2183 դիտում
16:55 29-09-2020
Կամավորական խմբերը առաջին անհրաժեշտության պարագաներ են հավաքում Արցախի համար
Արցախի բնակիչներին, մարտի դաշտում կռվող զինվորներին աջակցելու նպատակով ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում ձևավորվել են կամավորական խմբեր, որոնք առաջին անհրաժեշտության պարագաներ են հավաքում`Արցախ ուղարկելու նպատակով:
«[url=https://armenpress.am/arm/news/1029451.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հավաքում է չոր սննդի փաթեթներ, առաջին անհրաժեշտության պարագաներ, մեծահասակների, մանուկների համար նախատեսված հագուստ:
Մեզ հետ զրույցում թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանն ասաց, որ հիմնականում հագուստ են բերում, ծխախոտ, սնունդ: Նա նշեց, որ հավաքվածը հասցեատերերին կհասցնեն Լոռու մարզպետարանի աջակցությամբ։ Ակցիան մեկնարկել է սեպտեմբերի 28-ին և շարունակվում է սեպտեմբերի 29-ին:
Նախաձեռնություններից մեկին, որն իրականացնում են դերասան Ռաֆայել Երանոսյանը, հաղորդավար, հումորիստ Գարիկ Պապոյանը և այլք, միացել է նաև երգիչ Արամ MP3-ն, որը «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում տեսաուղերձ է տարածել` նշելով, որ սեպտեմբերի 29-ին` 18:30-23:00-ն ակցիա են իրականացնելու Բրազիլիայի հրապարակում և խնդրում են միայն ծխախոտ բերել, քանի որ սեպտեմբերի 28-ին Երևանի պետական կամերային թատրոնի մոտ կազմակերպված օգնության մարդասիրական նախաձեռնության շրջանակում հավաքել են այն, ինչ անհրաժեշտ է:
Մեզ հետ զրույցում Արամ MP3-ն ասաց, որ փորձում է համացանցի օգնությամբ հնարավորինս տեղեկություն տարածել իրականացվող ակցիայի մասին, ինչպես նաև ժողովրդի լայն շրջանակին հասցնել ՀՀ կառավարության, ՀՀ պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկությունները:
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները նույնպես ձեռքերը ծալած չեն նստել: Նրանք համալսարանի դիմաց սեպտեմբերի 28-ի առավոտից սկսել են առաջին անհրաժեշտության ապրանքների հավաքագրումը, որը շարունակվում է նաև սեպտեմբերի 29-ին: Երիտասարդները հավաքում են չփչացող սնունդ, քաղցրեղեն, ծխախոտ, բինտ, բամբակ, ժգուտ, բժշկական սպիրտ և այլ պարագաներ: Ուսանող Արման Հարությունյանը, որն ստանձնել է գործընթացը համակարգելու պատասխանատվությունը, ասաց, որ մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու գործում իրենց աջակցելու է պաշտպանության նախարարությունը:
«Մենք արկղներում տեսակավորել ենք հավաքված ապրանքները` առանձնացնելով սնունդը, բժշկական պարագաները, հագուստը և այլն»,- շեշտեց նա ու հավելեց, որ ակցիան շարունակվում է, և մարդիկ շատ ակտիվ են: «Ինչքան հնարավոր է, պետք է օգնենք մեր զինվորներին»,- եզրափակեց նա:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը բազմաթիվ նամակներ և հեռախոսազանգեր է ստացել կազմակերպություններից և անհատներից՝ Զինված ուժերի կարիքների համար իրային պարագաներ և սննդամթերք նվիրաբերելու առաջարկով:
Պաշտպանության նախարարությունը Երևանում գործընթացը կանոնակարգելու և անհրաժեշտ նյութական միջոցների վերաբերյալ տեղեկություններ ճշտելու համար առաջարկել է դիմել ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչություն (հեռ.՝ 010-29-46-37): Նվիրաբերվող միջոցներն անհրաժեշտ է դասակարգել ըստ իրային և սննդի խմբաբաժինների, ունենալ ապրանքային միավորների նկարագրություն (տեսակ, քանակ և այլն):
Նմանատիպ նյութեր
1285 դիտում
18:21 18-05-2023
ԿԽՄԿ-ն Լաչինի միջանցքով այսօր Արցախ է տեղափոխել դեղորայք և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
580 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին