Սարո Մարդիրյանն ընտրվել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ
Սարո Մարդիրյանը մայիսի 24-ին ընտրվել է Ֆրանսիայի հայաշատ Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ: «[url=https://armenpress.am/arm/news/1016411.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Masispost»-ը:
«41 տարի առաջ այս քաղաքը հյուրընկալեց իմ ընտանիքին և թույլ տվեց ինձ դառնալու այն, ինչ որ եմ այսօր: Այժմ իմ հերթն է` վերադարձնելու այն, ինչ տվել է Ալֆորվիլը, նվիրվածությամբ, անձնազոհությամբ և խոնարհությամբ ծառայելու քաղաքին»,-ասել է Մարդիրյանը ընտրվելու կապակցությամբ։
Նա նաև շնորհակալություն է հայտնել իր ծնողներին, որոնք լքել են Թուրքիան՝ իրեն առաջարկելու արժանի ապագա այն երկրում, որը կհարգեր իր հայկական ինքնությունը:
«Վերջապես, ես ցանկանում եմ հպարտություն հայտնել Ֆրանսիայի եռագույն շարֆը կրելու համար, շատ հայ մարդկանց նման մենք ընդունեցինք այն ֆրանսիական արժեքները, պատմությունը և մշակույթը, որոնք համահունչ են մեր հայկական ինքնությանը: Ինչպես սիրում է ասել մեր սիրելի Շառլ Ազնավուրը՝ 100% ֆրանսիացի, 100% հայ»,-ասել է նորընտիր փոխքաղաքապետը:
Արցախի Բերձոր և Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքների միջև 2018-ին վերաստորագրվել է Բարեկամության հռչակագիր:
[img]https://st0.shamshyan.com/editor/0772371001590479064610400.jpg[/img]