89321 դիտում
13:02 01-06-2020
Արտակարգ դեպք Երևանում. մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կան վիրավորներ, այդ թվում՝ անչափահաս տղա
Երեկ՝ մայիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի ձախ կողմի և աջ ազդրի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ՝ 42-ամյա Ալիկ Ա-ն է, ով, ըստ հարազատների հայտարարության՝ մարմնական վնասվածքները ստացել է Արաբկիր վարչական տարածքում։
Ժամը 01։45-ին Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ և «որովայնի ձախակողմյան առաջակողմնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել դեռևս անձը չպարզված 2 քաղաքացիներ։
Վերջիններս բժիշկներին հայտնել են, որ վնասվածքները ստացել են Արաբկիր վարչական շրջանում։
Մինչ Արաբկիրի ոստիկանները պարզում էին նրանց ինքնությունը, նշված բժշկական կենտրոնից դարձյալ ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 15 խումբը «ձախ ազդրոսկրի վզիկի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ՝ 64-ամյա Ռոբերտ Ս-ն է։
Ժամը 02։25-ի սահմաններում «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտից դարձյալ ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիր բաժին, որ «փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Արաբկիրի ոստիկանները պարզում են, որ վիրավորը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ՝ 16-ամյա Է. Ա-ն է, ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է Արաբկիր վարչական շրջանում։
Մինչ բժիշկները վիրավորներին առաջին անհրաժեշտ բուժօգնությունն էին ցուցաբերում, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ա. Վաթյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ավդիշոևի գլխավորությամբ պարզել են, որ նոյն օրը, ժամը 01։15-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցի 29/2 շենքի մոտ վիչաբանության ժամանակ Ալիկ և Է. Ա-երը, Ռոբերտ Ս-ն և վերջինիս տղան՝ 32-ամյա Արսեն Ս-ն փոխադարձ հարվածներ են հասցրել, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Արսեն Ս-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Ալիկ Ա-ի որովայնին և աջ ազդրին։
Ըստ բժիշկների հայտնածի՝ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Արաբկիրի ոստիկանների կատարած բացատրական աշխատանքների շնորհիվ Արսեն Ս-ն ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ քննիչ Ղազարյանի որոշմամբ որպես կասկածյալ՝ ձերբակալվել է։
Ոստիկանները պարզել են նաև, որ նշված վիճաբանության ժամանակ ձերբակալվածը և նրա քրոջ որդիներ Արամը և Ռուբենը ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Ռոբերտ Ա-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, Արաբկիրի ոստիկանները ձեռնարկում են անրհաժեշտ միջոցառումներ՝ կռվի մյուս մասնակցիների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանները հայտանբերել են նաև հանցագործության գործիք դանակը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: