211652_close_icon
views-count2803 դիտում article-date 15:28 30-01-2020

Բացառենք հողն առանց մրցույթի տրամադրելու պրակտիկան. վարչապետն օրակարգից հանեց որոշման նախագիծը

Ես ընդհանրապես, չեմ հասկանում, թե ինչու ենք առանց մրցույթի հողը տալիս որևէ ընկերության: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ կառավարության որոշմամբ առաջարկվում է Բագրատաշենի մաքսակետի և Բավրայի մաքսակետի տարածքներից «Դյութի ֆրի մարկետ Արմենիա» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրել: Ըստ նախագծի՝ նախատեսվում էր ՀՀ Տավուշի մարզի Այրում համայնքի ղեկավարին՝ Բագրատաշենի մաքսակետի և ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի համայնքի ղեկավարին՝ Բավրայի մաքսակետի կողմից զբաղեցրած և սպասարկման համար հատկացված տարածքներից «Դյութի ֆրի մարկետ Արմենիա» ՍՊԸ-ին 49 տարի ժամկետով կառուցապատման իրավունք տալ, առանց մրցույթի, տրամադրել համապատասխանաբար՝ 1036 քառ. մետր և 565.3 քառ. մետր մակերեսով հողամասեր: Նախատեսվում է, որ ընկերությունը Բագրատաշենում կկատարի 2,5 մլն եվրոյի ներդրում, իսկ Բավրայում 1,5 մլն եվրոյի ներդրում, որի արդյունքում Բագրատաշենում ստեղծվելու է 150 աշխատատեղ, իսկ Բավրայում 100 աշխատատեղ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ խնդիրը պետական-մասնավոր համագործակցության օրենքի մեջ է: Վարչապետը կոչ արեց բացառել, որ կառավարության որոշմամբ առանց մրցույթի որևէ հողատարածք տրամադրվի որևէ ընկերության: «Պետք է ասենք, որ այս ընկերությունը նման առաջարկ է արել և ով ունի ավելի լավ առաջարկ: Հակառակ դեպքում կհայտնվի մեկ այլ ընկերություն և կասի՝ այդ նույն հողին ես էլ էի հավակնում, ի՞նչ սկզբունքով եք տվել իրեն, ոչ թե ինձ»,- ասաց նա: Հարցը զեկուցող ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ այս դեպքում եղել է 4 առաջարկ, իրենք նպատակ ունեն 4-ին էլ բավարարել: Վարչապետը նշեց, որ եթե բոլորին էլ նախատեսում են բավարարել, ուրեմն կառավարության որոշմամբ պետք է հողը դրվի աճուրդի և ով առավելագույն գումարը վճարի, թող հաղթի: «Ես առաջարկում եմ հիմա սա հանենք օրակարգից, և, ով հետաքրքրված է այսպիսի ծառայությամբ, թող գա մասնակցի, սահմանենք խիստ աճուրդային պայմաններ, թե ոնց պետք է այդ հողը հասնի ինչ-որ մեկին: Ընդհանրապես եկեք վերացնենք պրակտիկան, որ կառավարությունը որոշեց հողը առանց մրցույթի տալ»,- ասաց նա: Այսպիսով` հարցը հանվեց օրակարգից և վարչապետը նշեց, որ սպասում է նոր որոշման քննարկման:

Նմանատիպ նյութեր