211652_close_icon
views-count2635 դիտում article-date 15:31 28-07-2020

Արցախի նախագահը մայրաքաղաքում մասնակցել է նոր թաղամասի հիմնարկեքի արարողությանը, ապա այցելել տարբեր շինհարթակներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 28-ին մայրաքաղաքում մասնակցել է նոր թաղամասի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը: «Արցախ» թաղամասի հարևանությամբ կառուցվող 228 բնակարանանոց նոր թաղամասը նախատեսված է շահագործման հանձնել 2022թ.-ին: Ծրագիրը իրականացվում է ռուսաստանաբնակ բարերար Համլետ Վաչենանցի միջոցներով: Նա իր ելույթում մասնավորապես նշել է, որ բնակարանների վաճառքից ստացված շահույթը տրամադրելու է Արցախում բարեգործական տարբեր նախագծերի իրականացմանը: Կապալառու ընկերություն է հանդիսանում «Եվրոստրոյ» ՍՊԸ-ն: ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի ուղեկցությամբ նախագահն այցելել է նաև մայրաքաղաքի տարբեր շինհարթակներ: Թումանյան փողոցի վրա կառուցվող 158 բնակարանանոց թաղամասը և նույն փողոցի վրա գտնվող բազմահարկ 108 բնակարանանոց շենքն, ըստ կապալառու «Քարավան» ՍՊ ընկերության պատասխանատուների, շահագործման կհանձնվեն 2021թ.-ի աշնանը: Երկրի ղեկավարը եղել է նաև «Դոմինիկ սիստեմ» ՍՊԸ կողմից կառուցվող նոր թաղամասի տարածքում, որտեղ 2022թ.-ին նախատեսված է շահագործման հանձնել 120 բնակարան: Արայիկ Հարությունյանը ծանոթացել է ընկերության կողմից պատվիրված նոր՝ 180 բնակարանանոց շենքերի նախագծանախահաշվային փաստաթղթերին: Կապալառու ընկերության ղեկավարի հավաստմամբ՝ թաղամասն ամբողջությամբ պատրաստ կլինի 2023թ.-ին և, ընդհանուր առմամբ, կունենա 300 բնակարան: Հանրապետության նախագահի շրջայցի հաջորդ կանգառը մայրաքաղաքի Տիգրան Մեծի փողոցի հարակից տարածքն էր, որտեղ օրեր անց մեկնարկելու է 287 բնակարանանոց նոր թաղամասի շինարարությունը: Քաղաքաշինության նախարարը նախագահին է ներկայացրել ծրագրի ծավալները, նախատեսված ենթակառուցվածքները: Թաղամասի շահագործման հանձնման ժամկետ է սահմանված 2022թ.-ը: Հանրապետության նախագահի այցն ավարտվել է Տիգրան Մեծի և Մեսրոպ Մաշտոցի փողոցների հարևանությամբ գտնվող շուրջ 5 հեկտար ընդգրկող տարածքում, որտեղ, սփյուռքահայ գործարարի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մեկնարկել են Ստեփանակերտի ամենամեծ բազմաբնակարան թաղամասի շինարարական աշխատանքները: Ծրագրով նախատեսված է կառուցել մի քանի հազար բնակարան, որոնք այդ ուղղությամբ իրականացվող լրացուցիչ նախագծերի հետ հիմնականում լուծելու են Ստեփանակերտում առկա բնակարանային խնդիրը: Նախագահը իր գոհունակությունն է հայտնել աշխատանքների ընթացքից՝ ընդգծելով, որ նախընտրական ծրագրի «Յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան» հիմնադրույթի կյանքի կոչման համար Ստեփանակերտում ստեղծված են հիմնական նախադրյալները: Նա պատասխանատուներին որակի վերահսկման և շինարարական բոլոր նորմերը խստորեն պահպանելու հանձնարարականներ է տվել:

Նմանատիպ նյութեր