Ո՞վ է ՌԴ նոր վարչապետը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Միխայիլ Միշուստին. հավասարակշռված, պատասխանատու և ինովացիոն գործիչ, մարդ, որը կարողանում է չվիճել, թվայնացրել է հետխորհրդային Ռուսաստանի բյուրոկրատիան, և հավաքել ռեկորդային չափի հարկեր: Միխայիլ Միշուստին՝ խիստ հավասարակշռված, չափազանց պատասխանատու և ամենակարևորը՝ ինովացիոն:
Նրա պատմությունը հաջողության մասին է: Ռուսական մեդիան սկսեց պատմել՝ նախ ցուցադրելով, թե ինչ էր կատարվում երկրում մինչև Միշուստինը:
Հարկերը վճարելը, փաստաթղթեր հավաքելն ու ներկայացնելը՝ անհավանական հերթերով ու խնդիրներով: Հիմա՝ մեկ պատուհանով, սմարթֆոնում մեկ հավելվածով, թվային ստորագրությամբ:
Միխայիլ Միշուստինը հարկային ծառայությունը դարձրել է Ռուսաստանի ամենատեխնոլոգիական պետական կառույցը: Բացառել հարկ վճարողի և հարկ հավաքողի շփումը: Բացառել կոռուպցիայի հնարավորությունը:
Սա Երևանում է: WCIT համաշխարհային տեխնոհամաժողովի ժամանակ: CNN-ի բիզնես-մեկնաբանը ապշած է: Երբեք չէր պատկերացնի, որ իր հետ այսպես կվարվեն ու հարկերի հետ առնչվող պաշտոնյայի հումորն այսքան որակյալ կլինի: Միշուստինը ներկայացնում է Ռուսաստանի հարկային ծառայության պրոմո-տեսանյութը՝ CNN-ի մեկնաբանի ոճով և մասնակցությամբ:
Ամենակարևորը հենց սա է՝ հարկեր վճարելը Ռուսաստանի քաղաքացիների համար հարմարավետ է:
Ռուսաստանի թիվ մեկ տեխնոպաշտոնյան Երևանում էր այս ամռանը: Հայաստանի հյուրընկալած համաշխարհային ՏՏ համաժողովի գլխավոր հյուրերից մեկն էր: Ամենատարածվող տեսանյութերից մեկում էլ Այբ դպրոցում է: Հայերի հետ նրա շփումների մասին կենսագրական տվյալներում առաջին փաստը հայտնվում է 1990-ականներից: Իր բարեկամ Լևոն Ամդիլյանի հետ ստեղծել է «Միջազգային համակարգչային ակումբ» հարթակը։ Որոշ չճշտված տեղեկություններ կան, որ Միշուստինի մայրը հայուհի է: Սա զայրույթից պոռթկալով նշում է հիմնականում ադրբեջանական մեդիան:
Ամենաճշգրիտ փաստը՝ միայն անցած տարի Ռուսաստանի բյուջե հարկերով հասել է 20 տրիլիոն ռուբլի: Սա թվայնացված հարկային համակարգի ռեկորդային ցուցանիշն է, ինչից հետո լրագրողները, գործընկերներն ու բոլորը համաձայնեցին՝ Միխայիլ Միշուստինը առաջ է ընկել նույնիսկ ապագայից: