211652_close_icon
views-count1326 դիտում article-date 14:33 26-05-2020

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ Վրաստանի ազգային տոնի առթիվ: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Ավելի քան 100 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 26-ին, Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության հռչակմամբ Վրաստանի ժողովուրդն արտահայտեց իր վճռականությունը՝ վերականգնելու պետականությունը և ընթանալու ժողովրդավարական հասարակության կառուցման ուղղությամբ։ Եվ այսօր էլ Վրաստանը շարունակում է հավատարիմ մնալ դեռևս 20-րդ դարի սկզբներին հռչակած իր այս արժեքներին և կառուցել ժամանակակից ու ժողովրդավարական պետություն։ Հայ և վրացի ժողովուրդների հարաբերությունները դարերի ընթացքում աչքի են ընկել փոխադարձ խորին հարգանքով և բարեկամությամբ, որի լավագույն արտացոլումն են այսօր մեր երկու պետությունների միջև ձևավորված հարաբերությունները։ Հավաստիացնում եմ, որ հայ ժողովուրդը մեծ ուրախությամբ է հետևում բարեկամ Վրաստանի բոլոր հաջողություններին ու ձեռքբերումներին, և հանձին Հայաստանի Հանրապետության՝ Վրաստանն ունի և ունենալու է հավատարիմ ու վստահելի բարեկամ և հարևան պետություն։ Հարգելի պարոն վարչապետ, բարձր եմ գնահատում կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված այս բարդ պայմաններում մեր կառավարությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, հատկապես երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան իրականացումը և Հայաստանի ու Վրաստանի քաղա­քա­ցիների՝ իրենց հայրենիք վերադարձի ապահովումը: Համոզված եմ, որ միայն համատեղ ուժերով է հնարավոր հաղթահարել ամբողջ մարդկության համար այս ծանր փորձությունը։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և հաջողություն Ձեր պատաս­խանատու գործունեության մեջ, իսկ եղբայրական Վրաստանի ժողովրդին՝ առողջություն և տոկունություն այս բարդ ժամանակաշրջանում»։

Նմանատիպ նյութեր