211652_close_icon
views-count1829 դիտում article-date 23:00 24-12-2019

Ս. Ստեփանոսի տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է սարկավագաց դասի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 24-ին, Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի 76 միաբան սարկավագներին և նույն օրը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում սարկավագական աստիճանի արժանացած 26 նորընծաներին` ուղեկցությամբ Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանի: Սարկավագաց դասը Հայոց Հովվապետին ողջունեց «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղի երգեցողությամբ, ապա միասնական Տերունական աղոթքից հետո Վազգեն եպիսկոպոսը շնորհավորեց Վեհափառ Հայրապետին և ներկա կրտսեր եկեղեցականներին տոնի և նոր սարկավագների ձեռնադրության կապակցությամբ: Սրբազանը մաղթեց սարկավագներին ապրել, գործել և ծառայել Ս. Ստեփանոսի նախանձախնդրությամբ՝ հավատարիմ մնալով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին: Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը սարկավագաց դասին փոխանցեց իր հայրական պատգամն ու օրհնությունը: Շնորհավորելով նորաթուխ սարկավագներին ձեռնադրության առիթով՝ Նորին Սրբությունն ուրախությամբ փաստեց, որ նրանք գալիս են համալրելու Մայր Աթոռի միաբանության շարքերը: Խոսելով Ս. Ստեփանոս Նախավկայի կերպարի մասին՝ Ամենայն Հայոց Հայրապետը նշեց, որ սարկավագության տարիներին սուրբն իրեն համար ծառայության օրինակ էր: Նորին Սրբությունը արձանագրեց, որ Քրիստոսի Ավետարանը քարոզելիս նա եղավ առաջին նահատակը, ով իր կյանքը զոհաբերեց հանուն իր Վարդապետի՝ Քրիստոսի, և Նրա բերած այն վարդապետության, որի հանդեպ ուներ բացարձակ հավատ: «Երբեմն չենք անդրադառնում այն կարևոր բեկումնային առաքելությանը, որ սուրբ Ստեփանոսն ունեցավ քրիստոնեական վարդապետության մեջ. եղավ առաջինը, որ նահատակությամբ նախանշեց հաղթության ճանապարհը: Նրան հետևեցին մյուսները` առաքյալներ և Քրիստոսի այլ վկաներ», - ասաց Վեհափառ Հայրապետը: Ըստ Նորին Սրբության, Ս. Ստեփանոսը չուներ տարակուսանք, երկմտանք ու երկյուղ, և նրա անձի մեջ դրսևորվեցին երկու մեծագույն արժեքներ՝ նվիրում և քաջություն, որոնք անհրաժեշտ են հոգևարականի համար հոգևոր առաքելության ճանապարհին: Հայոց Հովվապետը հաստատեց, որ առանց սիրո և այդ արժեքների առկայության մարդը չի կարող քաջաբար ապրել, խիզախ լինել և զոհողությունների գնալ: «Ձգտեք նմանվել Սուրբ Ստեփանոսին և ապրել այդ արժեքներով», - խրատեց Նորին Սրբությունը՝ հորդորելով սարկավագներին ներշնչվել Ս. Ստեփանոսի կերպարով, ապրել նրա կյանքի օրինակով, առաջնորդվել վերոնշյալ արժեքներով: Հանդիպմանը Գարեգին Երկրորդ Վեհափառն իր գնահատանքը հայտնեց ձեռնադրող Սրբազանին, ինչպես նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի նախորդ և ներկա տեսուչներին, տեսչության անդամներին ու դասախոսներին՝ սաներին կրթելու, դաստիարակելու և նրանց հոգևոր աստիճան ստանալու մեջ մեծ ներդրում ունենալու համար: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր գնահատանքը, աղոթքն ու օրհնությունը հղելով սարկավագներին իրենց լուսավոր տոնի կապակցությամբ, հայցեց Բարձրյալ Աստծուց, որպեսզի Իր առատաբուխ շնորհները հեղի սարկավագաց դասի վրա: Հայրապետը մաղթեց, որ Ս. Ստեփանոսի օրինակն ու բարեխոսությունը զորացնեն նրանց՝ քաջությամբ և նվիրումով իրենց անսակարկ ծառայությունը բերելու Հայ Եկեղեցուն, ժողովրդին և հայրենիքին: Տոնի կապակցությամբ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը սարկավագներին գրքեր ընծայեց:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր