211652_close_icon
views-count1395 դիտում article-date 16:35 30-01-2020

ՀՀ 10 հանրակրթական դպրոցում գործում են մասնագիտական կողմնորոշման ակումբներ

ՀՀ մարզերի և Երևանի 10 հանրակրթական դպրոցում գործում են մասնագիտական կողմնորոշման ակումբներ` սովորողներին ապագա մասնագիտության ընտրության հարցում ուղղորդելու և աջակցելու նպատակով: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, նախորդ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից 8-11-րդ դասարանների շուրջ 829 աշակերտներ շաբաթական մեկ անգամ մասնագիտական կողմնորոշման ակումբներում մասնակցել են խմբակների և ստացել գիտելիքներ աշխարհում գոյություն ունեցող մասնագիտությունների, աշխատաշուկայի պահանջների վերաբերյալ: Ծրագիրն իրականացվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների համագործակցությամբ` «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության` հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակում: ԿԳՄՍ նախարարությունում հրավիրված քննարկման ժամանակ ամփոփվել են փորձնական ծրագրի արդյունքները: ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշել է, որ մասնագիտական կողմնորոշման աջակցությունը կրթության և դաստիարակության կարևոր բաղադրիչ է. «Արագ փոփոխվող մասնագիտությունների ներկա ժամանակաշրջանում առանց մասնագիտական կողմնորոշման կրթության հետագա արդյունավետ պլանավորումն ու կարիերայի կառուցումն անհնար է: Մենք կարևորում ենք դպրոցներում մասնագիտական կենտորնների ներդրումը և նախատեսում ենք արդյունքների ամփոփումից և վերլուծությունից հետո ծրագիրն ընդլայնել` նման կենտրոններ ներդնելով բոլոր դպրոցներում: Երբեմն պատահում է, որ մարդիկ ընտրում են որևէ մասնագիտություն, սակայն կարճ ժամանակ անց հասկանում են, որ սխալվել են: Աշակերտը դպրոցում պետք է իմանա` ինչպիսի մասնագիտություններ կան, ինչպիսի մասնագիտություն կարող է ինքն ընտրել»,- նշել է Ա. Արշակյանը: Քննարկման ընթացքում ներկայացվել է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության «Թիրախային դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ակումբների գնահատում» հետազոտությունը: Նշված 10 դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ակումբներ ձևավորելու նպատակով կատարվել է դասասենյակների վերանորոգում, կահույքի և տեխնիկայի տրամադրում, դասավանդողների վերապատրաստում: Համաձայն ուսումնասիրության` մասնագիտական կողմնորոշման դասավանդումը 5 միավորանոց համակարգով ուսուցիչները գնահատել են 4,5 միավոր, տնօրենները` 5 միավոր, որպես հիմնավորում նշելով, որ դասընթացը կարևոր է աշակերտների հետագա մասնագիտական կարիերայի պլանավորման համար: Արդյունավետ է գնահատվել նաև դասընթացի բովանդակությունը: Մասնագիտություն ընտրելու համար աշակերտները կարևորում են՝ ինքնաճանաչումը, իրենց ուժեղ և թույլ կողմերի, կարողությունների (ընդունակությունների), ցանկությունների և հետաքրքրությունների մասին իմացությունը: Մոտեցումները տարբեր են այն հարցում, թե երբ է պետք սկսել կրթության շարունակականության պլանավորումն ու մասնագիտական նախնական կողմնորոշումը: Մասնագիտական կողմնորոշման դասընթացը հանրակրթության համակարգում ամբողջությամբ ներդնելու համար կարևորվել է ֆինանսավորման բաղադրիչը, դասավանդման արդյունավետությունը:

Նմանատիպ նյութեր