1415 դիտում
16:59 25-08-2020
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ընտրել է նախագահ և քարտուղար
ԵՊՀ-ում այսօր տեղի ունեցած Հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում նախագահ է վերընտրվել «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր Գևորգ Մուրադյանը, իսկ քարտուղար է ընտրվել ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանը: Տեղեկացնում ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։
Նոր կազմով Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի՝ նախապես ուղարկված և հաստատված օրակարգային առաջին հարցով նախատեսված էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, իսկ երկրորդ հարցով՝ քարտուղարի ընտրությունը։
ՀԽ նախագահի պաշտոնում ԵՊՀ ՈԻԽ նախագահ Դավիթ Ափոյանն առաջադրեց ՀԲԸՄ-ի հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանի թեկնածությունը՝ փաստելով, որ նա ղեկավարում է ամենամեծ համահայկական կառույցը, աշխատում բարերարների ու գործարարների հետ. «Նա իր պրոֆեսիոնալիզմով և հմտություններով կկարողանա կազմակերպել ֆինանսական ներհոսքը դեպի համալսարան և այն ավելի կայուն դարձնել: Բացի դրանից՝ կմեծացնի համալսարանի համագործակցության շրջանակը»:
Վազգեն Յակուբյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, նշեց, որ առաջարկությունն անակնկալ էր, և ասաց, որ ծանրաբեռնվածությունից ելնելով՝ ստիպված է մերժել առաջարկությունը, քանի որ ըստ նրա՝ ՀԽ նախագահի պարտականությունը բավականին ծանր և պատասխանատու գործ է, իսկ համատեղումն արդյունավետ չէ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն առաջադրեց «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Գևորգ Մուրադյանի թեկնածությունը՝ նշելով, որ վերջինս համալսարանական է, դաշտում ընկալելի մարդ է, սրտացավ համալսարանի հանդեպ. «Նա մի մարդ է, որն անկախ տարբեր դրսևորումներից՝ պաշտպանում է համալսարանի շահը»:
Երևանի պետական համալսարանի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանն առաջադրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի թեկնածությունը՝ փաստելով, որ համալսարանի ռազմավարության և տեսլականի համաձայն՝ ԵՊՀ-ն որպես հետազոտական բուհ կերտելու ակնկալիք կա, և որ Ս. Հայոցյանի՝ գիտության ոլորտում կազմակերպական աշխատանքները համակարգելու փորձառությունը կարող է այդ հարցում նպաստավոր լինել համալսարանի համար: Սարգիս Հայոցյանը հրաժարվեց իր թեկնածությունից:
Գևորգ Մուրադյանը, լինելով նախագահի միակ թեկնածուն, ներկայացրեց իր կենսագրությունը՝ նշելով, որ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: Աշխատել է ԵՊՀ-ում՝ որպես գիտաշխատող, ավագ գիտաշխատող և դասախոս: Մասնակցել է մի շարք դրամաշնորհային և հետազոտական ծրագրերի: Գիտական գործունեություն է իրականացրել ԱՄՆ-ում, Իտալիայում և Գերմանիայում: Եղել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականը, իսկ հետո՝ գլխավոր խորհրդականը:
Գևորգ Մուրադյանին ՀԽ անդամները հղեցին տարաբնույթ հարցեր, մասնավորապես բուհի կառավարման ձևաչափի, տարբեր գործընթացներում մասնակցայնության, թափանցիկության ապահովման վերաբերյալ և այլն:
Ըստ Գևորգ Մուրադյանի՝ համալսարանի խնդիրները շատ են՝ սկսած կադրային քաղաքականությունից և ավարտած ֆինանսավորման հարցերով: Առկա պայմաններում, նրա համոզմամբ, ԵՊՀ ռեկտորը պետք է լինի կառավարիչ-մենեջեր և ունենա գիտնական տեղակալներ, այլ ոչ հակառակ տրամաբանությամբ: Նա նշեց, որ այս ընթացքում քննարկվել են մի շարք հիմնախնդիրներ, տարվել են բանակցություններ, և մշակվել լուծման եղանակներ:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների 18 կողմ ձայներով Գևորգ Մուրադյանը վերընտրվեց ՀԽ նախագահ:
[img]https://st0.shamshyan.com/editor/0233178001598358116292605.jpg[/img]
Քարտուղարի պաշտոնում ԵՊՀ ասպիրանտ Ամալյա Սողոմոնյանն առաջադրեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով, որ վերջինս 4 տարի աշխատել է այդ պաշտոնում և գերազանց կատարել իր պարտականությունները: Գ. Մուրադյանը ևս հավանության արժանացրեց առաջարկը:
[img]https://st0.shamshyan.com/editor/0979081001598358270956993.jpg[/img]
Միքայել Մալխասյանն իր ելույթում նշեց, որ կարևորն իրավական ընթացակարգին հետևելու գործելաոճն է: Մ. Մալխասյանի թեկնածությունը հաստատվեց ՀԽ անդամների 29 կողմ ձայներով:
Նմանատիպ նյութեր
1224 դիտում
10:22 29-08-2020
Ինչու ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը չի ընտրել ռեկտոր. «Ժամանակ»
2937 դիտում
11:57 22-01-2019
Գևորգ ՄուրադյանՆ ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, իսկ Արթուր Իսրայելյանը՝ խորհրդի քարտուղար
4573 դիտում
11:12 19-06-2018
Բարձրագույն դատական խորհուրդն ընտրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ
Այս բաժնից
910 դիտում
20:20 25-10-2024
Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվե նախաձեռնելու ստորագրահավաքն ավարտված է
1126 դիտում
20:06 25-10-2024
Ներկայացվել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները
1069 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար