566 դիտում
10:45 17-04-2020
Մեկը մյուսի հաշվին չի կարող հեղինակություն ձեռք բերել․ խնդրում եմ՝ շրջահայաց եղեք․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Չեմ ուզում դարձյալ անդրադառնալ այն խնդրին, թե որքանով է արդարացված Ամենայն հայոց կաթողիկոսի հորդորը՝ փոխել Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Կարող եմ պարզապես արձանագրել, որ մեր համաքաղաքացիներից շատերը շփոթում են խափանման միջոցի փոփոխությունը քրեական հետապնդումը դադարեցնելու կամ դատարանի առաջ չկանգնելու հետ: Ամբաստանյալին կալանքից ազատելը նշանակում է նրան բաց թողնել՝ մինչև դատավճիռը: Կալանքն ամենախիստ խափանման միջոցն է, որին այլընտրանք կարող են լինել այլ խափանման միջոցներ՝ ստորագրություն չհեռանալու մասին կամ գրավ: Այդ առումով, եթե մի կողմ թողնենք բոլոր հանգամանքները, Վեհափառի միջնորդության մեջ որևէ արտառոց բան չկա:
Չեմ պատրաստվում պաշտպանել Գարեգին Երկրորդի անձը: Ինձ համար այդ ֆիգուրը վիճելի է, բայց այն, ինչ հիմա եմ ուզում ասել, անձերից շատ ավելի կարևոր է: Խոսքս այն մասին է, որ հեղափոխությունից հետո հարձակումները ոչ թե կաթողիկոսի, ոչ թե որևէ եպիսկոպոսի, այլ Հայ առաքելական եկեղեցու վրա ավելի հաճախ և ավելի համակարգված են դարձել: Եվ վերջին իրադարձությունը, կարծես թե, պատրվակ է դարձել՝ այդ ճնշումն ուժեղացնելու համար: Իմ տպավորությամբ՝ ներկայիս իշխանությունը խրախուսում է նման հարձակումները՝ իր առջև դնելով ինչ-ինչ քաղաքական նպատակներ: Պաշտոնատար անձանց որոշ հայտարարությունները թե՝ վերջին երկու տարիների ընթացքում և թե՛ վերջին օրերին տեղիք են տալիս այդպիսի կասկածների համար: Անշուշտ, ինչ-որ մարտավարական, գուցե նաև՝ հուզական խնդիրներ դրանով հնարավոր է լուծել: Բայց եկեք միասին մտածենք նման մոտեցման հեռուն գնացող հենց քաղաքական հետևանքների մասին:
Երբ մենք ասում ենք «Հայաստան», ի՞նչ ենք պատկերացնում: Միայն այս պետությունում ապրող 3 միլիոն քաղաքացիների՞ն, թե՞ ամբողջ 10 միլիոն հայությունը: Եթե ընտրում և կարևորում ենք երկրորդը, ապա պետք է մտածենք նաև, թե ինչն է մեզ միավորում, ինչն է օգնում այդ միլիոնավոր մարդկանց մեծամասնությանը՝ իրեն նույնականացնելու հայ ազգի հետ: Ժամանակին այդպիսի հարցումներ անցկացվել են, բայց առանց հարցումների էլ, կարծում եմ, պարզ է, որ այդ մեծամասնությունը առաջին տեղում կնշի Հայ առաքելական եկեղեցին, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զգալիորեն կզիջեն առաջինին:
Վստահ եմ՝ դա շատ կարևոր է նաև զուտ Հայաստանի պետական շահերը հաշվի առնելով: Կարծիք է հնչում, որ ուժեղ պետությունը ենթադրում է թույլ եկեղեցի կամ հակառակը՝ եկեղեցու ուժը թուլացնում է պետությունը, ինձ այս տեսությունը 21-րդ դարի աշխարհիկ պետության պայմաններում առնվազն կասկածելի է թվում: Ստացվում է՝ եթե ես անհավատ եմ, եթե ես արհամարհանքով եմ վերաբերվում իմ մշակույթին և ավանդույթներին (որոնց առանցքում է Առաքելական եկեղեցին), ուրեմն, ավելի պետականամե՞տ եմ: Տրամաբանական է պնդել հակառակը՝ այդ երկու ինստիտուտներն ուժեղացնում են իրար, մեկը մյուսի հաշվին չի կարող հեղինակություն ձեռք բերել:
Այնպես որ, հարգելի քաղաքական գործիչներ և իշխանավորներ, խնդրում եմ՝ շրջահայաց եղեք այս հարցերում: Րոպեական օգուտներն ու ինքնահաստատումն իրենց նշանակությամբ չեն կարող համեմատվել հնարավոր կորուստների հետ»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2695 դիտում
10:03 14-02-2014
Դուք վաբշե շա՞ռ եք լրագրողներով, սաղդ, ոչ միայն դու, ռադ եղեք, ս…ր եղեք. Իրավունք
Այս բաժնից
1006 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1087 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»