«Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք» ճամբարին մասնակցելու համար գրանցման փուլը շարունակվում է
Պորտուգալական «Bsports» ֆուտբոլի ակադեմիայի Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ Լևոն Ղասաբօղլյանը երկրորդ անգամ 9-16 տարեկան հայ պատանիների համար կազմակերպում է «Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք» խորագրով մանկապատանեկան ֆուտբոլային ճամբարը։ Մարտի 23-ից մեկնարկող հավաքի ժամանակ` 7 օրերի ընթացքում պատանի ֆուտբոլիստներին մարզելու են Պորտուգալիայից ժամանած փորձառու մասնագետները։
Այժմ ակադեմիայի հայաստանյան ներկայացուցիչը բանակցություններ է վարում ճամբարի տեղակայման վայրի և պորտուգալական ակումբի լավագույն մարզիչներին ներգրավելու շուրջ։
Նրա խոսքով՝ արվելու է հնարավորը պատանիների համար լավագույն պայմաններն ապահովելու համար, թե՛ կեցության, թե՛ մարզումների առումով։
«Bsports» ակադեմիայի գործադիր տնօրեն Պեդրո Լեիտիսն այս անգամ ևս իր համաձայնությունն է տվել մարզել հայ պատանիներին և նշել, որ մեծ սիրով երկրորդ անգամ կմարզի հայ պատանիներին, որպեսզի նրանք հետագայում իրենց արժանի տեղը գտնեն աշխարհի ֆուտբոլային ակումբներում։
Ըստ Լեիտիսի՝ հայ պատանիները մեծ ներուժ ունեն և պետք է սովորեն ֆուտբոլը խաղալ թիմային՝ փոխանցումներով, այլ ոչ թե ինքնուրույն վարել խաղը։
Ի դեպ՝ հենց այս ուղղությամբ են տարվում ակադեմիայի մեկշաբաթյա դասընթացները, որոնց ընթացքում՝ առաջին իսկ պարապմունքների ժամանակ, ակնհայտ է եղել արդյունքը։ Երեխաների մոտ ֆուտբոլային նոր տեխնիկայի, մարտավարության և մտահորիզոնի փոփոխության մասին փաստել են նաև ծնողները։
Բացառիկ այս ճամբարը նախատեսվում է կազմակերպել գարնանային արձակուրդների օրերին և արդեն մեկնարկել է հավաքագրման փուլը։
«Դիմողները բավականին շատ են։ Այս անգամ որոշել ենք 60 երեխա ընդգրկել: Եթե ցանկացողներն ավելի շատ լինեն, կմտածենք 2 փուլով անցկացնելու մասին:
Արդեն մեկ տասնյակից ավելի պատանի ֆուտբոլիստներ հավաքին ընդգրկվելու ցանկություն են հայտնել և նրանց ծնողներն էլ հաստատել են երեխաների մասնակցությունը», - ասել է նախաձեռնության հեղինակ Լևոն Ղասաբօղլյանը և հավելել, որ տեղերը սահամանափակ են, ուստի պետք է գրանցվելու համար շտապել։
Առաջին հավաքի արդյունքներով ընտրվել էին երկու մարզիկներ, ովքեր արդեն հունիսին մեկնելու են Պորտուգալիա և մեկ ամիս անվճար մարզվելու են «Bsports» ֆուտբոլային ակադեմիայում: Երկրորդ` գարնանային, հավաքի մասնակիցներին նույնպես սպասում են անակնկալներ:
Լևոն Ղասաբօլղյանն ընդգծել է, որ «Bsports»-ի հիմնական նպատակը հենց արտասահմանից տաղանդներ գտնելն է ու նշել՝ եթե այս երեխաներն իրենց լավ դրսևորեն Պորտուգալիայում, կարող են «Bsports»-ի ֆուտբոլիստներ դառնալ, որտեղ ուսումն անվճար կլինի:
Նա շեշտել է, որ ակադեմիայում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, իսկ ֆուտբոլիստները դառնում են պրոֆեսիոնալներ, որոնք իրենց նկատած գործակալների միջոցով հետագայում կարող են հարթել իրենց ճանապարհը:
Ըստ Ղասաբօղլյանի՝ չընտրված երեխաների համար նույնպես երեւանյան ճամբարը կարևոր փորձություն է հետագայում նոր ասպարեզներ նվաճելու համար։
[color=#EF2929]Հիշեցնենք, որ գրանցման փուլը դեռ ընթացքի մեջ է, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է զանգահարել 091 463 570 հեռախոսահամարով:[/color]