211652_close_icon
views-count1057 դիտում article-date 11:17 29-12-2020

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Մայր Աթոռի սարկավագաց դասի հետ

Դեկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով (այս տարի դեկտեմբերի 26-ին) հանդիպում ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սարկավագաց դասի հետ։ Սարկավագները Հայոց Հովվապետին ողջունեցին «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղի երգեցողությամբ, այնուհետև Տերունական աղոթքից հետո Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը կրտսեր միաբանների անունից դիմեց Նորին Սրբությանը՝ ընդգծելով, որ սարկավագաց դասն ի մի է հավաքվել ստանալու Հայոց Հայրապետի օրհնությունը, լսելու նրա հայրական խրատներն ու հորդորները՝ առավել նախանձախնդրությամբ շարունակելու իրենց ծառայությունը Հայոց Եկեղեցու անդաստանում։ Մուշեղ եպիսկոպոսն իր խոսքում նաև անդրադարձավ արցախյան պատերազմի օրերին գնդերեց սարկավագների քաջարի ծառայությանը, որով հաստատեցին Սուրբ Ստեփանոս Նախավկայի նվիրյալ ու ճշմարիտ ժառանգորդ լինելու առաքելությունը։ Այնուհետև սարկավագներին իր հայրապետական պատգամն ու օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբությունը ցավով արձանագրեց, որ պատերազմի ծանր հետևանքներով պայմանավորված այս տարի Մայր Աթոռում Սուրբ Ստեփանոսի տոնն առանձնակի հանդիսավորությամբ չնշվեց։ Սակայն Հայոց Հայրապետը կարևոր նկատեց հանդիպումը սարկավագների հետ՝ մեկ անգամ ևս անդրադառնալու Հայոց Եկեղեցու առաքելությանը, սարկավագների ծառայությանը Եկեղեցու անդաստանում ու հայ ժողովրդի կյանքից ներս, որպեսզի առավել ջանասիրությամբ շարունակեն իրենց հոգևոր սպասավորությունը հայորդիներին։ Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց սարկավագաց դասին նվիրյալ ծառայության համար՝ մասնավորաբար նշելով գնդերեց սարկավագների՝ Հայոց բանակին մատուցած օգտաշատ ծառայության մասին՝ փաստելով նաև, թե անձնական օրինակով ինչպիսի ոգի էին ներշնչում, արիություն փոխանցում մեր բանակի զինվորներին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն արտահայտեց նաև այն սարկավագներին, որոնք քաջարի ոգով ու սիրով այդ դժվար ու ծանր օրերին հանձ առան իրենց ծառայությունը բերել Դադիվանքում՝ հաղթահարելով թշնամու ոտնձգությունները, որով կարելի դարձավ հնամյա վանական համալիրը պահել Արցախի թեմի վերահսկողության ներքո։ Հայոց Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ թե´ կորոնավիրուսի համավարակի և թե´ արցախյան պատերազմի պայմաններում եկեղեցականությունն իր բոլոր դասերով դրսևորեց բարձր գիտակցություն ու ծառայասիրության ոգի՝ ամբողջական մասնակցություն բերելով հայրենիքի ծառայությանը և շոշափելի ներդրում ունենալով տարբեր խնդիրների կարգավորման գործում։ Անդրադառնալով ներկայիս կացությանը և հայ ժողովրդի զավակների կյանքում հոգևոր խնամքի իրականացման կարևորությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ հոգևորականությունը, այդ թվում՝ սարկավագները, շատ անելիքներ ունեն՝ մեղմելու ցավն ու կորուստն այն ընտանիքների և անհատների, որոնք առավել մեծ չափով են կրել պատերազմի հետևանքները և կարիքն ունեն զորակցության։ Այս առումով Նորին Սրբությունը ներկայացրեց Մայր Աթոռի «Աջակցենք Արցախին» սոցիալական ծրագրի իրագործման նպատակով ստեղծված հատուկ հանձնախմբի առաքելությունը՝ կարևոր նկատելով նաև ծրագրում սարկավագների ներգրավվածությունը։ Վերջում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց սարկավագներին անսակարկ նվիրումով ու նախանձախնդրությամբ շարունակել իր ազգանվեր ու աստվածահաճո սպասավորությունը՝ մաղթելով նրանց Աստծո օգնականությունը, զորակցությունն ու օրհնությունը, որպեսզի կարողանան իրենց ծառայությամբ պայծառացնել Հայոց Եկեղեցին՝ այն առավել սիրելի դարձնելով ազգի զավակների համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր