2896 դիտում
10:37 03-07-2020
Պարանոյան՝ իր բազմազանության մեջ․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Չգիտեմ, թե ինչպես է վիճակն այլ երկրներում, բայց Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում պարանոյայի հասնող կասկածամտությունը լայնորեն տարածված երևույթ է: Ցանկացած ոչ հաճո երևույթների տակ հակադիր ճամբարների ներկայացուցիչներն ու քաղաքականացված զանգվածը տեսնում են ինչ-որ մեկի ականջները՝ «ծախված է», «ուրիշի հրահանգներ է կատարում»: Ընդ որում, այդ կասկածամտությունը տարածվում է թե տեղական և թե միջազգային մասշտաբի երևույթների վրա: Ասենք, երբ Վենետիկի հանձնաժողովը ՍԴ-ն ցրելու մասին «կիսաքաղցր» եզրակացություն է տալիս, ընդդիմության ներկայացուցիչները վստահություն են հայտնում, որ դա Եվրոպական կառույցների (այսինքն՝ «սորոսականների») դավերի մի մասն է:
Երբ նույն հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն «կիսաթթու» նամակ է գրում Հրայր Թովմասյանի գործի վերաբերյալ, իշխանություն ջատագովներն ասում են՝ «դե, մենք միշտ էլ գիտեինք, որ Բուքիքիոն Սերժ Սարգսյանից կաշառք է վերցնում»:
Նույնը՝ ներքին կյանքում: Ենթադրենք, մարդիկ կան, որոնք դժգոհ են գույքահարկի բարձրացումից: «Ահա, - եզրակացնում են իշխանամետները, - ռոբասերժականները գլուխ են բարձրացնում»:
Բայց առավել զավեշտալի է, երբ ընդդիմադիր քաղաքական գործիչներն են իրար վրա «տակառ գլորում»: Վերջին առիթներից մեկը «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքորոշումն էր ՍԴ դիմելու կապակցությամբ: Ճի՞շտ է այդ դիրքորոշումը թե սխալ՝ տվյալ դեպքում կարևոր չէ՝ մնացած ընդդիմադիրներին ոչ թե այդ դիրքորոշման հիմնավորումներն էին հետաքրքրում, այլ ԼՀԿ-ի հաշվին ինքնահաստատվելու ցանկությունը. «Մենք իսկական, արմատական ընդդիմադիրներ ենք, իսկ ահա Էդմոնը ցույց տվեց իր դեմքը՝ նա ծախվել է Նիկոլին»: ԼՀԿ-ն, բնականաբար, պատասխանում է «հիմարն ինքդ ես» ոճով, և բանավեճը դառնում է բավականին «դիտարժան»:
Այնպես որ պարանոյան զուտ իշխանական երևույթ չէ՝ դա մեր քաղաքական մշակույթի մի մասն է: Տվյալ դեպքում այն նպաստում է ընդդիմության պառակտվածությանը, որը օբյեկտիվորեն բացասական երևույթ է թե՛ պետության, թե՛ իր՝ ընդդիմության, հեռանկարների տեսանկյունից: Բնականաբար, պարտադիր չէ, և երբեմն էլ հնարավոր չէ, որ ընդդիմադիր կուսակցությունները միավորվեն ինչ-որ դաշինքների մեջ, օրինակ, ես չէի նախանձի այն քաղաքական ուժին, որն այս պահին ՀՀԿ-ի հետ դաշինք կկազմեր: Բայց, գոնե սեփական շահերից ելնելով, ընդդիմադիրները կարող են պայմանավորվել՝ իրար վրա ցեխ չշպրտելու մասին:
Բացի ամեն ինչից՝ մեր երկրի առջև կանգնած խնդիրների լրջությունը պետք է որ սթափեցնի մեր քաղաքական ուժերին՝ թե՛ իշխանամետ, թե՛ ընդդիմադիր: Թե չէ ստացվում է, որ կորոնավիրուսն արդեն հաղթահարեցինք, հարևաններն այլևս մեզ չեն սպառնում, տնտեսությունը փայլուն վիճակում է, և միակ հարցը, որը բաց է մնացել, այն է, թե ո՛ր քաղաքական ուժերն են երեք տարի հետո մաս կազմելու Ազգային ժողովին: Ոչի՞նչ, որ այդ հարցն ինձ առանձնապես չի հետաքրքրում:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4150 դիտում
10:28 14-10-2016
Պարանոյան և սեփական անձի նկատմամբ չափից դուրս լուրջ վերաբերմունքը. «Առավոտ»
7542 դիտում
09:45 10-11-2017
Իրենց ուժը բազմազանության մեջ է. Սերժ Սարգսյանը՝ կոալիցիայի ընդլայնման մասին. «Ժամանակ»
2447 դիտում
09:45 22-05-2017
Այսօր աշխարհում նշում են Կենսաբանական բազմազանության համաշխարհային օրը
Այս բաժնից
1486 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»
1981 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»