211652_close_icon
views-count2629 դիտում article-date 19:52 04-02-2020

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Շահինյանը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը խորին վշտով հայտնում է, որ 2020թ. փետրվարի 4-ին 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Արտաշեսի Շահինյանը: Ակադեմիկոս Արամ Շահինյանի գիտական գործունեությունը վերաբերում էր հեղուկ բյուրեղների, մակերևութաակտիվ նյութերի միցելների և կենսաբանական թաղանթների կառուցվածքային անցումների ու նրանց ֆունկցիոնալ հատկությունների փոխադարձ կապին։ Առաջարկել է նշված համակարգերում կառուցվածքային անցումների տեսություն, զարգացրել է քիմիական և կենսաբանական տեղեկագիտական գիտությունների ուղղությունը: Նա 250-ից ավելի գիտական հոդվածների, 3 մենագրության, 1 գրքի հեղինակ էր և 3 գրքի համահեղինակ: Արամ Շահինյանը մեծ ներդրում է ունեցել իոնական պոլիմերների առաջացման մեխանիզմների և հատկությունների փոխադարձ կապի տեսության ստեղծման գործում: Ստացված արդյունքները դարձել են դասական և օգնել ստեղծել պոլիացետալների արդյունաբերական արտադրություն: Միցելների ջրային լուծույթների ֆիզիկական քիմիայի և էմուլսիոն պոլիմերացման բնագավառում Արամ Շահինյանը մշակել է էմուլսիոն պոլիմերների ստացման մեխանիզմի և հատկությունների վրա համակարգի դինամիկ կառուցվածքի ազդեցության տեսությունը: Մակերեսային ակտիվ միացությունների լուծույթների վերաբերյալ Արամ Շահինյանի կողմից առաջարկված պատկերացումների շնորհիվ զարգացել է նոր գիտական ուղղություն: Արամ Շահինյանի ղեկավարությամբ 2000 թվականից Հայաստանում ակտիվորեն զարգացել է համակարգչային քիմիա և կենսաբանություն ուղղությունը: Առաջին անգամ Հայաստանում հիմնադրվել են մոլեկուլային դինամիկայի և համակարգչային թաղանթաբանություն գիտական ուղղությունները՝ ընդգրկելով ֆոսֆոլիպիդային թաղանթների, միցելային լուծույթների և լիոտրոպ հեղուկ բյուրեղների հետազոտության ոլորտները: Հաշվողական ռեսուրսների կիրառմամբ ստացվել են նոր գիտական արդյունքներ, որոնք հրատարակվել են աշխարհի բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում: Արամ Շահինյանը 1992-1999 թթ. եղել է ՀՀ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար, 1999-2011 թթ.՝ ՀՀ ԳԱԱ նախագահի տեղակալ, ՀՀ ԳԱԱ բնական, ապա քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար: 1996-2007թթ. նա եղել է Եվրոպական «INTAS» կազմակերպության գործունեության համակարգողը Հայաստանում, 1996-1997 թթ.՝ Հայ-Ռուսական համալսարանի ստեղծման համատեղ հանձնաժողովի համանախագահ: Արամ Շահինյանը 2008թ-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի, 2009թ. արժանացել է գիտության վաստակավոր գործչի կոչման: Ճանաչված գիտնականի, բարյացկամ անձնավորության հիշատակը միշտ վառ կմնա նրա հարազատների և գործընկերների սրտերում: Արամ Շահինյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 5-ին՝ ժամը 18:00-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հրաժեշտի արարողությունը` փետրվարի 6-ին՝ ժամը 12:00-13.30-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից (հասցե` Մարշալ Բաղրամյան պող., 24):

Նմանատիպ նյութեր