211652_close_icon
views-count2966 դիտում article-date 22:24 26-06-2020

Լոռու մարզպետարանում կնքված եռակողմ համաձայնագրով տրվել է տնակային ավանների բնակիչներին բնակարաններով ապահովելու նախաձեռնության մեկնարկը

Հունիսի 26-ին Լոռու մարզպետարանում կնքված եռակողմ համաձայնագրով տրվեց տնակային ավանների բնակիչներին բնակարաններով ապահովելու նախաձեռնության մեկնարկը: Լոռու մարզպետարանի` ի դեմս մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, «ԱՌՔ» բարեգործական հիմանդրամի` ի դեմս տնօրեն Հրահատ Ստեփանյանի, և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ի` ի դեմս նախագահ Աշոտ Եղիազարյանի, միջև կնքվեց համաձայնագիր Վանաձոր համայնքի տնակային ավաններում բնակվող ընտանիքների համար բնակարաններ կառուցելու նպատակով: Ըստ համաձայնագրի, առաջին փուլով շահառուները կընտրվեն Սանկտ Պետերբուրգի տնակային ավանում բնակվող ընտանիքներից, որոնց համար Վանաձորի Տարոն-4 թաղամասում՝ Վանաձոր համայնքի կողմից անհատույց հատկացված հողատարածքի վրա, կկառուցվեն բնակարաններ՝ նախատեսված առայժմ 16 ընտանիքի համար: Լոռու մարզպետարանը համաձայնագրի շրջանակներում պարտավորվում է իրականացնել ինժեներական ցանցերի կառուցումը (գազ, էլեկտրաէներգիա, ջուր, ճանապարհներ), ըստ նախահաշվի մոտ 50 միլիոն դրամի չափով, «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամը կհատկացնի 144 միլիոն դրամ՝ քարե տների շինարարության իրականացման համար և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ն, որը պատասխանատվություն կկրի ծրագրի իրականացման ողջ ընթացքի համար՝ 16 միլիոն դրամ: Բնակարանների արժեքից 5 մլն դրամը շահառուների համար լինելու է անհատույց նվիրատվություն, մնացած փոխհատուցվող մասը ընտանիքները վերադարձնելու են անտոկոս փոխառության կարգով՝ բնակարանամուտից հետո, 10-15 տարվա ընթացքում, թեև շահառուների նկատմամբ այս հարցում կցուցաբերվի անհատական մոտեցում, որպեսզի նրանց համար ֆինանսական ծանր բեռ չառաջանա: Այս փուլում նախապատվությունը կտրվի 4 և ավելի անդամ ունեցող ընտանիքներին: -Այս ծրագրի շնորհիվ նպատակ ունենք լուծելու մարզի տնակային ավաններում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրը ու նաև վերջնականապես ազատվելու տնակային ավաններից: Առաջին փուլի համար ընտրել ենք Սանկտ Պետերբուրգի տնակային ավանը, քանի որ այն ամենամեծն է Վանաձորում և բացի այդ, լուրջ կարևորություն ունի քաղաքաշինական առումով,-ասաց մարզի ղեկավարը՝ նաև շեշտելով, որ ծրագիրը շարունակական բնույթ է կրելու: Անդրադառնելով խնդրի լուծման կարևորությանը՝ մարզպետը նաև նշեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ այս ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվանից: Հսկայածավալ աշխատանք է իրականացվել. գույքագրվել են բոլոր տնակները, հանգամանորեն պարզվել է տնակներում բնակվող ընտանիքների կարգավիճակը: -Մեր կարգախոսն է՝ Լոռու մարզն առանց տնակային ավանների: Այս նպատակի իրականացման համար մենք պետք է անենք ամեն հնարավորն ու անհնարինը,-ասաց Ա. Ղուկասյանը: «ԱՌՔ» բարեգործական հիմանդրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանը և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ի նախագահ Աշոտ Եղիազարյանն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Լոռու մարզպետարանին՝ ի դեմս մարզի ղեկավարի, գործընթացի արագ կազմակերպման և ակտիվ համագործակցության համար: [b]Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր