211652_close_icon
views-count3789 դիտում article-date 10:35 17-06-2020

Կուսակցականների հավատարմության երդումների մասին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այն, որ Գագիկ Ծառուկյանը, օրենքը խախտելով, զբաղվում է բիզնեսով, որ նա, ըստ երևույթին, վերջին երկու տասնամյակների ընթացքում, խուսափում էր ամբողջությամբ հարկերը վճարելուց (ինչպես և՝ բոլոր մնացած խոշոր գործարարները), իսկ ԲՀԿ-ն, ենթադրաբար, ընտրակաշառք էր բաժանում, ինչպես նաև այն, որ այդ գործարարը չի տիրապետում հայոց լեզվի բոլոր նրբություններին՝ այդ ամենը ներկայիս իշխանությանը և նրա կողմնակիցներին հայտնի էր երկու տարի առաջ: Սակայն այդ բոլոր հանգամանքները, որքան հասկանում եմ, չխանգարեց նրանց՝ դաշինք կնքել Ծառուկյանի հետ, ԲՀԿ-ն համարել պատկառելի քաղաքական ուժ, իսկ իրեն՝ գործարարին համարել ոչ թե օլիգարխ, այլ խոշոր սեփականատեր: Արժեքային տարբերությունները և «վերջին օլիգարխին ասպարեզից հանելու» խնդիրը, հավանաբար, չէր հուզում «Իմ քայլին» 2018-19 թվականներին, իսկ այժմ նույն խնդիրները դարձան չափազանց հրատապ: Քաղաքականության մեջ, իհարկե, ամեն ինչ պատահում է: Բայց կա մի հարց (ևս «արժեքային» սերիայից), որին ուզում եմ անդրադառնալ առանձին: Առնվազն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հայտնի է, որ ԲՀԿ ցուցակում հայտնվածները մի ստորացուցիչ թուղթ են ստորագրում, ըստ որի, նրանք պարտավորվում են Ծառուկյանի պահանջով չվերցնել կամ վայր դնել մանդատները: Որտեղի՞ց էր դա հայտնի դարձել: Նրանց, ովքեր չեն հիշում, հիշեցնեմ այդ ժամանակ աղմուկ հանած պատմությունը. կային «ցուցակագրվածներ», որոնք բուռն ցանկություն ունեին պատգամավոր դառնալու, իսկ Ծառուկյանը ցուցակից ընտրեց այլ մարդկանց, և դժգոհներին դեմ տվեց իրենց իր ստորագրած թուղթը: Այժմ այդ թղթերը հայտնվել են իրավապահների ձեռքում, վերջիններս դրանք, բնականաբար, տրամադրել են իշխող թիմին, որը և տարածում է այդ նյութերը՝ որպես սենսացիոն հայտնագործություն: Թղթերն իսկապես տհաճ տպավորություն են թողնում: Բայց արդյոք ԲՀԿ-ում կառավարման ձևը բացառի՞կ է Հայաստանի և մեր նման երկրների համար: Կարծում եմ՝ ոչ. պարզապես «Բարգավաճի» դեպքում ամեն ինչ արվում էր տգեղ, գեղջկական, «քրեական ենթամշակույթին» հարիր ձևով: Բայց խոսքը հենց ձևի և ոչ թե բովանդակության մասին է: Կա՞ արդյոք Հայաստանում (և հետխորհրդային մի շարք այլ երկրներում) մի կուսակցություն, որտեղ ամեն ինչ կախված չէ կուսակցական «շեֆի» որոշումից, և կուսակցականները կարող են ձեռնարկել քայլեր և արտահայտել կարծիքներ, որոնք հակասում են «գլխավորի» ցանկություններին: Այո, «հայհոյանք դնող» թղթեր, թերևս, չեն ստորագրվում, բայց նման «թղթերը» կուսակցականների ուղեղներում են: Այդպես չէ, օրինակ, Միացյալ Նահանգներում, որտեղ հանրապետական կոնգրեսականներն ու սենատորները հաշվետու են առաջին հերթին իրենց ընտրողներին, և ոչ թե Դոնալդ Թրամփին: Էլ չեմ խոսում Հյուսիսային Եվրոպայի երկրների մասին: Բայց դա, համաձայնեք, ժողովրդավարության բոլորովին այլ մակարդակ է: «Ի՞նչ եք առաջարկում՝ ցրե՞լ կուսակցությունները»,- կհարցնի ընթերցողը: Իհարկե՝ ոչ: Պարզապես պետք չէ դրանց չափից դուրս լուրջ ընդունել»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր