211652_close_icon
views-count3533 դիտում article-date 16:11 19-06-2020

2 փորձություն՝ Ադրբեջանի պետականության համար. 2-ն էլ պայմանավորված էին Արցախի դեմ սանձազերծած պատերազմով. Փաշինյան

Ղարաբաղյան հակամարտությունն անժամկետ հայ-ադրբեջանական լայնածավալ թշնամության վերածելու փորձերը, որտեղ մեր ժողովուրդները միմյանցից կվիճարկեն ամեն ինչ՝ անցյալը, ներկան, ապագան և ողջ տարածաշրջանը, վստահ եմ՝ չի բխում ո՛չ հայ, ո՛չ էլ ադրբեջանցի ժողովրդի շահերից: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, Երեւանում Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ռամիլ Սաֆարովի գործով դատավճիռը հստակ արձանագրեց և դատապարտեց Ադրբեջանում հայերի հանդեպ ատելության հողի վրա կատարվող հանցանքների խրախուսումը: Այս դատավճիռը պետք է սահմանի հստակ կարմիր գծեր Ադրբեջանի համար՝ ցույց տալով, որ այդ կարմիր գծերից անդին կանգնած է ոչ միայն Հայաստանը և հայ ժողովուրդը, այլև միջազգային հանրությունը: Քանի որ վերջին շրջանում Ադրբեջանի նախագահը սիրում է անդրադառնալ պատմությանը, ես նույնպես կցանկանայի ձեւակերպել իմ միտքը որոշակի պատմական օրինաչափության մատնանշմամբ: Իր պատմության ողջ ընթացքում, այսինքն՝ վերջին 100 տարում, Ադրբեջանը ենթարկվել է 2 մեծ փորձությունների՝ 1920 թվականի ապրիլին, երբ Ադրբեջանը կորցրեց իր՝ 2 տարի առաջ ձեռք բերած պետականությունը, եւ 1993 թվականի հունիսին, երբ Ադրբեջանը վերստին մոտեցել էր 2 տարի առաջ ձեռք բերված պետականության կորստի եզրագծին, ինչի մասին մեզ այսօր հիշեցնում է ադրբեջանցիների ազգային փրկության օրվա գոյությունը, որի հերթական տարեդարձը, ի դեպ, նշվեց օրեր առաջ: Ադրբեջանի պետականության համար այս 2 փորձությունները պայմանավորված էին թե՛ 1920, եւ թե՛ 1991 թվականին Արցախի դեմ սանձազերծած պատերազմով: Պարզ է, որ թե՛ 1920, եւ թե՛ 1990-ականների սկզբին Ադրբեջանը գերագնահատել էր իր կարողությունները եւ թերագնահատել պատերազմի կործանարար հետեւանքները»: Ես հեռու եմ այն մտքից, որ ինչ վատ է Ադրբեջանին, լավ է Հայաստանին եւ Արցախին: 1920 թվականին Ադրբեջանի պետականության կորուստը մեզ՝ հայերիս, ոչինչ չտվեց: Եվ առավել կարեւոր է, որ 1994 թվականին մենք՝ Հայաստանը եւ Արցախը, կարողացանք Ադրբեջանի հետ մեկտեղ հրադադար հաստատել եւ վերջ տալ պատերազմին եւ կայունացնել իրավիճակը տարածաշրջանում:

Նմանատիպ նյութեր