211652_close_icon
views-count1543 դիտում article-date 13:36 16-09-2020

Նախատեսվում է իրականացնել խոշոր հարկ վճարողների ռիսկերի կառավարման բիզնես գործընթացների քարտեզագրում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ընթացքում ներկայացվել են Համաշխարհային Բանկի կողմից Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի շրջանակներում իրականացված «Հարկ վճարող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի 2020թ. ընտրանքային հետազոտության» և «Հետստուգումային հարկային կարգապահության մոնիթորինգի» արդյունքները: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հետազոտության նպատակն է կատարելագործել ՊԵԿ ռիսկերի կառավարման համակարգը, ինչպես նաև ներդնել հետստուգումային կարգապահության մոնիտորինգի գործիքակազմ` կիրառելով միջազգային լավագույն փորձը: Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել աշխատանքները և առաջին փուլով իրականացնել խոշոր հարկ վճարողների ռիսկերի կառավարման բիզնես գործընթացների ամբողջական քարտեզագրում: Ի դեպ, ՊԵԿ-ի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկել է նաև մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը, որի ընթացքում կատարվելու է մաքսային օրենսդրության, վարչարարության տարբեր ուղղությունների, ինչպես նաև մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումների գնահատում: «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագիրն ուղղված է ՊԵԿ կառուցվածքային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցով հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների և եկամուտների թիրախավորված հավաքագրման բարելավմանը, ռիսկերի կառավարման և պարտավորությունների կատարման ռազմավարության մշակմանը:

Նմանատիպ նյութեր