211652_close_icon
views-count5243 դիտում article-date 09:17 22-07-2020

Բունտ է հասունանում հենց իշխանությունների ներսում․ այսօր կրթության հարցով քննարկումներ կլինեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. Արդեն մի քանի օր է՝ բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացնում, երեկ էլ եղան անգամ Ազգային ժողովի դիմաց: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բողոքող անձանց շրջանակը չի սահմանափակվում միայն շարքային քաղաքացիներով, և զայրացած են նաև պաշտոնյաներից շատերը, որոնց երեխաները ևս հայտնվել են այդ նույն իրավիճակում: Բանն այն է, որ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության նոր կարգ է առկա, որով գերակա է առաջին հայտը։ Որոշ դիմորդներ դուրս են մնացել, քանի որ չեն վաստակել առաջին հայտի համար անհրաժեշտ միավորներ և չեն կարողացել ընդունվել մնացած նշված ֆակուլտետներ։ Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ այս դժգոհություններն իրենց աչքի տակ ունենալով՝ այսօր որոշել է հավաքվել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության հարցերի հանձնաժողովը և քննարկել ստեղծված իրավիճակը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները դժգոհել են, որ կրկին խնդիրները կրթության ոլորտում են գոյացել, և փոխանակ եղած բացերը լրացվեն, իրավիճակն ավելի է սրվում: Այլ կերպ ասած, բունտ է հասունանում հենց իշխանությունների ներսում: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ այսօրվա քննարկմանը ներկայացուցիչներ կլինեն նաև նախարարությունից, Գիտության և թեստավորման կենտրոնից, որոնց պատգամավորները մեծ թվով հարցեր ունեն ուղղելու: Ընդ որում, մեր տեղեկություններով՝ պատգամավորները զարմացած են՝ ինչպես է ստացվում, որ բոլոր ոլորտներում առաջընթաց կա, իսկ կրթության ոլորտում սկանդալները հաջորդում են մեկը մյուսին: Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր