211652_close_icon
views-count1202 դիտում article-date 17:30 22-05-2020

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ընդունել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 22-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպումը: Արարատ Միրզոյանը, իր և ՀՀ ԱԺ անունից շնորհավորելով Արցախի խորհրդարանի նորընտիր նախագահին, պատրաստակամություն է հայտնել շարունակել ընդլայնել երկու հանրապետությունների խորհրդարանների միջև սերտ համագործակցությունը: Շնորհակալություն հայտնելով Արարատ Միրզոյանին ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմով Արցախ այցելելու համար՝ Արթուր Թովմասյանը, բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դերը Արցախի դիրքորոշումը խորհրդարանական տարբեր շրջանակներում ներկայացնելու գործում: ԱԺ նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ երկու խորհրդարանների համագործակցությունը այսուհետ ևս կշարունակի ակտիվորեն ընդլայնվել: Արցախի և Հայաստանի ԱԺ նախագահների հանդիպումն այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով՝ երկու հանրապետությունների խորհրդարանների պատգամավորների մասնակցությամբ: Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն անդրադարձել է Հայաստանի և Արցախի խորհրդարանների համագործակցությանը՝ նշելով որ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին զուգահեռ, անհրաժեշտ է համարում նաև երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջև սերտ փոխգործակցությունը: Անդրադառնալով խորհրդարանի արտաքին կապերին՝ ԱԺ նախագահը ընդգծել է ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ կապերի խորացումը՝ այդ գործընթացում կարևորելով ՀՀ խորհրդարանի դերը: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, շնորհավորելով ներկաներին համապետական ընտրությունների կապակցությամբ, անդրադարձել է Արցախի և Հայաստանի խորհրդարանների համագործակցությանը՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը՝ երկրի դիրքորոշման ներկայացման գործում: «Խաղաղ բանակցությունների արդյունքը, արցախյան հիմնախնդրի վերջնական լուծումը պետք է հիմնված լինեն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման վրա, և չի կարող լինել որևէ լուծում, որը չի ունենա Արցախի և Հայաստանի ժողովրդի համաձայնությունը»,- նշել է Արարատ Միրզոյանը: Հանդիպմանը հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների պատգամավորները հանդես են եկել ելույթներով և հնչեցրել առաջարկներ, ինչպես Արցախի բարեկամական շրջանակների ընդլայնման, այնպես էլ՝ տարբեր երկրների խորհրդարանների հետ համագործակցության նոր ուղիների մշակման վերաբերյալ: [b]Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր