211652_close_icon
views-count13052 դիտում article-date 10:39 20-06-2020

Քոչարյանին ազատելու իրական շարժառիթները շուտով հայտնի կդառնան․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջանորդողը գրում է․ «Ճիշտն ասած, առանձնապես ուրախ չեմ, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է ազատ արձակվել. հաշվի առնելով այդ գործչի անձնական առանձնահատկությունները, կարող եմ ենթադրել, որ ազատության մեջ նա կծավալի գործունեություն, որը, վերջին հաշվով, դժվար թե օգտակար լինի մեր պետության համար: Իսկ նրա կողմնակիցների մտահոգությունները, թե «որտեղից այդ խեղճ մարդը ճարի գրավի համար նախատեսած 4 միլիոն դոլարը»՝ այդ խոսակցություններն ինձ անհեթեթ են թվում: Ի դեպ, մեր իրավապահները պետք է, կարծում եմ, ավելի լուրջ զբաղվեն Քոչարյանի և նրա շրջապատի տնտեսական գործունեությամբ՝ այստեղ կարող են լինել հետաքրքիր դրվագներ: Բայց այս պահիս խնդիրը ոչ թե բուն Քոչարյանի, այլ նրա խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշման մեջ է: Կա երկու տարբերակ՝ կա՛մ այդ որոշումը կայացվել է գործադիր իշխանության ցուցումով, կա՛մ էլ ընդունվել է ինքնուրույն՝ ի հեճուկս այդ իշխանության կամքի: Երկրորդ դեպքում համացանցը ողողվելու է դատավոր Արսեն Նիկողոսյանի (ի դեպ, մասնագիտական շրջանակներում նա բացառիկ պրոֆեսիոնալի և սկզբունքային մարդու համբավ ունի) հասցեին հայհոյանքներով, ինչպես նաև նրան վերաբերող վարկաբեկիչ կամ «վարկաբեկիչ» նյութերով: Դատարանները, կարծում եմ, այս իրավիճակում չեն շրջափակվի, բայց հրահանգ կտրվի ԱԱԾ-ին, ՀՔԾ-ին և դատախազությանը՝ այդ դատավորի վրա «կեղտ բռնելու»: Այդ կեղտը սկզբից «սլիվ» է արվելու համացանց՝ իշխանության ներկայացուցիչների և կողմնակիցների համապատասխան մեկնաբանություններով, իսկ այնուհետև կարող է տեղի ունենալ «իրավական գործընթաց»: Եթե այդ ամենը չլինի, ապա դա նշանակում է, որ Քոչարյանն ազատ է արձակվում «վերևից» եկող քաղաքական հրահանգով. թերևս նման որոշումը կարող է պայմանավորված լինել ներքին կամ արտաքին ինչ-ինչ քաղաքական հաշվարկներով: Գուցե կան նաև այլ պատճառներ, որոնց մասին մենք չգիտենք: Բոլոր դեպքերում դատարանի որոշման իրական շարժառիթները շուտով հայտնի կդառնան: Բայց այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում ոչ ոք չի հավատում, որ դատավորները կարող են «անպատիժ կերպով» ինքնուրույն որոշումներ կայացնել. նրանք ովքեր ասում են, որ դատավորներն ու իրավապահներն այլևս անկախ են գործադիր իշխանությունից, այդ մարդիկ պարզապես անկեղծ չեն: Հայաստանում չկա գործադիր իշխանությունից անկախ դատական և իրավապահ համակարգ՝ այս արձանագրման հետ, կարծում եմ, ցանկացած չնախապաշարված մարդ կհամաձայնի: ․․․Երբ ես ասում եմ, որ համակարգն առայժմ չի փոխվել, ինձ հակադարձում են՝ «մի՞թե չեք տեսնում, որ նախորդ իշխանությունը կոռումպացված էր, իսկ այս մեկը կոռումպացված չէ»: Իհարկե, տեսնում եմ: Բայց իշխանությունները, անձերը ժամանակավոր են, իսկ համակարգը շատ ավելի պահպանողական է, և հիմա այն որևէ ձևով չի խոչընդոտում իշխանությունների կամայականություններին: Համակարգ, որի ակունքներում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր