2023
Մինչև 2027 թվականը Գյումրին պետք է տնակներից ազատվի․ Գյումրիի քաղաքապետ
Այս բաժնից
859 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
880 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»