211652_close_icon
views-count4556 դիտում article-date 16:10 20-02-2020

ՀՀ-ն ՄԻԵԴ-ի «Աղանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով 22 հայցվորներին 11․000-ական եվրո կվճարի

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ՄԻԵԴ-ում «Աղանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով 2019 թվականի դեկտեմբերի 5-ի վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացնել 242 հազար եվրոյին համարժեք դրամ` 22 դիմումատուներին (յուրաքանչյուրին11 հազարական եվրո) վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՄԻԵԴ վճռի կատարման պարտադիր հիմնական պայմաններից մեկն է դիմումատուի խախտված իրավունքների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի ֆինանսական հատուցումների վճարումը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Աղանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով 2019 թվականի դեկտեմբերի 5-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը 22 դիմումատուներից յուրաքանչյուրին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 11․000 (տասնմեկ հազար), իսկ ընդհանուր առմամբ՝ 242,000 (երկու հարյուր քառասուներկու հազար) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի դեկտեմբերի 5-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2020 թվականի մարտի 5-ն է:

Նմանատիպ նյութեր