211652_close_icon
views-count14165 դիտում article-date 07:38 15-06-2020

Որպես պատգամավոր՝ դատապարտում եմ ոստիկանների կողմից օրենքից դուրս կատարված ամեն քայլ․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած իրադարձություններին, մասնավորապես ոստիկանության կողմից կին պատգամավորների հանդեպ կիրառած բռնություններին։ Նա գրել է, որ որպես պատգամավոր՝ դատապարտում է ոստիկանների կողմից օրենքից դուրս կատարած ամեն քայլ, անկախ նրանից, որ տեղյակ չի, թե ինչեր են տեղի ունեցել և եթե կա գեթ մեկ անօրինություն, ապա դատապարտելի է։ Գրառումը՝ ստորև․ «Ահա եկա , որ մի բան ասեմ ու էլի գնամ ... Աչքովս ընկավ մի քանի գրառումներ այն մասին, որ չենք դատապարտել կին պատգամավորների նկատմամբ բռնությունը, թեև անմիջական ինձ չի ուղղված, բայց նաև ինձ է վերաբերում. ուստի խոսեմ: Դատապարտում եմ ցանկացած տեսակի բռնություն, ցանկացած մարդու նկատմամբ՝ կին, տղամարդ, տարեց, թե երեխա, կարևոր չէ: Դատապարտել եմ, դատապարտում եմ և դատապարտելու եմ... Հիմա, երբ ասվում է չեք դատապարտել կին պատգամավորների նկատմամբ, հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ ոչ նաև տղամարդ պատգամավորների, հաջորդ հարցը իսկ ի՞նչ կապ ունի պատգամավոր է, թե ոչ: Այսօր մի նախադասություն էր պտտվում «Ես չեմ հիշում որևէ իշխանության օրոք, որ կին պատգամավորների շպրտեն գետնին և քարշ տան»: Հոգիս չեմ սևացնի ասեմ «այսօր նման բան չի եղել», քանի որ չեմ հասցրել նայել բողոքի ակցիան և տեսել եմ մի քանի նկարներ միայն, որից կարող եմ ենթադրել ինչ-որ բան եղել է և այո, ոստիկանությունը պետք է լինի շատ զգույշ, շատ պրոֆեսիոնալ, շատ կոռեկտ գործելաոճով: Նաև հոգիս չեմ սևացնի չհարցնել, թե «հարգելիներս այստեղ կուլմինացիան կին պատգամավորն է, թե առհասարակ կինը» : Եթե կինը, ապա բոլոր իշխանությունների ժամանակ ամենաանխիղճ վերաբերմունքին ենք արժանացել. Ծեծ, ջարդ, ջրցան, վրաերթ, տարատեսակ պայթուցիկներ, բերման ենթարկվել ու այդպես շարունակ: Քանի որ բողոքի ակցիաներում «հնաբնակ» եմ, տեսել եմ ամեն ինչ, կրել եմ ամեն վերաբերմունքի հետևանք, տեսել եմ շատ անհանդուրժող վերաբերմունք մեր նկատմամբ և այլն, բայց հանուն արդարության ասեմ, որ չեմ նկատել որևէ կին պատգամավորի պահանջ, թե ինչու՞ եք ոստիկաններ քաշքշում էդ աղջիկներին, խփում, ծեծում, քարշ տալիս գետնով, հարվածում անողոք: Էլեկտրիկ Երևանը վկա, շատ հեռու չեմ գնա: Չեմ ակնկալել, չեմ պահանջել՝ մտածել եմ ամեն մեկը պետք է իր ցանկությամբ դա անի, իր մտածողությամբ ու իր արժեհամակարգով: Այսօր ես որպես պատգամավոր՝ ուղղակի դատապարտում եմ ոստիկանների կողմից օրենքից դուրս կատարած ամեն քայլ, անկախ նրանից, որ տեղյակ չեմ թե ինչեր է տեղի ունեցել, եթե կա գեթ մեկ անօրինություն, ապա դատապարտելի է, եթե կա գեթ մեկ բռնի վերաբերմունք ցանկացածի հանդեպ, ապա դատապարտելի է՝ անկախ պաշտոնից, եթե կա անհամաչափ գործողություններ, ապա դատապարտելի է և այդպես շարունակ։ Հիմա կասեք, բա պատգամավորը անձեռնամխելի է, իսկ կին պատգամավորը համ անձեռնամխելի է, համ էլ կին է, բայց ես չեմ համաձայնվի, քանի որ կրկնում եմ՝ բռնությունը «սեռ» չունի, առավել ևս «պաշտոն»: Օրենքը պաշտոն ու սեռ չպիտի ճանաչի, օրենքը հավասար պետք է լինի բոլորի նկատմամբ: Անօրինությունը սկսվում է այն ժամանակ, երբ օրենքը հավասարազոր չի կիրառվում։ Ուստի խնդրանք, հորդոր, պահանջ իրավապահ բոլոր մարմիններին՝ օրենքի հավասար դաշտ բերեք բոլորիս և կիրառեք այն հավասարաչափ և ամենայն մանրակրկտությամբ: Ես ձգտում եմ ապրել օրենքի Հայաստանում, որտեղ այն չի հարցնում սեռ , պաշտոն , ունեցվածք և բոլորը հարգում են ու տեր կանգնում: Առողջ եղեք, սա էլ պատմության մի էջ է: Կարևորը երկիրն այս օրհասական վիճակից դուրս գա, մարդիկ առողջանան և վերադառնան իրենց տուն, բժիշկները վերադառնան իրենց բնականոն կյանքին մնացած հարցերը կլուծվեն իրենց հերթով և իրենց ժամանակին: Վստահ եմ, բոլորդ եք կողմ, որ օրենքի առաջ բոլորս պետք է լինենք հավասար»:

Նմանատիպ նյութեր