211652_close_icon
views-count8659 դիտում article-date 13:12 30-04-2020

Հաստատվեց աջակցության 15-րդ ծրագիրը. շահառուները վճարի դիմաց ծառեր կտնկեն գետերի ափերին. արժեքը՝ 200 մլն դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ միջոցառումը։ Այս միջոցառման նպատակն է բնապահպանական խնդիրներ լուծելու միջոցով գյուղատնտեսական ոլորտում ժամանակավոր աշխատատեղեր ստեղծելը: Ըստ այդմ, կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած բնակչությանը ծառատնկման աշխատանքներ կատարելու դիմաց վճար կտրամադրվի: Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների կտրոնների միջոցով գետերի հովիտներում հիմնել ափապաշտպան անտառաշերտեր՝ աշխատանքներում լայնորեն ներգրավելով տեղական բնակչությանը և այդպիսով ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր մեղմել բնակչության եկամուտների կրճատման հետ կապված վտանգները։ Աշխատանքները ներառում են ծառատնկման ենթակա գետերի համար քարտեզագրված հատվածներում տեղում աճող տեղական տեսակների ուռենու կտրոնների պատրաստման և տնկման, ինչպես նաև ցանկապատման աշխատանքներ։ Միջոցառման շահառու են ՀՀ այն բնակիչները, որոնք կմասնակցեն, շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներին։ Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է մոտ 200 մլն դրամ։ Ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։ Աշխատանքներն ամբողջությամբ կհամակարգվեն Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և վերոնշյալ հիմնադրամների կողմից։ Բնակչությունը կներգրավվի նաև ցանկապատման աշխատանքներին:

Նմանատիպ նյութեր