2095 դիտում
21:45 06-12-2019
Հայ խորհրդարանականները մի շարք հանդիպումներ են ունեցել Եվրոպական խորհրդարանի գործընկերների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Եվրոպական խորհրդարանի գործընկերների հետ քննարկումներ անցկացնելու նպատակով դեկտեմբերի 2-5-ը Բրյուսելում էր գտնվում ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը:
Այցի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող, Ռումինիայի նախկին նախագահ, ԵԺԿ խմբակցության անդամ Տրայան Բասեսկուի, Եվրոպական խորհրդարանում «Սոցիալիստների եւ դեմոկրատների» խմբակցության արտաքին հարցերով համակարգող Տոնինո Պիցուլայի, Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբակցության փոխնախագահ Անդրեյ Կովաչեւի, խմբակցության արտաքին հարցերով համակարգող Մայքլ Գահլերի, Եվրանեսթ-ում ԵԽ պատվիրակության ղեկավար Անդրիուս Կուբիլիուսի, ՀՀ-ԵՄ Խորհրդարանական գործընկերության կոմիտեում ԵԽ պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինք խմբակցության անդամ Հաիդի Հաուտալայի, Եվրոպական խորհրդարանում «Renew Europe» խմբակցության փոխնախագահ Իսկրա Միհայլովայի եւ ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեում ԵԽ պատվիրակության ղեկավարի տեղակալ Ռասա Յուկնյավիչիենեի հետ:
Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել թավշյա հեղափոխությունից եւ 2018թ. դեկտեմբերին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտություններից հետո տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցերին:
ՀՀ ԱԺ պատվիրակությունը ներկայացրել է երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ընթացքը, այդ թվում՝ երկրում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում օրենսդրական բարեփոխումների եւ համապատասխան կառուցակարգերի ներդրմանն ուղղված քայլերը: Բոլոր հանդիպումների ընթացքում հայկական կողմը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին:
Հանգամանալի անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդմանը, Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկմանն առնչվող հարցերի:
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները բարձր են գնահատել Հայաստանում իրականացվող բարեփոխումները եւ պատրաստակամություն են հայտնել նպաստել Հայաստանի հետ համագործակցության զարգացմանն ու խորացմանը, ներառյալ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի եւ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի շրջանակներում:
Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպել է նաեւ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլս Վան Հոֆի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգում առկա հարցերի լայն շրջանակ, փոխադարձ շեշտվել է միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը: Հայկական կողմը մեծապես կարեւորել է Բելգիայի օրենսդիր եւ գործադիր մարմինների սկզբունքային դիրքորոշումը ցեղասպանությունների եւ մասնավորապես Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
631 դիտում
19:30 12-02-2024
Հայ խորհրդարանականները հանդիպել են բրիտանացի գործընկերների հետ
2041 դիտում
18:15 06-09-2018
Արմեն Աշոտյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ
Այս բաժնից
736 դիտում
13:36 16-11-2024
ԿԲ նախագահը Silicon Mountains գագաթաժողովում կարևորել է ֆինանսական ռիսկերի խիստ վերահսկողությունը
751 դիտում
13:00 16-11-2024
Նախագահը և ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ մասնակցությունը միջազգային առևտրային գործընթացներին
1531 դիտում
12:08 16-11-2024
ԱԱԾ-ն կազմակերպում է ընդունելություն «Ագարակ» անցման կետում ծառայության համար