211652_close_icon
views-count1970 դիտում article-date 09:13 08-07-2020

ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունը Մեծ Եղեռնի հարցում փոփոխության չի ենթարկվել. Սպիտակ տուն․ «Ամերիկայի ձայն»

Դենվեր քաղաքի Հայոց ցեղասպանության հուշահամալիրին Քեյլի Մըքենանի անդրադարձը ակտիվորեն քննարկվեց մամուլում: Սպիտակ տունը իր պարզաբանումները տվեց այս առիթով։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5493752.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Երկուշաբթի օրը Սպիտակ տան մամլո խոսնակ Քեյլի Մըքենանն արտաբերեց ՛՛Հայոց ցեղասպանություն՛՛ արտահայտությունը՝ անդրադառնալով ամերիկյան Դենվեր քաղաքում վանդալիզմի զոհ դարձած Հայոց ցեղասպանության հուշահամալրին: Այն հարձակման էր ենթարկվել մի քանի շաբաթ առաջ ռասայական խտրականության դեմ բողոքի ցույցերի ընթացքում: «Երբ պղծվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը ոգեկոչում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների՝ այդ թվում ստրկության զոհերի հիշատակը, գործ ունենք գիտակցության և պատմական գիտելիքի պակասի հետ»,- նշել էր Սպիտակ տան մամլո խոսնակը: Ի պատասխան Ամերիկայի Ձայնի հայկական ծառայության հարցմանը՝ Սպիտակ տունը հայտնել է, որ վարաչակազմի քաղաքականությունն այս հարցում փոփոխության չի ենթարկվել՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահը վերահաստատել է, որ «Մեծ Եղեռնը պատմական ոճրագծություն և ողբերգություն է, և ԱՄՆ կանգնած է հայ ժողովրդի կողքին»: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ-ի վարչակազմի դիրքորոշումը տարբերվում է ԱՄՆ Կոնգրեսի դիրքորոշումից, որի երկու պալատները՝ Ներկայացուցիչների տունն ու Սենատը, անցած տարի ընդունեցին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևեր: Վարչակազմը 1915 թվականի իրադարձությունները Օսմանյան կայսրության տարածքում խուսափում է որակել «ցեղասպանություն»՝ ապրիլի 24-ի նախագահի տարեկան ուղերձում այս առիթով օգտագործելով «Մեծ Եղեռն» եզրը: Սպիտակ տան մամլո խոսնակի խոսքերն ակտիվ քննարկումների առարկա դարձան մամուլում ու խնդրի հետ առնչվող շրջանակներում: Թուրքիան արձագանքել է մամլո խոսնակի խոսքերին՝ լրատվամիջոցներին հայտնելով, որ Թրամփի վարչակազմի դիրքորոշումն այս հարցի շուրջ լայնորեն հայտնի է: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանությունը լրատվամիջոցներին հայտնել է, որ անընդունելի է որակում «Հայոց ցեղասպանություն» եզրի օգտագործումը՝ կարծիք հայտնելով, որ մամլո խոսնակի կողմից դրա կիրառումը «լեզվի ցավալի սայթաքման արդյունք է, որը խնդրին տվել է այլ բովանդակություն»: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, ֆեյսբուքյան իր գրառման մեջ մեկնաբանել է Դենվերում Հայոց ցեղասպանության հուշարձանի շուրջ զարգացումները՝ մատնանշելով ՀՀ ԱԳՆ-ի նախկինում արված մեկնաբանությունն այս առիթով: ՀՀ դեսպանությունը շեշտել է նաև, որ Հայաստանը գնահատում է Միացյալ Նահանգների իշխանությունների պատշաճ ուշադրությունն այս հարցի նկատմամբ: Ամերիկահայ կազմակերպությունները ևս արձագանքել են մամլո խոսնակի խոսքերին: Ամերիկայի հայկական համագումարը մամուլի միջոցով երախտագիտություն է հայտնել վարչակազմից Հայոց ցեղասպանության հուշահամալիրը հիշատակելու համար, իսկ Վաշինգտոնի Հայ դատի հանձնախումբը նշել է, որ Մըքենանի մեկնաբանությունը կարող է առաջին քայլը հանդիսանալ դեպի Հայոց ցեղասպանության ճանաչում ԱՄՆ-ի իշխանությունների բոլոր մարմինների կողմից:

Նմանատիպ նյութեր