211652_close_icon
views-count2561 դիտում article-date 10:37 16-06-2020

Ո՞ր օլիգարխի հետևից է գալու հաջորդ իշխանությունը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հեռու եմ այն մտքից, որ Գագիկ Ծառուկյանն իր ավելի քան 25 տարի տևող բիզնես գործունեության ընթացքում ոչ մի օրենք չի խախտել: Նա աշխատել է այդ տարիներին ընդունված չգրված կանոններին համապատասխան: Արդյոք այդ կանոնները փոխվե՞լ են: Խիստ կասկածում եմ, որովհետև հիմա էլ իշխանությանը լոյալություն ցուցաբերող գործարարներին (ներառյալ լեգենդար «Սաշիկին») հանգիստ են թողնում, և հենց դա՛ է գլխավոր «կանոնը», որը գործում է առնվազն 1998 թվականից: Օրենք են խախտել բոլոր գործարարները, և ցանկության դեպքում նրանցից յուրաքանչյուրի վրա հնարավոր է քրեական գործ բացել: Երբ պետության ռեպրեսիվ ապարատը կիրառվում է 100-ից մեկի նկատմամբ, դա նշանակում է, որ իշխանությունն, ինչպես և անցյալում, այդ ապարատը օգտագործում է ընտրողաբար՝ ինչ-որ քաղաքական կամ անձնական հարցեր լուծելու համար: Եվ ինչպես միշտ, այս դեպքում էլ ես մտածում եմ խնդրի սկզբունքային լուծման մասին: Քանի որ իշխանությունների գործողությունները կրկնվում են արդեն գրեթե երեք տասնամյակ, ուրեմն կա օրինաչափություն, որը պայմանավորված չէ անձերի առանձնահատկություններով: Ամենացայտուն դեպքերը հայտնի են. հիշենք թեկուզ Խաչատուր Սուքիասյանին, որը 2008 թվականին «պատժվում էր» Տեր-Պետրոսյանին միանալու համար կամ նույն Ծառուկյանին, որին 2015 թվականին ՀՀԿ-ն հետապնդում էր, քանի որ նա ՀԱԿ-ի հետ «բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն» էր անում: Ծառուկյանի «երկու դեպքերի» տարբերությունն այն է, որ 2015 թվականին այդ գործարարին փնովելու «արարողությունն» իրականացվում էր ՀՀԿ խորհրդի նիստում, իսկ այժմ «Իմ քայլի» պատգամավորներն ու իշխանության երկրպագուները նույնն անում են ֆեյսբուքով: Ինչպե՞ս հանգուցալուծվեցին վերոհիշյալ խնդիրները: Սուքիասյանն, ի վերջո, «լեզու գտավ» Սերժ Սարգսյանի հետ, իսկ Ծառուկյանը 2015 թվականին «փակեց քաղաքական էջը»: Չի բացառվում, որ հիմա էլ նա հնարավորություն ստանա «պատվով հանձնվելու» և խոստանա այլևս «ծպտուն չհանել», ինչպես խորհրդարանի վերջին նիստերից մեկում ակնարկել էր վարչապետը: Թե՛ Սուքիասյանի և թե՛ Ծառուկյանի դեպքում իշխանությունն ասում է, որ քաղաքականությունն այստեղ կապ չունի, խոսքը հարկեր չվճարելու և նման այլ բաների մասին է: Բայց կրկնեմ՝ նման մեղադրանք կարելի է առաջադրել Հայաստանի բոլո՛ր խոշոր գործարարներին: Ամբողջ խնդիրն այն է, որ մենք գործ ունենք ոչ թե պարզապես օրինաչափության, այլև բումերանգի կամ, եթե ուզում եք, կարմայի հետ: Ագրեսիվ հռետորաբանությամբ ուղեկցվող «իրար պատժելու», իրարից վրեժ լուծելու շղթան շարունակվելու է նաև հաջորդ իշխանությունների ժամանակ: Որքան մեծ է ագրեսիան այսօր, այնքան մեծ կլինի այն վաղը՝ չնայած կասկածից վեր է, որ հաջորդ իշխանությունը նույնպես կհայտարարի, որ վենդետա չի լինելու: «Պատժվելու» են այսօրվա իշխանությանը լոյալ «հին» օլիգարխները և, առավել ևս՝ այսօր աճած «նորերը»: Կամ նրանք, ովքեր ծպտուն կհանեն: Այդպես է շարունակվելու, մինչև չգա այնպիսի մի իմաստուն իշխանություն, որն իսկապես կկարողանա գիծ քաշել և սկսել զրոյից: Իմ կյանքի օրոք դա դժվար թե տեղի ունենա»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր