211652_close_icon
views-count3091 դիտում article-date 15:12 29-04-2020

Ֆաշիզմի դեմ պայքարում հայերն իրենց անուններն անմահացրել են քաջարի մարտիկների չխամրող փառքով․ՀՀ ԱԳՆ

ՀԱՊԿ պաշտոնական կայքէջում ապրիլի 25-ին հրապարակվել է ՀՀ ԱԳՆ հոդվածը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում Հայաստանի և հայ ժողովրդի ունեցած դերին: ԱԳՆ-ի տրամադրած հոդվածը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի ամեն հինգերորդ բնակիչը մեկնել է ռազմաճակատ... «Ֆաշիզմի դեմ պայքարում հայերը՝ շարքայինից մինչև մարշալ, իրենց անուններն անմահացրել են քաջարի մարտիկների չխամրող փառքով». Գեորգի Ժուկով, Խորհրդային Միության մարշալ Հայաստանի, ինչպես և բոլոր խորհրդային ժողովուրդների համար, պատերազմն անսպասելիորեն սկսվեց: Դեռ երկու տասնամյակ էլ չէր անցել այն բոլոր փորձություններից, որոնց առերեսվել էր Հայաստանը 20-րդ դարասկզբին: Երկիրը դեռ նոր էր սկսել վերականգնվել, արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը նոր թափ էին առնում: Հայաստանն առավել քան երբևէ խաղաղության և կայունության կարիք ուներ: Սակայն թշնամին ներխուժեց հայրենիք, և երեկվա գյուղացիները, ինժեներները, ուսանողներն ու աշխատավորները զանգվածաբար համալրում էին Կարմիր Բանակի շարքերը: Խորհրդային Հայաստանում համընդհանուր զորահավաքն անասելի ոգևորությամբ ընդունվեց, ամենուրեք տիրում էր հայրենասիրության, հայրենիքը պաշտպանելու ձգտման մթնոլորտը: Հայաստանի գրեթե ամեն հինգերորդ բնակիչ մեկնել է ռազմաճակատ: Պատերազմի ողջ ընթացքում Խորհրդային բանակ էր զորակոչվել ավելի քան 300 հազար զինվոր ՀԽՍՀ-ից, իսկ ազգությամբ 200 հազար հայեր էլ զորակոչվեցին ռազմաճակատ խորհրդային այլ հանրապետություններից: Կարմիր բանակի շարքերում հայերը կռվում էին ռազմածովային և ցամաքային ուժերում, մեքենայացված և հետևակային դիվիզիաներում, ավիացիայում և հեծելազորում: Ավելի քան 100 հազար հայեր զորակոչվեցին հակահիտլերյան կոալիցիայի երկրների զինված ուժեր, մեծ մասը՝ ֆրանսիական բանակ և գրեթե 20 հազարը՝ ԱՄՆ բանակ: Պատերազմից չվերադարձավ ավելի քան 200 հազար հայ՝ Հայաստանի բնակչության 1/7-ը: Հայրենական Մեծ պատերազմին մասնակցեցին հայկական ազգային 6 դիվիզիաներ, որոնցից հինգը ձևավորվել էին պատերազմի սկսելուց անմիջապես հետո: 76-րդ հրաձգային դիվիզիան (Վորոշիլովի անվան Կարմիր դրոշի շքանշանի, 51-րդ գվարդիական Վիտեբսկյան, Լենինի շքանշանի դիվիզիա) ձևավորվել էր 1922թ. Երևանում: Դիվիզիայի շարքերում իրենց ծառայությունն են անցել Մարշալներ Հովհաննես Բաղրամյանը և Համազասպ Բաբաջանյանը: Պատերազմի սկզբում այդ դիվիզիան հատուկ հանձնարարություններ էր կատարել Իրանի տարածքում, այնուհետև ռազմական ուղի անցել Ստալինգրադից մինչև Մերձբալթյան ճակատ և Բելառուս՝ ազատագրելով շուրջ հազար բնակավայրեր: Հռչակավոր 89-րդ Թամանյան Կարմիր դրոշի շքանշանի, Կարմիր աստղի շքանշանակիր հրաձգային դիվիզիան ձևավորվել է Երևանում, 1941թ. դեկտեմբերին: Դիվիզիան իր ռազմական ուղին սկսել է Կովկասի ստորոտներում, մասնակցել է Սևաստոպոլի, Բալակլավայի, Կերչի ազատագրմանը: Թամանի թերակղզում դրսևորած հերոսության համար դիվիզիային սկսել են կոչել «Թամանյան» պատվավոր անվանմամբ: Պատերազմի ողջ ընթացքում թամանցիներն ազատագրել են առավել քան 900 բնակավայր: Գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի հրամանատարության ներքո 89-րդ դիվիզիան առաջիններից մեկը հատեց ԽՍՀՄ սահմանը, անցավ Լեհաստանի տարածքով և 1945թ. գարնանը մտավ Երրորդ Ռայխի մայրաքաղաք: Բեռլինի գերմանական կայազորի ջախջախման համար դիվիզիան պարգևատրվել է Կուտուզովի II աստիճանի շքանշանով: Բալակլավայում, որտեղ գտնվում է 89-րդ դիվիզիայի մարտիկների եղբայրական գերեզմանը, ՀԽՍՀ միջոցներով հուշարձան է տեղադրվել՝ ի հիշատակ թամանցիների: Կերչի համար մղված մարտերին մասնակցել է նաև 1941թ. սեպտեմբերին ձևավորված 390-րդ Հայկական հրաձգային դիվիզիան: Դիվիզիայի մարտիկները Ղրիմում արիությամբ և տոկունությամբ աչքի ընկան: 408-րդ հրաձգային դիվիզիան կազմավորվել էր 1941թ. օգոստոսին: Դիվիզիայի մարտիկները մարտեր են մղել Նովոռոսիյսկում և Տուապսեում: 1942թ. հոկտեմբերին, գտնվելով շրջափակման մեջ, դիվիզիան կարողացավ դիմադրել հակառակորդի բազմահազարանոց ուժերին և ճեղքել շրջափակումը: Դիվիզիան հաղթանակը դիմավորեց Էլբայում: 409-րդ հրաձգային «Կիրովոգրադյան-Բրատիսլավյան» Կարմիր դրոշի շքանշանի, Բոգդան Խմելնիցկու II աստիճանի շքանշանակիր դիվիզիան կազմավորվել է 1941թ. օգոստոսին: Մինչ 1942թ. դեկտեմբերը դիվիզիան պաշտպանել է պետական սահմանը Թուրքիայի հնարավոր ներխուժումից, այնուհետև մասնակցել Չեչենա-Ինգուշական ԻԽՍՀ-ում, Ստավրոպոլում և Կրասնոդարում մղված մարտերին: Դիվիզիան մասնակցել է Հունգարիայի ազատագրման մարտերին, աչքի է ընկել Բրատիսլավայի ազատագրման մարտերում: Պատերազմի ավարտին դիվիզիային մարտիկները հանդիսավոր շքերթով մտել են Վիեննա: 261-րդ հրաձգային դիվիզիան ձևավորվել է 1942թ. աշնանը: Նրա առջև խնդիր էր դրված պաշտպանելու սովետա-թուրքական սահմանը: Ազգային ռազմական ստորաբաժանումների կազմավորմանը զուգահեռ Հայաստանի տարածքում ստեղծվել կամ համալրվել են 8 դիվիզիաներ: Բացի այդ, Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Հայաստանում ռազմական վերապատրաստում են անցել ավելի քան 85 հազար նորակոչիկներ: Քանի որ Հայաստանը համարվում էր ճակատամերձ գոտի, և նրա տարածքով էր անցնում պետական սահմանի մի զգալի հատվածը, առանձնահատուկ ուշադրություն էր հատկացված անձնակազմի վերապատրաստմանը՝ ուղղված հակառակորդի կողմից ներխուժումը զսպելուն: Քաջաբար պայքարելով ֆաշիստական զավթիչների դեմ՝ հայ մարտիկները մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմի բոլոր խոշոր մարտերին և ռազմական օպերացիաներին: Հազարավոր հայ մարտիկներ մասնակցել են Մոսկվայի պաշտպանությանը, իսկ Խորհրդային միության ապագա մարշալ Հովհաննես Բաղրամյանը ղեկավարում էր Հարավ-արևմտյան ճակատի աջ թևի օպերատիվ հարվածային խմբի շտաբը: Ստալինգրադի ճակատամարտին մասնակցեցին 30 հազար հայեր, որոնցից մեկ երրորդը ընկավ մարտում: Կուրսկի ճակատամարտին մասնակցեցին 10 հազար հայ մարտիկներ: Կուրսկի մարտերին դրսևորվեց նաև Բաղրամյանի և ավիացիայի ապագա մարշալ Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց) հրամանատարական տաղանդը: Ավելի քան 100 հազար հայեր կռվել են Կովկասում և Կերչի ու Ղրիմի ազատագրման մարտերում: 80 հազար հայեր մասնակցել են Ուկրաինայի ազատագրմանը, 50 հազար՝ կռվել Բելառուսում, այս մարտերում զոհվել է 45 հազար հայ: Հայկական դիվիզիաները և հայ մարտիկները խորհրդային ուժերի կազմում հաղթական շքերթով մտան Եվրոպա՝ ֆաշիստական լծից ազատագրելով երկրներ և ժողովուրդների: Շատերն իրենց փառահեղ ուղին ավարտեցին Վարշավայում, Պրահայում և Վիեննայում: Փառահեղ Թամանյան դիվիզիայի մարտիկները Բեռլինի գրավումը տոնեցին ջախջախված Ռեյխստագի պատերի տակ ազգային «Քոչարին» պարելով: Պատերազմի տարիներին հայ ազգը Խորհրդային Միությանը տվեց հաղթանակի 5 մարշալ՝ Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյան, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Իվան Իսակով (Հովհաննես Իսահակյան), Խորհրդային Միության զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյան, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակով (Արմենակ Խանփերյանց), ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանով: Մարշալ Բաղրամյանը եղել է Առաջին Մերձբալթյան, այնուհետև՝ Երրորդ Բելառուսական ճակատի հրամանատարը: Ավելի քան 60 հայ գեներալներ զբաղեցրել են հրամանատարական պաշտոններ պատերազմի բոլոր ճակատներում, այդ թվում՝ բանակի 3 հրամանատարներ և կորպուսի 3 հրամանատարներ: Պատերազմի ավարտին 83 սպաներ ստացել են գեներալի կոչումներ: Պատերազմին մասնակցության համար ավելի քան 66 հազար հայ արժանացել է տարբեր պետական պարգևների: Խորհրդային Միության հերոսի կոչմանն են արժանացել 107 զինվորներ և սպաներ: Կրկնակի հերոսի կոչման են արժանացել Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը: 27 հայորդիներ դարձել են Փառքի ասպետներ: Պատերազմի ընթացքում ունեցած ԽՍՀՄ հերոսների թվով Հայաստանը զբաղեցնում է 6-րդ տեղը: Հայերն աչքի են ընկել ոչ միայն որպես կանոնավոր ստորաբաժանումների հրամանատարներ և մարտիկներ, այլ նաև մեծ ներդրում են ունեցել Խորհրդային Միությունում և եվրոպական երկրներում պարտիզանական շարքերում և դիմադրության ուժերում: Ֆրանսիայում Ալեքսանդր Ղազարյանի պարտիզանական գնդի կազմում 1200 հայ կար, իսկ ֆրանսիական դիմադրության շարժման մասնակից Միսաք Մանուշյանը դարձել է Ֆրանսիայի ազգային հերոս: Պատերազմի հաղթանակի մեջ առանձնահատուկ ներդրում են ունեցել հայազգի հետախույզները: Հետախուզության պատմության մեջ ոսկե տառերով է գրված Գևորգ Վարդանյանի խմբի սխրանքը, որի շնորհիվ բացահայտվել էր ֆաշիստների՝ 1943թ. նոյեմբերին կայացած Թեհրանի խորհրդաժողովի մասնակից պետությունների ղեկավարներին ոչնչացնելու ծրագիրը: Օպերացիան համակարգում էր էր Թեհրանում խորհրդային հետախուզության ղեկավար Իվան Աղայանցը: Հնարավոր չէ չհիշատակել այն մարդկանց անձնվեր աշխատանքը, ովքեր ռազմամթերք և պարեն էին մատակարարում ռազմաճակատ: Հայաստանի գործարաններն արտադրում էին ռազմաճակատի համար ռազմավարական անհրաժեշտության ապրանքներ՝ կաուչուկ, պղինձ, կարբիդ, ալյումին և այլն: Հանրապետությունում կազմակերպվեց ռազմական սպառազինության, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և կապի միջոցների արտադրություն: Պատերազմի տարիներին Հայաստանում շահագործման հանձնվեցին շուրջ 30 գործարաններ, 110 արտադրամասեր և արհեստանոցներ: Հանրապետությունում արտադրվում էին ռազմաճակատում անհրաժեշտ ավելի քան 300 տեսակի ապրանքներ: Մշակութային ժառանգությունը թալանից, պղծումից և ոչնչացումից փրկելը դարձել էր մշակույթի և գիտության բազմաթիվ գործիչների առաքելությունը: Լենինգրադում պետական Էրմիտաժի տնօրեն ակադեմիկոս-արևելագետ Հովսեփ Օրբելին հաշված օրերի ընթացքում կազմակերպեց ցուցանմուշների տեղափոխությունը թիկունք՝ այդպիսով փրկելով կերպարվեստի և պատմական հուշարձանների անգին գլուխգործոցները: Նյուրնբերգյան դատավարության ժամանակ Հովսեփ Օրբելու վկայությունները դարձան ֆաշիստների կողմից մշակութային արժեքների դիտավորյալ ոչնչացման ապացույցը: 1945թ. մայիսի 9-ին Երևանի կենտրոնական Լենինի հրապարակը լուսավորվել էր տոնական հրավառությամբ՝ ի պատիվ համընդհանուր մեծ հաղթանակի: Հայ ազգը կիսեց ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակի ցնծությունը: Հերոս ազատագրիչների հիշատակի պահպանումը և նրանց մեծարումը մեր ընդհանուր հաղթանակի կարևորագույն բաղկացուցիչն է: Այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում պետության պահպանության ներքո գտնվում են Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների շուրջ վեց հարյուր հուշարձաններ: Հայ ժողովուրդը հիշում և հարգում է իր բոլոր հերոսներին: Հավերժական փառք ու պատիվ մեր բոլոր հերոսներին»:

Նմանատիպ նյութեր