2669 դիտում
10:41 13-06-2020
Անմարդկային քարոզչությունը պարարտ հողի վրա է ընկնում․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ինչպես արդեն բազմիցս նկատել եմ, Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը և ես տարբեր մոտեցումներ ունենք այն հարցին, թե ինչն է հանդուրժելի, ինչը՝ ոչ: Բնակչությունը, ինչպես նաև քաղաքական ուժերի մեծամասնությունը (իշխող և ոչ իշխող) անընդունելի են համարում, երբ ընդդիմախոսներն իրենցից տարբերվող կարծիք են արտահայտում՝ այդ այլընտրանքային կարծիքը համարելով կա՛մ հոգեկան հիվանդության և կա՛մ «մութ ուժերի» («հինգերորդ շարասյան», «նախկինների», Բիլ Գեյթսի, Սորոսի, մասոնների և այլոց) դավերի դրսևորում:
Համոզված եմ, որ իրենց տեսակետն իրավունք ունեն արտահայտելու բոլորը՝ անկախ իրենց սոցիալական դիրքից, նախկինում կամ ներկայումս զբաղեցրած պաշտոնից, ենթադրյալ կամ իրականում կատարած հանցագործություններից՝ մի խոսքով բոլորն անխտիր: Ցանկալի է, որ այդ տեսակետն արտահայտվի զուսպ, դիմացինի նկատմամբ հարգանքի ցուցաբերմամբ: (Այս առումով, իշխող թիմն, ինչպես տեսնում ենք, որոշ խնդիրներ ունի): Ըստ այդմ, «ես համաձայն չեմ կառավարության հետ», «այս հարցերում կառավարությունը սխալ է աշխատում», անգամ՝ «այս կառավարությունն ապաշնորհ է» արտահայտությունները, անկախ նրանից, ես դրանք ճիշտ թե սխալ եմ համարում, ինձ համար միանգամայն ընդունելի են: Կառավարության հրաժարականի պահանջը, թեև չեմ կիսում, բայց դարձյալ քաղաքական պայքարի շրջանակներում միանգամայն նորմալ եմ համարում: Իհարկե, ցանկացած իշխանության համար նման արտահայտություններն ու պահանջները տհաճ են, իսկ ինչպես դրանց արձագանքել՝ դա արդեն դաստիարակության և մշակույթի խնդիր է:
Բայց համավարակի պայմաններում կան բաներ, որոնք ինձ համար անհանդուրժելի են: Դրանք պարետատան որոշումները չկատարելու բացահայտ կամ քողարկված կոչերն են. «Ժողովուրդ, սաղ սուտ է, ոչ մի կորոնավիրուս չկա: Դիմակ մի՛ կրեք, թքա՛ծ ունեցեք»: Նման քարոզչությունն ինձ համար հավասարազոր է իրար սպանելու կոչերին և, իմ կարծիքով, պետք է պետության կողմից արժանանա համանման վերաբերմունքի: Այդ քարոզչությունն ուղղված է ոչ թե իշխանության կամ որևէ քաղաքական ուժի դեմ, այլ՝ մարդկանց, նրանց կյանքի և առողջության դեմ: Իսկ նման խոսքի ազատությանը ես դեմ եմ:
Պարզապես պետք է հաշվի առնել, որ այդ անմարդկային քարոզչությունը պարարտ հողի վրա է ընկնում: Իսկ այդ պարարտ հողը նույն «հպարտ քաղաքացիներն» են, որոնք ժամանակին ոգևորված էին տեսախցիկների և արագաչափերի դեմ պայքարով»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2616 դիտում
17:09 12-04-2021
Ես ոչ սև եմ, ոչ սպիտակ. իմ գույնը մեր հողի գույնն է՝ Եռաբլուրի հողի գույնը....
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1042 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»