211652_close_icon
views-count17069 դիտում article-date 12:06 22-03-2020

Կորոնավիրուսի փոթորիկը կանցնի, բայց մենք կապրենք այլ աշխարհում. Յուվալ Նոյ Հարարի. News.am

[url=https://news.am/arm/news/567508.html?fbclid=IwAR0NVyvG7ni6vzftbI8PDQPoSiVu1aJdb9rKQrGfPgYiQ7x8p_eRzFKYCUA]News.am[/url]-ը գրում է. Իսրայելցի հայտնի պատմաբան Յուվալ Նոյ Հարարին Financial Times-ում հրապարակել է «Աշխարհը կորոնավիրուսից հետո» հոդվածը, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև։ Այս փոթորիկը կանցնի։ Բայց ընտրությունը, որը կանենք հիմա, կարող է փոխել մեր կյանքը ապագա շատ տարիների համար։ Մարդկությունն այժմ բախվել է գլոբալ ճգնաժամի։ Գուցե մեր սերնդի մեծագույն ճգնաժամին։ Որոշումները, որ մարդիկ ու կառավարությունները կայացնելու են մոտակա շաբաթներում, հավանաբար, կձեւավորեն գալիք տարիների աշխարհը։ Դրանք կձեւավորեն ոչ միայն մեր առողջապահական համակարգը, այլեւ տնտեսությունը, քաղաքականությունն ու մշակույթը։ Մենք պետք է արագ եւ վճռական գործենք։ Մենք նաեւ պետք է հաշվի առնենք մեր քայլերի երկարաժամկետ հետեւանքները։ Այլընտրանքների միջեւ ընտրություն կատարելիս պետք է հարցնենք ինքներս մեզ ոչ միայն, թե ինչպես պետք է հաղթահարենք անմիջական վտանգը, այլեւ ինչպիսի աշխարհում ենք ապրելու փոթորկից հետո։ Այո, փոթորիկը կանցնի, մարդկությունը կփրկվի, մեզնից շատերը ողջ կլինեն, բայց մենք կապրենք այլ աշխարհում։ Շատ կարճաժամկետ արտակարգ միջոցառումներ կդառնան կյանքի մի մասը։ Դա է արտակարգ իրավիճակների էությունը։ Դրանք արագացնում են պատմական գործընթացները։ Որոշումները, որ սովորական կյանքում տարիներով քննարկումների առարկա կլինեին, կայացվում են ժամերի ընթացքում։ Գործարկվում են նորաստեղծ եւ անգամ վտանգավոր տեխնոլոգիաները, քանի որ ոչինչ չանելու ռիսկերն ավելի մեծ են։ Ամբողջական երկրներ ծառայում են որպես «փորձարարական կենդանիներ» մեծամասշտաբ սոցիալական փորձարկումներում։ Ի՞նչ է տեղի ունենում, երբ բոլորն աշխատում են տնից եւ հաղորդակցվում միայն հեռավորության վրա։ Ի՞նչ է տեղի ունենում, երբ դպրոցները եւ համալսարանները դառնում են առցանց։ Սովորական ժամանակներում կառավարությունները, բիզնեսներն ու կրթական խորհուրդները երբեք չէին համաձայնի նման փորձերի անցկացմանը։ Բայց սրանք նորմալ ժամանակներ չեն։ Ճգնաժամի այս ժամանակաշրջանում մենք հատկապես պետք է կայացնենք երկու կարեւոր ընտրություն։ Առաջինը տոտալիտար վերահսկողության եւ քաղաքացիների հզորացման միջեւ է, երկրորդը՝ ազգային մեկուսացման եւ գլոբալ համերաշխության միջեւ։ Հսկողություն՝ «մաշկի տակի» Էպիդեմիան կանգնեցնելու համար բնակչությունը պետք է ենթարկվի հստակ կանոնների։ Կա սրան հասնելու երկու հիմնական ճանապարհ։ Մեթոդներից մեկն այն է, որ կառավարությունը հսկի եւ պատժի նրանց, ովքեր խախտում են կանոնները։ Այսօր՝ մարդկային պատմության մեջ առաջին անգամ տեխնոլոգիաները թույլ են տալիս անընդհատ հսկել բոլորին։ Հիսուն տարի առաջ ԿԳԲ-ն չէր կարող Խորհրդային միության 240 միլիոն բնակչին 24 ժամ հետեւել, ոչ էլ կարող էր հույս ունենալ, որ ամբողջ հավաքված ինֆորմացիան արդյունավետորեն մշակվում է։ ԿԳԲ-ն հենվում էր մարդ-գործակալների եւ վերլուծաբանների վրա եւ պարզապես չէր կարող ստիպել մարդ-գործակալին հետեւել յուրաքանչյուր բնակչի։ Բայց այժմ կառավարությունները կարող են հենվել ամենուրեք տեղակայված սենսորների եւ հզոր ալգորիթմների վրա՝ միս ու արյունից կազմված ուրվականների փոխարեն։ Կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում որոշ կառավարություններ արդեն իսկ կիրառում են հսկողական գործիքներ։ Ամենանշանակալի դեպքը Չինաստանն է։ Մարդկանց սմարթֆոնները մանրամասն հետեւելով, օգտագործելով հարյուր միլիոնավոր դեմք ճանաչող տեսախցիկներ եւ պարտավորեցնելով մարդկանց ստուգել եւ զեկուցել իրենց մարմնի ջերմաստիճանը եւ առողջական վիճակը՝ Չինաստանի ղեկավարները կարող են ոչ միայն արագորեն ճանաչել իդենտիֆիկացնել կորոնավիրուսի կասկածյալ կրողներին, այլեւ հետեւել նրանց քայլերին եւ նույնականացնել ցանկացածին, ով նրանց հետ կոնտակտ է ունեցել։ Մի շարք հեռախոսային ծրագրեր զգուշացնում են քաղաքացիներին վարակված հիվանդների հետ իրենց մոտիկության մասին։ Այս տեսակ տեխնոլոգիան չի սահմանափակվում միայն Արեւելյան Ասիայով։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վերջերս լիազորեց երկրի անվտանգության ծառայությանը կիրառել վերահսկողական տեխնոլոգիաները, որոնք սովորաբար պահվում են ահաբեկիչների դեմ պայքարի համար՝ հետեւելու կորոնավիրուսով հիվանդներին։ Երբ համապատասխան խորհրդարանական հանձնաժողովը մերժեց թույլատրել այդ միջոցառումները, Նեթանյահուն ճեղքեց այն «արտակարգ դրության» միջոցով։ Դուք կարող եք պնդել, որ սրանում ոչ մի նոր բան չկա։ Վերջին տարիներին կառավարություններն ու կորպորացիաները օգտագործել են ավելի բարդ տեխնոլոգիաներ մարդկանց հետեւելու, վերահսկելու եւ մանիպուլացնելու համար։ Ամեն դեպքում եթե մենք ուշադիր չլինենք, էպիդեմիան կարող է կարեւոր ջրբաժան դառնալ վերահսկողության պատմության մեջ։ Ոչ միայն որովհետեւ կարող է սովորական դարձնել զանգվածներին վերահսկող գործիքների տեղակայումը երկրներում, որոնք դեռեւս հրաժարվում են դրանցից, այլ ավելի շատ այն պատճառով, որ դա խորհրդանշում է դրամատիկ անցում «վերմաշկայինից» «ներմաշկային» վերահսկողության։ Մինչ այս, երբ ձեր մատը դիպչում էր սմարթֆոնի էկրանին եւ սեղմում հղման վրա, կառավարությունը ցանկանում էր իմանալ, թե կոնկրետ ինչ էր սեղմում ձեր մատը։ Բայց կորոնավիրուսի պայմաններում հետաքրքրության կենտրոնը փոխվում է։ Հիմա կառավարությունը ցանկանում է իմանալ ձեր մատի ջերմաստիճանը եւ արյան ջերմաստիճանը մաշկի տակ։ Արտակարգ պուդինգը Խնդիրներից մեկը, որին մենք բախվում ենք, երբ փորձում ենք հասկանալ, թե որտեղ ենք գտնվում հսկողության տակ, այն է, որ մեզանից ոչ մեկ հստակ չգիտի, թե ինչպես է վերահսկվում եւ ինչ կարող են գալիք տարիները բերել իրենց հետ։ Վերահսկողական մեխանիզմները զարգանում են գլխապտույտ արագությամբ, եւ այն, ինչ 10 տարի առաջ գիտական ֆանտաստիկա էր թվում, այսօր արդեն հնացած նորություն է։ Պատկերացնենք հիպոթետիկ կառավարություն, որը պահանջում է, որ յուրաքանչյուր քաղաքացի կրի բիոմետրիկ թեւնոց, որը վերահսկում է մարմնի ջերմաստիճանը եւ սրտի աշխատանքի հաճախությունը օրը 24 ժամ։ Ստացված տվյալները հավաքվում եւ վերլուծվում են կառավարության ալգորիթմների կողմից։ Ալգորիթմները կիմանան, որ դուք հիվանդ եք, անգամ մինչեւ դուք ինքներդ դրա մասին կտեղեկանաք, եւ նրանք նրանք նաեւ կինանան, թե որտեղ եք եղել, ում եք հանդիպել։ Վարակման շղթան կարող էր կտրուկ կարճանալ, եւ անգամ կտրվեր։ Այսպիսի համակարգը կարող էր հավանաբար կանգնեցնել էպիդեմիան մի քանի օրում։ Հրաշալի է հնչում, այնպես չէ՞։ Խնդիրը, սակայն, այն է, որ դա կարող է օրինական դարձնել նոր, սարսափելի վերահսկողական համակարգը։ Եթե դուք գիտեք, օրինակ, որ ես սեղմել եմ Fox News-ի հղման վրա, ոչ թե CNN-ի, դա կարող է ձեզ որեւէ բան ասել իմ քաղաքական հայացքների եւ հնարավոր է, անգամ իմ անձի մասին։ Բայց եթե դուք կարող եք վերահսկել, թե ինչ է կատարվում իմ մարմնի ջերմաստիճանի, արյան ճնշման եւ սրտի կծկումների հաճախության հետ, երբ ես նայում եմ որոշակի տեսանյութ, դուք կարող եք հասկանալ, թե ինչն է ինձ ստիպում ծիծաղել, լացել, եւ ինչն է ինձ իսկապես բարկացնում։ Կարեւոր է հիշել, որ ջղայնությունն, ուրախությունը, ձանձրույթն ու սերը բիոլոգիական երեւույթներ են, ինչպես տաքությունն ու հազը։ Նույն տեխնոլոգիան, որ ճանաչում է հազը, կարող է նաեւ ճանաչել ծիծաղը։ Եթե կորպորացիաները եւ կառավարությունները սկսեն մասսայաբար հավաքել մեր կենսաչափական տվյալները, նրանք կարող են մեզ ճանաչել շատ ավելի լավ, քան մենք ինքներս, եւ հետագայում նրանք կարող են կանխատեսել ոչ միայն մեր զգացմունքները, այլեւ ղեկավարել դրանք եւ վաճառել մեզ այն, ինչ ցանկանում են․ լինի դա ապրանք, թե քաղաքական գործիչ։ Կենսաչափական վերահսկողությունը դեպքում Cambridge Analytica-ի տվյալների հակերության տակտիկան կարող է Քարե դարից թվալ։ Պատկերացրեք Հյուսիսային Կորեան 2030 թվականին, երբ յուրաքանչյուր քաղաքացի պետք է կրի կենսաչափական թեւնոց օրը 24 ժամ։ Եթե լսեք Մեծ առաջնորդի ելույթները եւ թեւնոցը նշմարի ջղայնությունը մատնող նշաններ, դուք կորած եք։ Դուք կարող եք, իհարկե, կենսաչափական վերահսկողությունը արդարացնել որպես ժամանակավոր միջոցառում արտակարգ իրավիճակի ժամանակ։ Այն կվերանա, երբ արտակարգ իրավիճակն ավարտվի։ Բայց ժամանակավոր միջոցառումները զզվելի հատկություն ունեն վերապրելու արտակարգ իրավիճակները, հատկապես քանի որ միշտ ինչ-որ արտակարգ իրավիճակ է թաքնված հորիզոնում։ Իմ հայրենիք Իսրայելում, օրինակ, 1948 թվականի Անկախության պատերազմի ընթացքում արտակարգ իրավիճակ հայտարավեց, որը արդարացնում էր մի շարք ժամանակավոր միջոցառումներ՝ մամուլի գրաքննությունից եւ հողերի բռնագրավումից մինչեւ պուդինգ պատրաստելու հատուկ հրահանգներ (ես կատակ չեմ անում)։ Անկախության պատերազմը երկար ժամանակ է, ինչ հաղթանակով ավարտվել է, բայց Իսրայելը արտակարգ իրավիճակը ավարտված չի հայտարարել եւ չի չեղարկել 1948 թվականի շատ «ժամանակավոր» միջոցառումները (արտակարգ պուդինգի հրամանը գթասրտորեն չեղարկվել է 2011-ին)։ Անգամ երբ կորոնավիրուսից վարակվածների թիվը նվազի մինչեւ 0, որոշ տվյալների քաղց ունեցող կառավարությունները կարող են պնդել, որ պետք է պահեն կենսաչափական վերահսկողության համակարգերը, որովհետեւ վախենում են կորոնավիրուսի երկրորդ ալիքից, կամ քանի որ էբոլայի նոր տեսակ է զարգանում կենտրոնական Ասիայում, կամ որովետեւ․․․ գաղափարը հասկանալի է։ Վերջին տարիներին մեծ պայքար է ընթանում մեր գաղտնիության շուրջ։ Կորոնավիրուսային ճգնաժամը կարող է այդ պայքարի առանցքը դառնալ։ Քանի որ երբ մարդիկ պետք է ընտրեն գաղտնիության եւ առողջության միջեւ, նրանք որպես կանոն կընտրեն առողջությունը։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/567508.html?fbclid=IwAR0NVyvG7ni6vzftbI8PDQPoSiVu1aJdb9rKQrGfPgYiQ7x8p_eRzFKYCUA]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր