211652_close_icon
views-count1664 դիտում article-date 20:12 09-12-2019

Հայաստանի 3 բուհ վերահավատարմագրվում է

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան (ԱԻՆ ՃԿՊԱ), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (ԵՊԿ) և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) վերահավատարմագրվում են։ Այս մասին հայտնեցին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամից: Դեկտեմբերի 9-13-ը փորձագիտական խումբը արտաքին գնահատում կիրականացնի ԵՊԿ-ում և ՀԱԱՀ-ում, իսկ դեկտեմբերի 9-12-ը՝ ԱԻՆ ՃԿՊԱ-ում։ Այցի ընթացքում փորձագետները հանդիպումներ կունենան հավատարմագրվող բուհերի վարչական ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի, որակի ապահովման մասնագետների և ինքնավերլուծություն իրականացրած խմբի հետ, ինչպես նաև ուսանողների, ուսանողական կառույցների, շրջանավարտների և գործատուների ներկայացուցիչների հետ։ Փորձագետները կիրականացնեն նաև դասալսումներ, ռեսուրսների դիտարկում, փաստաթղթերի ուսումնասիրություն։ ԱԻՆ ՃԿՊԱՆ-ն 2017-ին ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով, իսկ ՀԱԱՀ-ը և ԵՊԿ-ն 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում էին ստացել 2015-ին։ Այժմ բուհերը վերահավատարմագրվում են։ Այցի ընթացքում փորձագետները դիտարկելու, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել այս բուհերում առաջին հավատարմագրումից ի վեր, որքանով է իրականացվել բուհի բարելավման ծրագիրը, և կգնահատեն յուրաքանչյուր ուսումնական հաստատության գործունեությունը ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշներին համապատասխանության տեսանկյունից։ Նշենք, որ մինչև բուհ այցելությունը փորձագետներն ուսումնասիրել են հավատարմագրվող ուսումնական հաստատության ինքնավերլուծությունը, դուրս բերել ուժեղ և թույլ կողմերը, իրականացրել նախնական գնահատում։ Իսկ այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն, որտեղ կմատնանշեն բուհի խնդիրները և բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցեն։ Հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է Հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով փորձագիտական զեկույցի, բուհի ինքնավերլուծության և բարելավման ծրագրի վրա։ ԱԻՆ ՃԿՊԱ փորձագիտական խմբի ղեկավարն է ՀՊՏՀ Կառավարման ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Տիգրան Մնացականյանը։ Խմբի մյուս անդամներն են Լեհաստանի ռազմածովային ակադեմիայի Հրամանատարության և ծովային գործողությունների ֆակուլտետի փոխդեկան Բարտոլոմեյ Պաչեկը, ՇՊՀ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն, ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Սարգսյանը, ՀԱՊՀ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտ գիտական քարտուղար, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ծաղիկ Հովհաննիսյանը, Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողուհի Մարիամ Թորոսյանը։ Գործընթացը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը։ ԵՊԿ փորձագիտական խմբի ղեկավարն է ՀԳՊԱ ուսումնական գծով պրոռեկտոր, ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու, դոցենտ Մկրտիչ Այվազյանը։ Խմբի մյուս անդամներն են Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիայի գիտական գործերի և հետազոտությունների գծով պրոռեկտոր, Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիայի պրոֆեսոր Մարգուս Պլարտլասը, Մաստրիխտի Երաժշտական ակադեմիայի նախկին ռեկտոր Յան Ռադեմարկեսը, ԵՊՀ Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, Նարինե Խաչատրյանը և ԵՊՀ ուսանողուհի Անահիտ Տերտերյանը։ Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի մասնագետ Գայանե Անանյանը։ ՀԱԱՀ փորձագիտական խմբի ղեկավարն է Վանաձորի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու Հերմինե Գրիգորյանը։ Խմբի մյուս անդամներն են Որակի ապահովման Նիդեռլանդական VLHORA և VLHUR կազմակերպությունների փորձագետ, փիլիս. և մանկավ. գիտ.դոկտոր Ռոմեին Հուլպիան, ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մենուա Սողոմոնյանը, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Կարեն Թռչունյանը, ԵՊԲՀ ուսանողուհի Գայանե Կոսակյանը։ Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ավագ մասնագետ Վարդուհի Գյուլազյանը։

Նմանատիպ նյութեր