211652_close_icon
views-count3699 դիտում article-date 23:33 16-07-2020

Հուլիսի 12-ից առ այսօր հայկական մարտական հենակետերի վրա կատարված հարձակումների, կրակոցների արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել 36 զինծառայող. ՔԿ-ում քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է․ «2020թ. հուլիսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը Տավուշի մարզի տարբեր բնակավայրերի և հայկական մարտական հենակետերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում՝ տանկից, 6 հարվածային անօդաչու թռչող սարքից, 82մմ և 120մմ ականանետերից, Դ30 հրանոթից և այլ հրետանային տեխնիկայից արձակել են շուրջ 150 կրակոց: Արձակված կրակոցների և դրանց հետևանքով պատճառված վնասների փաստերով ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 34- 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով՝ ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու հատկանիշներով հարուցվել և քննվում է 30 քրեական գործ: Նախնական տվյալներով՝ հայկական մարտական հենակետերի վրա կատարված հարձակումների, կրակոցների արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել 36 զինծառայող, սպանվել՝ 4 զինծառայող, վնասվել՝ 6 ավտոմեքենա: Տավուշի մարզի տարբեր բնակավայրերի վրա արձակված կրակոցների հետևանքով վնասվել է 24 տուն, 1 կոնյակի և 1 գինու գործարան, 1 մանկապարտեզ, գերեզմանատուն, 4 ավտոմեքենա, 1 ջրագիծ, 1 գազատար, 1 ջերմոց, ոստիկանական 1 պահակակետ, որտեղ գտնվող 2 ոստիկաններ ստացել են մարմնական վնասվածքներ: Բացի այդ, մարմնական վնասվածք է ստացել 1 քաղաքացիական անձ: Քրեական գործերով ողջ ծավալով կատարվում են բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները»: Նշենք, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և Ժնևյան կոնվենցիաների պահանջները, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը կոպտորեն խախտելու, խաղաղ բնակչության ուղղությամբ ծանր հրետանային տեխնիկայով, ականանետերով և այլ զինատեսակներով կրակոցներ արձակելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված 30 քրեական գործով նախաքննությունները կազմակերպելու և դեպքերի վայրերի զննությունները ղեկավարելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը մեկնել է ՀՀ Տավուշի մարզ, եղել Բերդ քաղաքի, Չինարի և Այգեպար բնակավայրերի դեպքերի վայրերում: Քննչական կոմիտեի նախագահի ղեկավարությամբ կատարվել են դեպքերի վայրերի զննություններ, զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնի և Տավուշի մարզային քննչական վարչության աշխատակիցներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր