211652_close_icon
views-count810 դիտում article-date 16:48 10-04-2020

Հետևություններ անելու համար դեռ շատ վաղ է. նախարար Թորոսյանը կոչ արեց դեպքերի փոքր թվերը տեսնելով «չթուլանալ»

Թեև վերջին օրերին կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը Հայաստանում անկում է ապրում, սակայն նկատելի է աղբյուրների բազմազանություն. չպետք է թուլանալ ու լինել ավելի հանգիստ: «[url=https://armenpress.am/arm/news/1011784.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Հայաստանում, իհարկե, վերջին օրերին մենք տեսնում ենք, որ հաստատված դեպքերի թիվը հարաբերականորեն անկում է ապրել, և դա նաև հետևանք է արտակարգ դրության և արտակարգ դրության վերջին 2 շաբաթվա ավելի խիստ սահմանափակումների ռեժիմի, սակայն դա խնդիր ունի պահպանման: Այսինքն՝ տեսնելով ցածր թվեր, մենք չպետք է «թուլանանք» կամ լինենք ավելի հանգիստ՝ համարելով, որ ամեն ինչ հետևում է: Իրականում դա այդպես չէ: Եվ ցածր թվերով ունենալով՝ մենք ունենք աղբյուրների բազմազանություն, երբ հաստատված դեպքերը տարբեր աշխարհագրական աղբյուրներից են: Իրականում կորոնավիրուսի շրջանառությունը տեղ ունի Հայաստանում»,-ասաց նախարարը: Նրա խոսքով՝ փոխանցման շղթաները կոտրելու գործողությունները պետք է լինեն երկարատև: «Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանը բավականին երկարատև է և այն բավական դանդաղ է դուրս գալիս օրգանիզմից, նույնիսկ այն դեպքերում, երբ պացիենտը որևէ նշաններ չունի: Հետևաբար, հետևություններ անելու համար դեռ շատ վաղ է, և պետք է մեր զգոնությունը չկորցնենք և շարունակենք բոլոր գործողությունները՝ նույնիսկ ավելի լայն թափ տալով այն գործողություններին, ինչ արել ենք մինչև օրս: Դա պացիենտների հայտնաբերումն է, նրանց թեստավորումը, բուժումը, կոնտակտավորների մեկուսացումը և այնպես շարունակ, մինչև կամ կլինի հիվանդության ամբողջական բուժում կամ պատվաստում»,-ասաց նախարարը: Նախարարի խոսքով՝ պետք է ունենալ կառավարելի թվով պացիենտներ, դա է պետության խնդիրը: Հայաստանում ապրիլի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 937 է։ Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 11-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 149: Այս պահին առկա է մահվան 12 դեպք:

Նմանատիպ նյութեր