87579 դիտում
14:40 29-01-2020
Դանակահարություն Երևանում. «Ֆրանկ Ագրո Հոլդինգ» ՍՊԸ-ի մենեջերը դանակահարել է «Ավեստա» ՍՊԸ-ի տնօրենին. վերջինս, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չէ բացատրություն տալու
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 28-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանութան Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի, բաժնի պետի տեղակալ Սարգսյանի գլխավորությամբ։
Հիվանդանոցույմ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, և մինչ բժիշկները նրան օգնություն էին ցուցաբերում, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 55-ամյա Արթուր Հ-ն է։
Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում նրա և Երևանի բնակիչ՝ 38-ամյա Հայկ Դ-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Արթուր Հ-ին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հայկ Դ-ն դեպքից ժամեր անց ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Արթուր Հ-ն աշխատում է «Ավեստա» ՍՊԸ-ում՝ տնօրեն, իսկ Հայկ Դ-ն՝ «Ֆրանկ Ագրո Հոլդինգ» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Հետաքննիչի որոշմամբ էլ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: