2173 դիտում
10:47 14-12-2019
Ինչո՞ւ են Հայաստանում հավատում Մամեդյարովին․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Որպես լրագրող ես հետևել եմ հայ-ադրբեջանական գրեթե բոլոր հանդիպումներին (բանակցություններին), որտեղ քննարկվում էր Ղարաբաղի խնդիրը՝ սկսած 1991 թվականի սեպտեմբերից, երբ դեռևս Խորհրդային Միության ձևական առկայության պայմաններում Ժելեզնովոդսկում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Տեր-Պետրոսյանը և Մութալիբովը՝ Ելցինի և Նազարբաևի մասնակցությամբ: Այս ամբողջ 28 տարվա ընթացքում ես նկատել եմ իրադարձությունների մի ընթացք, որը մշտապես, առանց բացառությունների կրկնվում է բոլոր նման հանդիպումներից հետո:
Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների բովանդակությունը, կարծես թե, թաքուն է: Հայկական կողմը մշտապես պահում է դիվանագիտական այս նորմը, իսկ ադրբեջանցի բանակցողները երբեք չեն պահում: Հանդիպումից մի քանի օր անց նրանք հանդես են գալիս հրապարակային հայտարարություններով՝ «գաղտնազերծելով» բանակցությունները և ներկայացնելով դրանք այնպես, ինչպես իրենց է հարմար: Եթե վերանանք տարբեր երանգավորումներից, ապա կարելի է ասել, որ ադրբեջանական կողմը ցանկացած հանդիպումից հետո հայտարարում է մոտավորապես հետևյալը. «Մենք բանակցել ենք այն մասին, թե ինչպես է պետք օր առաջ Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանի կազմ»: 28 տարի շարունակ այդ, թույլ տվեք ասել, «բլեֆին» հետևում է հայաստանյան ընդդիմության արձագանքը՝ «ըհը՜, տեսնո՞ւմ եք, թե ինչի մասին էր մեր ապազգային իշխանությունը բանակցում՝ Արցախը ծախում են»: Անցնում են տարիներ, փոխվում են սերունդները, բայց մեր հասարակության մեջ մշտապես հայտնվում են մարդիկ, որոնք կուլ են տալիս այդ խայծը:
Հերթական անգամ նույն սցենարը կրկնվեց Բրատիսլավայում Մամեդյարով-Մնացականյան հանդիպումից հետո: Ադրբեջանի արտգործնախարարը «հարցազրույց» տվեց ադրբեջանական CBC հեռուստաընկերությանը: Հարցազրույց բառը ես չակերտների մեջ եմ առնում, որովհետև լրագրողը ոչ թե հարցեր է տալիս, այլ ժամանակ առ ժամանակ հայկական կողմին մեղադրող բացականչություններ էր արտաբերում: Մամեդյարովի գլխավոր միտքն այն էր, որ նա Մնացականյանի հետ քննարկում էր այսպես կոչված «Լավրովի պլանը»՝ «մադրիդյան սկզբունքների» էապես վատթարացված տարբերակը (մեր տեսանկյունից՝ իհարկե): Եվ այդ «հարցազրույցից» հետո հայաստանյան ներկայիս ընդդիմության արձագանքը նույնպես ավանդական էր՝ «տեսա՞ք, ամեն ինչ բացահայտվեց»:
Թե ինչո՞ւ է Մամեդյարովը նման բան ասել, ես կարող եմ բացատրել այսպես. Ադրբեջանում նախընտրական վիճակ է, և այդ երկրի իշխանությունը պետք է ընդգծի իր «անզիջում դիրքը»: Բացառված չէ նաև, որ Ադրբեջանի արտգործնախարարին ոգևորել է նույն Լավրովի հետ վերջին հանդիպումը: Իսկ թե ինչու են մեր քաղաքացիները հավատում Մամեդյարովին՝ այդ հարցի պատասխանը ես չգիտեմ»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2210 դիտում
13:25 21-12-2014
Մենք հավատում ենք ձեզ` երիտասարդ երկրապահներ, ինչպես ինքներս մեզ ենք հավատում եւ վստահում. Մանվել Գրիգորյան
2123 դիտում
19:30 28-04-2021
Մարդիկ կան, որ հավատում են Նիկոլ Փաշինյանին, տարօրինակ է, բայց հավատում են. «Իմ քայլը» լքած պատգամավոր
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1114 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»