Հենրիխ Մխիթարյան. Ադրբեջանի հարձակումը ենթակա է վճռական դատապարտման
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լեռնային Ղարաբաղի դեմ դեռևս շարունակվում են ծանր ռազմական մարտերը, երկու կողմերից շատ զոհեր կան: Ռմբակոծության է ենթարկվում նաև Հայաստանի Հանրապետության տարածքը։ Սեպտեմբերի 27-ի առավոտից սկսված և քաղաքացիական բնակչության դեմ ուղղված Ադրբեջանի հարձակումը ենթակա է վճռական դատապարտման։ Բռնության և մարդկության դեմ հանցագործությունների անհապաղ դադարեցումն անհետաձգելի և կենսական նշանակություն ունի: Թուրքիան պետք է դադարեցնի այդ հարձակմանն ուղղված ցանկացած աջակցություն, ներառյալ՝ օտարերկրյա ահաբեկիչ գրոհայինների հավաքագրումը հայերի վրա հարձակվելու համար»,- գրել է Մխիթարյանը։
Մարզիկը նաև կոչ է արել «միջազգային հանրությանը և դաշնակիցներին շտապ միջոցներ ձեռնարկել ևս մեկ Ցեղասպանությունից խուսափելու համար»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Լույս սեպտեմբերի 28-ին մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեցել են նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։