211652_close_icon
views-count631 դիտում article-date 19:30 12-02-2024

Հայ խորհրդարանականները հանդիպել են բրիտանացի գործընկերների հետ

Ուրախ եմ, որ եկել եք Հայաստան` նպատակ ունենալով տեղում ծանոթանալու առկա անվտանգային իրավիճակին. ասել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամ Սարգիս Խանդանյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանը:

Փետրվարի 12-ին կայացած հանդիպմանը մասնակցել են Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամներ Մարիա Կարապետյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Զարուհի Բաթոյանը եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը:

Խոսելով հայ-բրիտանական կապերի մասին` Սարգիս Խանդանյանը գոհունակությամբ փաստել է, որ դրանք վերջին տարիներին նկատելիորեն զարգացել են: Հանձնաժողովի նախագահի խոսքով ակտիվացել են նաեւ խորհրդարանական մակարդակով շփումները, բարեկամական խմբերի միջեւ համագործակցությունը:

Սարգիս Խանդանյանը բրիտանացի գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային վիճակը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի համար հիմնարար սկզբունքները, մասնավորապես` տարածքային ամբողջականության եւ սահմանների անքակտելիության աներկբա հարգման կարեւորությունը:

Հայ խորհրդարանականները բարձրաձայնել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման վերաբերյալ ՀՀ տեսլականը, հյուրերին ներկայացրել Հայաստանի կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:

Բարեկամական խմբի անդամներն անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի սոցիալական կարիքների բավարարմանն ուղղված երկարաժամկետ ծրագրերի իրականացման անհրաժեշտությանը, կարեւորել այդ հարցում միջազգային գործընկերների աջակցությունը:

Նմանատիպ նյութեր