211652_close_icon
views-count2465 դիտում article-date 10:53 12-02-2020

Պոետն ակնհայտորեն հակադրվում է պոպուլիզմին, իսկ մեծ հաշվով՝ հեղափոխականությանը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այսօրվա «համացանցային հրապարակախոսության» մեջ, հավանաբար, ամենահաճախակի մեջբերվողը Գարեգին Նժդեհի խոսքերն են «ազգի տականքի» և «ներքին թուրքի» մասին: Նժդեհի ժառանգությունն, այդպիսով, «յուրացված» է: Հովհաննես Թումանյանը, ցավոք թե բարեբախտաբար, նման բառեր չէր օգտագործում և, հետևաբար, վիրտուալ ոլորտում մեջբերվող հեղինակներից չէ: Դրանից նրա մտքերը պակաս արդիական չեն դառնում: Այսօր, թերևս, արժե արձանագրել, որ նա մի մարդ էր, որն անկեղծորեն սիրում էր ժողովրդին, խորապես հասկանում էր նրա հոգեբանական արքետիպը, բայց երբեք չէր իդեալականացնում նրան, առավել ևս՝ չէր փորձում նրան հաճոյանալ: 1907 թվականին իր հայտնի «Անկեղծ չենք» հոդվածում Թումանյանը գրում էր. «Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը: Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: «Ժողովուրդն այսպես է կամենում․․․ Ժողովուրդը մեզ հետ է․․․ Ժողովուրդը ձեզ կդատի․․․ Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ․․․»: Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կեղծում»: Պոետն այստեղ ակնհայտորեն հակադրվում է պոպուլիզմին, իսկ մեծ հաշվով՝ նաև հեղափոխականությանը: Որովհետև հենց հեղափոխականներն են, որ կարողանում են որսալ կոլեկտիվ բնազդները և, դրանք «թեժացնելով», ձևակերպել՝ որպես «ժողովրդի պահանջ», «ժողովրդի կամք»: Մտավորականի և հեղափոխականի որոշակի (ոչ սուր, բայց ակնհայտ) հակադրությունը գրեթե անխուսափելի է, քանի որ առաջինի համար կարևոր է մարդը, անհատը, երկրորդի համար՝ զանգվածը: Անհատներով քաղաքական նպատակների չես հասնի, այդ նպատակների համար պետք են մարդկանց մեծ խմբեր, որոնց մտածողությունը ստանդարտացված է, «միջինացված», զուրկ է քննադատական մոտեցումներից: Եկեք այդ հակադրությանը նայենք հակառակ, այսինքն՝ հեղափոխականի տեսանկյունից: Նույն ժամանակաշրջանում՝ 1908 թվականին ռուս բոլշևիկների առաջնորդը՝ Լենինը, հոդված է գրում Լև Տոլստոյի մասին՝ գտնելով, որ վերջինս իր կամքից անկախ արտացոլել է ռուսական հեղափոխությունը: Արժանին մատուցելով Տոլստոյի հանճարին և գրողի կողմից՝ տիրող բարքերի անխնա քննադատությանը, Լենինը «մյուս կողմից» խիստ ագրեսիվ տոնով հարձակվում է Տոլստոյի վրա՝ նրա դեմ առաջ քաշելով հետևյալ մեղադրանքները. 1/ «ի Քրիստոս խենթացյալ կալվածատեր» է (ռուսերենում յուրահատուկ հասկացություն կա՝ юродство, որը բազմաթիվ իմաստային շերտեր է պարունակում և զուտ «խենթություն» կամ «խևություն» չէ), 2/ «ռուս ինտելիգենտ» կոչվող մաշված, հիստերիկ մի թուլակամ» է, որը զբաղվում է բարոյական ինքնակատարելագործմամբ (ինչն, ըստ Լենինի, մահացու մեղք է), 3/ քարոզում է չարիքին բռնությամբ չդիմադրելը: 20-րդ դարում Ռուսաստանը գնաց այն ճանապարհով, որը մատնանշել էր բոլշևիկ-հեղափոխականը և բացարձակապես հաշվի չառավ այն գաղափարները, որոնք առաջ էր քաշում իր մեծագույն գրողներից մեկը: Հայաստանը որպես անկախ պետություն երկար պատմություն չունի և դեռևս գտնվում է անցումային փուլում: Գուցե դեռ ժամանակ կա՞ իմաստավորելու մեծ բանաստեղծի ու մտածողի ժառանգությունը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի ասյօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր