211652_close_icon
views-count14102 դիտում article-date 10:36 19-07-2014

Ողբերգական դեպք՝ Արագած գյուղում. գյուղացիները պնդում են, որ նախկին վարչապետը խաբել է իրենց, իսկ ներկայիս վարչապետը խոսքից կանցնի գործի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 19-ին, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Արմավիրի մարզի Արագած գյուղով հոսող ջրանցքում տղամարդու դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Ինչպես Արագածից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ է ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ Էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր ջրանցքից դուրս են բերել տղամարդու դին: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ Վաղարշապատի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի բաժնի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ Ազատ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունն ու մահվան հանգամանքները: Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ երբ ջրանցքը հիմնանորոգվեց, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացավ, որ կարճ ժամանակում ջրանցքի եզրերի մոտ տեղադրվելու են պաշտպանիչ արգելապատնեշներ, որոնք անվտանգություն կստեղծեն քաղաքացիների համար, սակայն մինչ այս պահը պատկան մարմինները մատը մատին չեն խփում՝ այդ կարևոր խնդիրը լուծելու համար: Միայն վերջին 10 օրում սա 3-րդ դեպքն է, երբ մարդ է ընկնում ջրանցքը, ինչը ողբերգական ավարտ է ունենում: Եղել են նաև դեպքեր, երբ, բարեբախտաբար, գյուղացիները համատեղ ուժերով կարողացել են ջրանցքում հայտնված դին դուրս բերել, իսկ որոշ դեպքերում էլ ավտոմեքենաներն են վթարի ենթարկվում և հայտնվում ջրանցքում: Հուսով ենք, որ այս դեպքից հետո պատկան մարմինները խոսքից կանցնեն գործի, հակառակ դեպքում չի բացառվում, որ հերթական ողբերգական դեպքը տեղի ունենա: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր