211652_close_icon
views-count9443 դիտում article-date 22:01 01-02-2020

Ինչո՞ւ չեղարկվեց Ջամալայի համերգը Երևանում. «Դրիմ փրոջեքթ»-ը պարզաբանում է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Փետրվարի 14-ին Երևանում «Դրիմ փրոջեքթ»-ի նախաձեռնությամբ առաջին անգամ պետք է կայանար հայտնի երգչուհի Ջամալայի մենահամերգը, սակայն երգչուհու պաշտոնական էջում երեկ հրապարակվեց տեղեկություն, որ համերգը չի կայանալու։ Բացի այդ, 168.am-ին երգչուհու PR տնօրեն Դենիս Կոզլովսկին հայտնել էր, որ Ջամալայի Երևանում կայանալիք համերգի համար հարցում եղել է, բայց կազմակերպիչներն այն չեն հաստատել։ «Դրիմ փրոջեքթ»-ի ներկայացուցիչ Հայկ Անդրեասյանը, պարզաբանելով ստեղծված իրավիճակը, նշում է, որ խնդիրն առաջացել է Ջամալայի ներկայացուցիչների ուղարկած ադրբեջանական բանկի հաշվեհամարից: «Համերգի համար, երբ որ առաջին պայմանագիրը իրենք ուղարկեցին, նշված էր, որ 2019-ի դեկտեմբերի 17-ին մենք կանխավճար պետք է փոխանցեինք, բայց քանի որ առջևում Ամանորն էր, մենք պայմանավորվեցինք փոխանցումը կատարել հունվարի 10-ին, իրենք համաձայնվեցին: Խնդիրն առաջացել է նրանից, որ Ջամալայի ներկայացուցիչները մեզ ուղարկել են ադրբեջանական բանկի հաշվեհամար, չնայած, որ բանկը գտնվում է Լոնդոնում, բայց Բաքվի ''MuganBank''-ն է: Դե, բնակաբար, Հայաստանից Ադրբեջան փոխանցում հնարավոր չեղավ իրականացնել։ Հետո մենք խոսեցինք իրենց հետ, բացատրեցինք իրավիճակը, նրանք մեզ առաջարկեցին գնալ Թիֆլիս և այնտեղ առձեռն տալ մի մարդու այդ գումարը, բայց այդպես մենք չհամաձայնեցինք: Առաջարկեցինք, որ մեզ տրամադրեն այլ բանկի հաշվեհամար: Սպասեցինք , որ մեզ ուղարկեն նոր հաշվեհամար այլ բանկից, որը նրանք տրամադրել են 3 օր առաջ: Մենք նոր հաշվեհամարով կազմեցինք պայմանագիրը, ուղարկեցինք, որ հաստատեն: Բայց առանց մեզ պատասխանելու նրանք չեղարկեցին համերգը, որի մասին մենք ինքներս տեսանք Ջամալայի էջում»,- ասաց Հայկ Անդրեասյանը: «Դրիմ փրոջեքթ»-ի ներկայացուցիչը նաև կարևորեց այն, որ տոմսերի վաճառքը սկսվել է միայն այն բանից հետո, երբ Ջամալայի պաշտոնական էջում իրենց կողմից տեղադրվել էր Երևանում կայանալիք համերգի մասին տեղեկությունը: «Իրենց հետ ընթացող բանակցությունների բոլոր մանրամասները մեզ մոտ կա՝ ուղարկված պայմանագրերը, նկարները և շատ այլ մանրամասներ: Քանի որ հաշվեհամարի խնդիրն էր միայն, որը իրենց կողմից էր առաջացել, ապա երկկողմանի որոշվեց, որ տոմսերի վաճառքն արդեն կարող ենք սկսել միչև այդ հարցի կարգավորումը: Այն պահից, երբ Ջամալայի պաշտոնական էջում տեղադրվեց պաստառն առ այն, որ Ջամալան այստեղ կունենա համերգ, սկսվեց տոմսի վաճառքը: Իր էջից ուղիղ հղումով անցնելով Tomsarkgh.am՝ մարդիկ գնում էին տոմսեր: Առանց իր պաշտոնական էջի հայտարարության մենք չէինք կարող սկսել գովազդային արշավը: Ասեմ ավելին՝ մենք ամբողջությամբ իրենց թելադրած կանոնակարգով ենք շարժվել»-հավելեց Հայկ Անդրեասյանը: Նա նաև նշեց, որ ամբողջ խնդիրը միայն ադրբեջանական բանկի հետ էր կապված, և նրանց կողմից անսպասելի չեղարկումը անհասկանալի էր, իսկ բոլոր նրանք, ովքեր ձեռք են բերել տոմսեր, կարող են վերադարձնել և վերցնել գումարը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր