Գերմանիայից Օմսկ ժամանած ինքնաթիռն Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել է Բեռլին
Գերմանիայից Օմսկ ժամանած հատուկ օդանավն առավոտյան մեկնել է Բեռլին՝ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին տեղափոխելով գերմանական կլինիկաներից մեկը: Այդ մասին հայտնել է Նավալնիի մամուլի խոսնակ Կիրա Յարմիշը:
«Ալեքսեյին տեղափոխող օդանավը մեկնել է Բեռլին: Մեծ շնորհակալություն բոլորին իրենց աջակցության համար: Ալեքսեյի կյանքի և առողջության համար պայքարը նոր է սկսվում, և դեռ անցնելու շատ բան կա, բայց այժմ գոնե առաջին քայլն արվել է», - գրել է Յարմիշը Twitter-ում:
Օդանավն Օմսկ քաղաքի օդանավակայանից մեկնել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին: Դրանից երկու ժամ առաջ Յարմիշը հայտնել էր, որ Նավալնիին շտապօգնության մեքենայով տեղափոխել են օդանավակայան:
Օմսկի հիվանդանոցի բժիշկները նշել էին, որ Նավալնիի վիճակը որոշակիորեն կայունացել է: Թեև նրանք պնդել էին, որ նա կարող է բուժում ստանալ հենց Օմսկում, սակայն հարազատների պնդմամբ նրան Բեռլինում գտնվող Charite բժշկական կլինիկա տեղափոխելու և բուժումն այդտեղ շարունակելու որոշում էր կայացվել: