11181 դիտում
15:58 26-07-2020
Մոսկվայի մրգի շուկաները նոր ռազմադաշտ են դարձել սահմանային բախումներից 2000 մղոն հեռու. The Guardian
[url=https://www.theguardian.com/world/2020/jul/26/moscows-fruit-stalls-become-frontline-of-a-border-skirmish-2000-miles-away#img-1]The Guardian[/url] պարբերականն անդրադարձել է Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ ազգությամբ ադրբեջանցի գործարար Գոդ Նիսանովին պատկանող «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից հուլիսի 16-ի գիշերը հայկական ապրանքներով բեռնված ֆուռերի դուրս հանման աղմկահարույց դեպքին:
Պարբերականը գրում է, որ տեղեկանալով «Ֆուդ Սիթի»-ի ղեկավարության որոշման մասին՝ հայազգի գործարար Սարիբեկ Գևորգյանն անմիջապես գործի է անցել՝ ժամանակավորապես անվճար տարածք տրամադրելով հայկական ծիրան վաճառողներին:
«Այսպիսով՝ նա օգնեց իրականացնել մրգի փրկության առաքելությունը, որը ստացավ «Օպերացիա Ծիրան» անվանումը:
Աղբյուրը հիշեցնում է, որ մոսկովյան զարգացումներին նախորդել էին հայ-ադրբեջանական սահմանային բախումները, որոնք դարձել են տասնյոթ մարդու մահվան պատճառ:
«Հետցնցումները տարածվել են աշխարհով մեկ՝ ուժգին բախումներ առաջացնելով ԱՄՆ-ում, Եվրոպայում բնակվող սփյուռքի ներկայացուցիչների միջև, ինչպես նաև փոքրամասշտաբ տնտեսական պատերազմի պատճառ դառնալով Մոսկվայում»,-գրում է պարբերականը՝ հիշեցնելով Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիների կողմից հայկական պետհամարանիշերով մեքենայի վրա հարձակումն ու հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ հարձակումը:
Վերադառնալով ծիրանի թեմային՝ աղբյուրը նշում է, որ հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ առցանց հարթակներում հազարավոր հետևորդների կոչ են արել գնել ծիրանը, որպեսզի մթերքը չփչանա:
«Այս ամենն ակամայից վերածվեց ծիրանի էքսպրոմտ տոնակատարության: Եվ չնայած, որ ծիրանի պատերազմն ավարտվել է, այժմ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ ադրբեջանցիներին պատկանող շուկաներն ու խանութները արգելում են հայկական արտադրանքի վաճառքը: ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ՌԲԿ-ի հետ զրույցում ահազանգել է, որ հայկական պահածոները, հանքային ջրերն ու կոնյակն անհետացել են ադրբեջանցի գործարարներից մեկին պատկանող մոսկովյան խոշոր սուպերմարկետային ցանցերից մեկից»,-գրում է պարբերականը:
Աղբյուրը հավելում է, որ թեև երկու պետությունները հաճախ են ընդհարվում՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի սահմանին, սակայն հազվադեպ է պատահում, որ կոնֆլիկտը տարածվի նաև Մոսկվայի առևտրային ոլորտում:
«Նույնիսկ 2016թ. քառօրյա պատերազմի ժամանակ Մոսկվայում այսպիսի տրամադրություններ չկային: Սա տնտեսական պատերազմ է. նախկինում երբևէ նման բան չի եղել»,-պարբերականի հետ զրույցում ասել է Մոսկվայի հայկական և ազգերի մշակույթի թանգարանի տնօրենը:
Նմանատիպ նյութեր
15501 դիտում
15:12 19-11-2021
Սյունիքում զոհված Արթուր Մարտիրոսյանը 44–օրյա պատերազմում վիրավորվել էր, ապա հիվանդանոցից փախել ու գնացել ռազմադաշտ
2900 դիտում
14:59 21-09-2016
Մահացել է «8-րդ մղոն» ֆիլմի ռեժիսոր Քերթիս Հանսոնը
Այս բաժնից
1078 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
1003 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
844 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու