211652_close_icon
views-count2236 դիտում article-date 12:10 13-08-2020

Մանկատան 163 շրջանավարտների հատկացված բնակարանները սեփականության իրավունքով կնվիրաբերվի նրանց

Կառավարությունը 2003-2015 թթ. ընթացքում ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանները նվիրաբերում է դրանք զբաղեցրած մանկատան 163 շրջանավարտներին: «[url=https://armenpress.am/arm/news/1024860.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ բնակարանները տրամադրվել էին անհատույց օգտագործման իրավունքով` 10 տարի ժամկետով: «Պայմանագրով նախատեսվում էր, որ հետագայում բնակարանը կարող էր մասնավորեցվել կամ տրվել վարձակալության, չնայած դրան՝ մանկատան շրջանավարտների դիմումներին ընթացք չէր տրվել և շրջանավարտներից երեքի զբաղեցրած բնակարանների շենքերի նախնական վիճակը դեռևս 2003-2004 թթ., այսինքն՝ մինչ պայմանագիր կնքելը, գնահատվել է 3-րդ աստիճանի վնասվածության, ուստի նախագծով առաջակվում է այս շահառուներին տրամադրել բնակարանի գնման վկայագիր՝ պայմանով, որ կհանձնեն նախկինում իրենց հատկացված տարածքը»,- ասաց Բաթոյանը՝ ավելացնելով, որ հերթական ցուցակում ներառված, սակայն բնակարան չստացած մնացած շահառուների համար 2019 թվականին մեկնարկել է բնակարանների գնման վկայականներ գնելու գործընթացը, արդյունքում շրջանավարտներին հնարավորություն է տրվում ձեռք բերել բնակարան սեփականության իրավունքով: «Նույն կարգավիճակով անձինք հայտնվեցին անհավասար պայմաններում, նախագծի ընդունմամբ կվերացվի այս անհավասարությունը և կամբողջացնի 1991-2019 թթ. մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրների լուծումը»,- ասաց նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ճի՞շտ է հասկանում, որ մինչև 2019 թվականը ներառյալ, մանկատների բոլոր շրջանավարտներին, ովքեր չունեն բնակարան, տրամադրվելու է բնակարան: Զարուհի Բաթոյանը դրական պատասխան տվեց՝ ավելացնելով, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք շրջանավարտ են եղել 1991- 2019 թվականը, չունեն սեփականություն, կունենան բնակարան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ շեշտը պետք է դրվի մանկատան սաների պատշաճ կրթություն ունենալու իրավունքի վրա: «Երկու օր առաջ քննարկել ենք այդ հարցը, թե կոնկրետ ինչ միջոցներ պետք է ձեռնարկենք: Մեր խնդիրը չպետք է լինի մեր մանկատան սաներին բնակարան տալը, մեր խնդիրը պետք է լինի այն, որ մանկատան սաներին շրջանավարտ դառնալու պահին և հետագայում էլ կրթական այնպիսի հմտություններով կարողանանք օժտել, որ նրանք մեկ-երկու տարի, հնարավոր է, վարձակալության փոխհատուցում ստանան, ապա իրենք իրենց աշխատանքով բնակարան ձեռք բերեն: Իրականում բնակարանով մենք հարց չենք լուծում, եթե հետագայում գնանք այս դեպքերի հետևից, կտեսնենք, որ բնակարան տվել ենք, դա լավ է հնչում, «յուղոտ» վերնագիր է, իսկ իրականում դա հարց չի լուծում»,- ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այստեղ պետք է գտնել ճիշտ լուծում: «Ճիշտ լուծումը մարդու անհատական հատկանիշները զարգացնելու, տաղանդը, աշխատունակությունը, աշխատանքի շուկայում նրանց մրցունակությունը բարձրացնելու մեջ է, մնացած բոլոր ճանապարհները գուցե լավ են հնչում, ականջահաճո են, իրականում դրանք արդյունավետ ճանապարհներ չեն: Դրանք ավելի արդյունավետ են քաղաքական գործիչների համար քաղաքական դիվիդենտներ շահելու իմաստով, իսկ շահառուների համար այդքան էլ արդյունավետ չեն»,- ընդգծեց գործադիրի ղեկավարը:

Նմանատիպ նյութեր