211652_close_icon
views-count3011 դիտում article-date 12:00 09-08-2020

Բեյրութի պայթունը կարող է պայթեցնել ողջ Միջին Արևելքը. ի՞նչ վտանգներ կարող են լինել հայության համար. քաղաքագետ

Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթունն ավելի մեծ հետևանքներ է իր հետ բերելու, քան այսօր շատերը պատկերացնում են: Պայթյունի հետևանքով առաջացած հարվածային ալիքը ավերել է ոչ միայն քաղաքի կենտրոնական մասը, այլև իր ազդեցությունն է թողել քաղաքի նույնիսկ ավելի հեռու գնտվող թաղամասերի վրա: Նշենք, որ մինչև պայթունն էլ Լիբանանը գտնվում էր ծանր սոցիալական վիճակում: Այդ երկրի ֆինանսական վիճակն այսօր փաստացի գտնվում է փլուզման մեջ: Մարդիկ չեն կարողանում օգտագործել իրենց միջոցները, որոնք պահվում են բանկերում: Միաժամանակ, այդ երկրի ազգային արժույթը մեկ տարվա ընթացքում արժեզրկվել էր մոտ 70 տոկոսի չափով: Անցյալ տարի, երկարատև բողոքի ցույցերի արդյունքում, այդ երկրի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական տվեց, սակայն դրանից երկրի տնտեսությունը չվերականգնվեց, կոռուպցիայի չափը չկրճատվեց: Եվ այսօր էլ, ինչպես մեկ տարի առաջ, մարդիկ այլևս չեն հավատում ոչ մեկին: [b]Ո՞րն է այսօրվա Լիբանանի ճգնաժամի գլխավոր պատճառը[/b] Լիբանանն Օսմանյան կայսրության փլուզումից հետո հայտնվել էր Ֆրանսիայի խնամակալության տակ: 1943 թվականին Լիբանանը հռչակվեց որպես անկախ պետություն: Եվ որպեսզի այդ երկրում հաստատվի խաղաղություն, այն ժամանակվա ֆրանսիական իշխանությունները տեղի շրջանակների հետ միասին այդ երկրում հիմնեցին այսպես կոչված «կոնֆեսիոնալ կառավարման համակարգ»: Համաձայն դրա՝ Լիբանանի նախագահն անպայման պետք է լինի մարոնիտ-քրիստոնյա, վարչապետը՝ սուննի մահմեդական, իսկ խորհրդարանի նախագահը՝ շիա-մահմեդական: Այն ժամանակ, թվում էր, թե այս ներառական կառավարման համակարգը զերծ կպահի երկիրը ազգամիջյան ցնցումներից: Սակայն կառավարման այս ձևն իր հետ բերեց երկրի վերնախավերի կաղապարացում: Դրա արդյունքում երկրում հաստատված բարքերը թույլ չէին տալիս էֆեկտիվ և նոր ոճի կառավարում ներդնել: Միակ մարդն, ում հաջողվեց գոնե մասնակի զարգացնել երկիրը, սուննի-մահմեդական Ռաֆիկ Հարիրին էր, քանզի այս մեծահարուստ գործիչը, ով լավ հարաբերություններ ուներ սաուդցիների հետ, սուննիների քվոտայով դառնալով վարչապետ՝ կարողացավ իր կապերն օգտագործելով լայնածավալ ներդրումներ ապահովել երկրին: Սակայն նույնիսկ նրա բարեփոխումները կարճաժամկետ էֆեկտ ունեցան, քանզի, ինչպես միշտ, սկսեցին խանգարել աշխարհաքաղաքական գործոնները: Սաուդցիները չէին ուզում, որ իրենց միջոցներով ուժեղանային նաև շիաները և այդ երկրի վրա իր ազդեցությունը մեծացներ Սիրիան: Լիբանանի այս խնդիրներին ավալացավ 1975 թվականից սկած քաղաքացիական պատերազմը, որն իր հերթին լրացուցիչ գլխացավանքներ բերեց երկրին: Իսրայելի հետ վատ հարաբերությունները, Սիրիայի հետ խիստ անորոշ հարաբերությունները լրացուցիչ կերպով բարդացնում են այդ երկրում կայունություն ապահովելը: Բանն այն է, որ Լիբանանի սուննի մահմեդականների վրա մեծ ազդեցություն ունեն Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ծոցի երկրները: Շիաների հիմնական գործընկերն է Սիրիան: Որն էլ իր հերթին վատ հարաբերություններ ունի վերը նշած արաբական երկրների հետ: Մարոնիտ-քրիստոնեաներն ավանդաբար կողմնորոշված են դեպի Արևմուտք և հատկապես՝ դեպի Ֆրանսիա: Մյուս կողմից, հաշվի առնելով երկու մեծ մահմեդական համայնքների գործոնները, քրիստոնեաները ստիպված պիտի հաշվի նստեն և՛ Սիրիայի, և՛ մյուս արաբական երկրների գործոնի հետ: Հենց այդ տեսանկյունից էլ լիբանանյան քաղաքական ուժերի կողմնորոշումների կարմիր թելն անցնում է Սիրիայի հանդեպ դիրքորոշումով: Ընդորում, այնպես չէ, որ այդ կողմնորոշումները կրում են կայուն բնույթ: Բացի այդ, Սիրիայի կամ այլ արաբական երկրների գործոնի ուժեղացումը կամ թուլացումն անմիջապես ազդում է Լիբանանի ներքաղաքական դասավորումների վրա: Օրինակ, 1979-ի իրանյան իսլամական հեղափոխությունից հետո Լիբանանում կտրուկ ընդլայնվեցին շիաների դիրքերը, քանզի Սիրիայից բացի, նրանց սկսեցին աջակցել նաև իրանցիները: Հենց այդ ժամանակ էլ այդ երկրի շիաների շահերը սկսեց հիմնականում ներկայացնել նորաստեղծ «Հզբոլլահ» շարժումը: Սիրիայի թուլացմամբ և Իրանի վրա միջազգային ճնշումների ավելացմամբ շիաների դերը Լիբանանում սկսեց նվազել: Սակայն, մյուս կողմից, հաշվի առնելով այն, որ շիաները առավելապես մեծացրել էին իրենց ազդեցությունը զինված ուժերում՝ նրանք մինչև այսօր կարողացել են պահպանել իրենց դիրքերը: Իսկ վերջերս Սիրիայում Ասադի բանակի հաջողություններից հետո «Հզբոլլահը» կրկին դարձավ Լիբանանի ամենաազդեցիկ գործոններից մեկը: [b] Ո՞րն է «Հզբոլլահի» հաջողության և հավատքի գրավականը Լիբանանում [/b] Բանն այն է, որ շիական Իրանը վաղուց է ունեցել նպատակ՝ իր երկրից մինչև միջերկրական ծով ձևավորել այսպես կոչված «շիական աղեղ» կամ «շիական աշխարհ»: Ինչպես որ Թուրքիայի նպատակն է ձևավորել թյուրքական աշխարհ կամ նեոօսմանյան նախագիծը կյանքի կոչել: Կամ Ռուսաստանի երազանքը՝ վերականգնել նախկին ԽՍՀՄ-ում իր ազդեցությունը և այսպես շարունակ: Սադամ Հուսեյնի իշխանության տապալումից հետո Իրանին հաջողվել է Իրաքում ձևավորել իրեն հոգեհարազատ իշխանություն: Հիշեցնենք, որ Իրաքը արաբական միակ երկիրն է, որտեղ շիաները կազմում են մեծամասնություն: Սիրիայում շիաները փոքրամասնություն են կազմում, փոխարենն այստեղ փաստացի առկա է շիական իշխանություն՝ ի դեմս ալավիտ Ասադի: Ալավիներին իրանցիները համարում են շիաների թևերից մեկը: Ինչ վերաբերում է Լիբանանին, ապա այստեղ Թեհրանի հիմնական գործընկերը «Հզբոլլահն» է, որին իրանցիները զինել են մինչև վերջ՝ նրանց դարձնելով Լիբանանում իրական գործոն: Այսօր առանց «Հզբոլլահին» հաշվի առնելու՝ Լիբանանում ոչ մի խնդիր հնարավոր չէ լուծել: Մյուս կողմից այդ երկրի սուննի արաբներին արաբական մյուս երկրները չեն օգնում հենց «Հզբոլլահի» պատճառով: Նույնը արևմտյան երկրների դիրքորոշումն է։ «Քանի դեռ «Հզբոլլահը» չի զինաթափվել, Լիբանանը լայնածավալ օգնություն Արևմուտքից չի ստանա»,-նշում են այստեղ: Օրեր առաջ Մակրոնն իր այցի ընթացքում Լիբանան կրկնեց նույն այս թեզը. «Սկզբից պետք է զինաթափվի «Հզբոլլահը», հետո կլինի օգնությունը»: Սակայն խնդիրն այն է, որ Լիբանանի պետական կոռուպցիայի մեջ հիմնականում թաղված են սուննի մահմեդականների և քրիստոնեաների ներկայացուցիչները, և դա լիբանանցիները շատ լավ են հասկանում: Այս տեսանկյունից լիբանանցիները հասկանում են նաև, որ դրսի շրջանակների պահանջը «Հզբոլլահի» հանդեպ առավելապես աշխարհաքաղաքական բնույթ ունի, և ոչ ավելի: Մյուս կողմից հասկանալի է, որ այս երկրի կոնֆեսիոնալ կառավարման համակարգն է դարձել գլխավոր խոչընդոտը էֆեկտիվ համակարգ ձևավորելու համար: Սակայն այս համակարգի վերափոխումը կարող է հանգեցնել նոր քաղաքացիական պատերազմի: «Ո՞րն է ելքը» հարցն իրականում պատասխան չունի, քանզի համակարգի վերափոխումը կնշանակի նոր քաղաքացիական պատերազմ, իսկ արմատական փոփոխություններից հրաժարվելը կնշանակի մինչկոնֆեսիոնալ կոռուպցիոն համակարգի պահպանում: «Հզբոլլահի» զինաթափումը կնշանակի շիաների ազդեցության կտրուկ թուլացում, ինչը վերջիններս թույլ չեն տա: Մանավանդ, որ բոլորին է հայտնի՝ կոռուպցիոն այս համակարգը քիչ կապ ունի «Հզբոլլահի» հետ: Վերլուծելով այս ամենը՝ կարելի է այն եզրահանգման գալ, որ այս երկրին սպասում է շատ տխուր ապագա՝ բազմաթիվ անհայտներով: Ի՞նչ վտանգների առջև է կանգնած լիբանանահայությունը Նախ սկսենք նրանից, որ լիբանանահայերը սկսել են հասկանալ՝ այս երկիրը լուրջ ապագա չունի, և այդ իսկ պատճառով էլ հեռանում են այդ երկրից: Բայց պետք է նշել, որ համաշխարհային հայության շահերի տեսանկյունից այս գործընթացը խիստ վտանգավոր է: Տեսականորեն, եթե այդ երկրում վերանա կոնֆեսիոնալ կառավարման համակարգը, ապա դա էապես կթուլացնի հայության գործոնն այդ երկրում: Այսօր հայերը ունեն Լիբանանում պետական կառավարման մասնաբաժին: Այսինքն, կարելի է ասել, որ հայերը պաշտոնապես համարվում են այդ երկրի տիտղոսային ազգերից մեկը: Ճիշտ է, հայերի դերը շատ ավելի փոքր է, քան մարոնիտներինը, սուննիներինը և շիաներինը, սակայն մենք այս երկրում շարքային փոքրամասնություն չենք համարվում: Այդ տեսանկյունից հայության պահպանումը Լիբանանում ռազմավարական նշանակություն պիտի դառնա Հայաստանի համար: Չմոռանանք, որ Լիբանանն արաբական երկրների լիգայի անդամ է: Եվ այդ երկրում կառավարման փայատեր լինելը ռազմավարական նշանակություն ունի մեզ համար: Քանզի ներկա լինել Լիբանանում, կնշանակի՝ ունենալ լիարժեք «քաղաքական պատուհան» արաբական աշխարհում: Եվ այս տեսանկյունից Լիբանանի հայերի ապագան վերլուծելիս՝ Հայաստանը պետք է հաշվի առնի այս գործոնը: Լիբանանի հայությունը շարքային համայնք չպիտի դիտարկվի, և սա պիտի գիտակցվի Հայաստանում: Իհարկե, Լիբանանում նոր քաղաքացիական պատերազմի վերսկսումը նույնպես բացառված չէ: Վերը նշված գործոնների պատճառով, սակայն, նույնիսկ դա հաշվի առնելով՝ Հայաստանը պիտի մտածի ոչ թե լիբանանահայությանն այդ երկրից տեղահանելու մասին, այլ փորձի այնպիսի հարաբերություններ ձևավորել, որոնք կօգնեն հայերին չեզոքություն պահպանել հնարավոր բախումների ժամանակ: Անկասկած անշնորհակալ գործ է մարդկանց կյանքերի վրա քաղաքականություն կառուցելը: Սակայն պետությունների զարգացման ընթացքում, ցավոք սրտի, դա անհրաժեշտ երևութ է: Մենք չենք առաջինը և վերջինը, որ պիտի գնանք այդ ճանապարհով: Եվ այդ տեսանկյունից մնացած բոլոր զգացմունքային ձևակերպումներն իրականում քիչ առնչություն ունեն մեր ազգային շահերի հետ: [b] Երվանդ Բոզոյան Քաղաքական մեկնաբան[/b] Աղբյուրը՝ [url=http://politeconomy.org/2020/08/09/%d5%a2%d5%a5%d5%b5%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b5%d5%a9%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2-%d5%a7-%d5%ba%d5%a1%d5%b5%d5%a9%d5%a5%d6%81%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%b8/]politeconomy.org[/url]

Նմանատիպ նյութեր